Սա՞ է այն «եվրոպական ժողովրդավարությունը», որը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Աաաաաա՛, դե ծնգլ արիք…»․ հենց այս բառերով է Գյումրու կենտրոնական հրապարակում գերիների վերադարձի մասին հարցին արձագանքել ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ։ Մի պահ թվում էր՝ ոչ թե երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն է խոսում, այլ պատահական անցորդ, որին անհարմար հարցով «անկյուն են քշել»։ Ու սա ասում է այն իշխանության ներկայացուցիչը, որի քաղաքական ղեկավարը դեռ 2021-ին հրապարակավ հայտարարում էր, թե գերիները «կներեն», եթե մի երկու ամիս ավել մնան գերության մեջ։ Այսինքն՝ հազարավոր ընտանիքների ողբերգությունը, անհետ կորածների ճակատագիրը, գերիների վերադարձի ցավոտ հարցը նրանց համար վաղուց վերածվել է կամ նյարդայնացնող թեմայի, կամ հեգնանքի առարկայի։ Երբ պետությունը չի կարողանում վերադարձնել իր քաղաքացիներին, գոնե պարտավոր է լռել արժանապատվությամբ։ Բայց, փաստորեն, այս իշխանության դեպքում նույնիսկ դա է չափազանց մեծ պահանջ։
Իսկ ՔՊ-ական պատգամավորի թեկնածու ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ բաց տեքստով հայտարարել է, որ փորձում են Հայաստան ներմուծել ուկրաինական սցենարը։ Ասում է՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ: «Ի՜նչ հիանալի «օրինակ» են գտել․ պատերազմից քայքայված երկիր, խուզարկվող ու օկուպացվող վանքեր, ծեծված եկեղեցականներ, հոգեւորականների դեմ գործեր, պետության կողմից եկեղեցական կյանքի վերահսկողություն, հավատացյալ հասարակության պառակտում։ Ահա սա՞ է այն «եվրոպական ժողովրդավարությունը», որը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին։ Գալու է պատասխան տալու ժամանակը, եւ սա ու իր նմանները կանգնելու են հայ ժողովրդի, հայրենիքի ու Աստծո դատաստանի առաջ», - արձագանքելով Գաբրիելյանին՝ գրել է Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը: Փաստորեն, իշխանական շրջանակներում արդեն առանց ավելորդ քողարկումների, խոսում են եկեղեցու դեմ պայքարի «նոր մոդելների» մասին՝ օրինակ բերելով մի երկիր, որտեղ կրոնական ու հասարակական հակասությունները վաղուց վերածվել են պետական ճգնաժամի։ Իսկ թե ինչ հետեւանքների կարող է բերել նման վտանգավոր «ներշնչանքը» հայկական իրականության մեջ, դժվար չէ պատկերացնել։
Ընդդիմությունը եւս շարունակում է զարմացնել իր տարօրինակ հայտարարություններով: «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ընդգծել է. «Չենք կանգնեցնելու պետական մակարդակով ստորագրված ոչ մի փաստաթուղթ, բայց չենք անելու այն, ինչ գրված է»: Ստացվում է՝ փաստաթուղթը ուժի մեջ է մնալու, բայց դրանում ամրագրված պարտավորությունները չե՞ն կատարվելու։ Եթե սա քաղաքական նոր՝ «մեր ձեւով» «բանաձեւն» է, ապա թերեւս հանրությունը դեռ երկար պիտի փորձի հասկանալ՝ ինչպես կարելի է միաժամանակ եւ՛ ընդունել փաստաթուղթը, եւ՛ չկատարել այն։ Ընդ որում, նման հայտարարությունները հնչում են այն պարագայում, երբ նույն ընդդիմությունը իշխանություններին մշտապես մեղադրում է պետական ինստիտուտները արժեզրկելու մեջ։ Այժմ, փաստորեն, իրենք են առաջարկում միջազգային ու պետական փաստաթղթերը վերածել պարզապես թղթի կտորի։ Բայց այս ոճը մեզ հիշեցնում է հենց Նիկոլ Փաշինյանին, որը կարող է անգամ երդվել, հետո ասել նման բան չեմ ասել, կարող է ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հետո անտեսել այն, ասել, որ դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դուրս չգալ ու այսպես շարունակ:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

