Վրաստանում պարգեւատրում են, Հայաստանում՝ փորձում զրկել շենքերից
Մշակութային«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ՄՇՏԱՊԵՍ ԹԵՐՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է»
Վրաստանում մայիսի 5-10-ն անցկացվել է միջազգային գրական փառատոն, որին մասնակցում էին գրողներ, թարգմանիչներ եւ գրականագետներ Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Թուրքիայից եւ Հայաստանից։
Հայաստանից հրավիրված էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը եւ գրող-հրատարակիչ Անուշ Վարդանյանը։
Յոթ երկրների ներկայացուցիչ գրողների շարքում պատվավոր մրցանակին արժանացավ Էդվարդ Միլիտոնյանը՝ «Հայոսը Քարթլոսի մասին» գրքի եւ հայ-վրացական գրական կապերի գործում ունեցած ներդրման համար։ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին նրան հանձնեց Սայաթ-Նովայի անվան մրցանակը։
Փառատոնի շրջանակում Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Ծիծեռնակ» հրատարակչությունում՝ Անուշ Վարդանյանի ղեկավարությամբ եւ ներառում է Վրաստանին ու նրա մշակույթին նվիրված ստեղծագործություններ, ինչպես նաեւ վրացի բանաստեղծների թարգմանություններ։
Փառատոնի ավարտին հյուրերը պարգեւատրվեցին ոսկե մեդալներով։ Հատկանշական է նաեւ, որ Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները տարիներ առաջ սկսվել էին Գրողների միության ջանքերով՝ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ, իսկ նրա մահից հետո աշխատանքը շարունակել է Էդվարդ Միլիտոնյանը։ Այսօր թանգարանն արդեն շուրջ տասը տարի գործում է՝ ծառայելով հայ-վրացական գրական կապերի եւ համայնքային մշակութային կյանքի զարգացմանը։
Սակայն ցավալին այն է, որ մինչ Վրաստանում գնահատում ու արժեւորում են հայ գրողներին, Հայաստանում շարունակում են դատական գործընթացները՝ կապված գրողների եւ ստեղծագործական միություններ շենքերի սեփականության իրավունքի հարցի հետ։ Այս թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։
«ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ»
— Պարոն Միլիտոնյան, շնորհավորում ենք Ձեզ Սայաթ-Նովայի անվան մրցանակի կապակցությամբ։ Ովքե՞ր էին մասնակցում փառատոնին, եւ ինչպե՞ս անցավ այն։
— Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Վրաստանի գրական փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Հրավիրված էին գրողներ Իտալիայից, Հայաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից եւ Թուրքիայից։ Փառատոնի ընթացքում անցկացվեցին տարբեր երկրների օրեր, այդ թվում՝ Հայաստանի օրը։ Ներկայացվեցին մեր գրքերը, ընթերցվեցին իմ եւ Անուշ Վարդանյանի ստեղծագործությունները, տեղի ունեցան քննարկումներ։
Թումանյանի թանգարանում կազմակերպվեց նաեւ Ղազախստանի օրը, որտեղ ղազախ գրողները ներկայացրին իրենց գրականությունը։ Ընդհանուր առմամբ, տարբեր հանդիպումների ընթացքում ներկայացվում էր ժամանակակից հայ գրականությունը։
— Ինչպիսի՞ սկզբունքով են ընտրվում մասնակիցները եւ մրցանակակիրները:
— Մեզ հրավիրել էին անհատապես, ոչ թե մեր Գրողների միության առաջարկով։ Հիմնականում հրավիրում են այն գրողներին, ովքեր կապ ունեն վրաց գրականության հետ՝ թարգմանություններ են անում, գրքեր գրում կամ զբաղվում մշակութային համագործակցությամբ։ Սայաթ-Նովայի մրցանակը գործում է դեռեւս անցյալ տարվանից: Այն ինձ շնորհվեց Վրաստանի գրողների միության կողմից՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար։ Փառատոնի մասնակիցներն էլ արժանացան ոսկե մեդալների՝ իրենց գրական գործունեության ու ելույթների համար։
— Նախատեսվո՞ւմ են նոր համատեղ ծրագրեր վրացի գրողների հետ։
— Իհարկե։ Մենք շարունակելու ենք թարգմանական աշխատանքները։ Ամեն տարի Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների հավաքներին հրավիրում ենք վրացի երիտասարդ եւ ավագ գրողների։ Նրանք մասնակցում են նաեւ մեր փառատոներին ու Թարգմանչաց տոնին։ Վրացի գրողների մի մասն արդեն մրցանակներ է ստացել հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար։ Մեր բարեկամական եւ մշակութային կապերը վրաց ժողովրդի հետ շարունակվելու են:
«ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԳՐԵԼ ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՏ ՔԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԱՐՎԵԼ»
— Ի՞նչ է Ձեզ համար նշանակում այս ճանաչումը՝ հատկապես Վրաստանում։
— Վերջին տասը տարիների ընթացքում ես փորձել եմ տարբեր ժողովուրդների գրականության եւ մշակույթի մասին հայ գրողների ստեղծագործություններն ամփոփել առանձին ժողովածուներում։ Արդեն հրատարակել եմ 6 գիրք՝ նվիրված տարբեր երկրներին` Ռուսաստանին, Ֆրանսիային, Իրանին, Լեհաստանին, Վրաստանին, Ամերիկային։
Մենք սովորաբար սիրում ենք ընթերցել, թե ուրիշ ժողովուրդների գրողներն ինչ են գրել հայերի մասին։ Բայց հակառակ ուղղությամբ՝ թե մենք ինչ ենք մտածել ու գրել այլ ժողովուրդների մասին, շատ քիչ աշխատանք է արվել։ Ես փորձել եմ լրացնել այդ բացը։
2015 թվականին Ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները հրատարակեցինք ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններով։ Գերմաներեն հրատարակությունը նույնիսկ Գերմանիայում եւ Ավստրիայում վերահրատարակվեց։ Այս ամենը ես համարում եմ կարեւոր մշակութային առաքելություն։
— Ինչպիսի՞ արձագանքներ եղան արտերկրում։
— Գերմանիայում, Ավստրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում կազմակերպվեցին հանդիպումներ ընթերցողների եւ գրողների հետ։ Մի քանի օր առաջ ՀՀ-ում Իրանի դեսպանն էր հրավիրել ինձ։ Այդ գրքերը նպաստել են մշակութային կապերի ամրապնդմանը։
Վրաստանում արդեն սկսել են գրքի որոշ հատվածների թարգմանությունները, իսկ Իրանում այն նախատեսվում է ամբողջությամբ հրատարակել։ Այս աշխատանքը շարունակելու եմ, որովհետեւ մենք մշակութային ժողովուրդ ենք եւ պարտավոր ենք զարգացնել այդ կապերը։
«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»
— Վրաստանում հայ գրողներին պարգեւատրում են, մինչդեռ Հայաստանում փորձում են զրկել գրողներին շենքերից։ Ինչպե՞ս են ընթանում դատական գործընթացները։
— Արդեն երկու տարի եւ չորս ամիս է՝ ստեղծագործական միությունների սեփականության հարցը ՀՀ վարչական դատարանում անընդհատ ձգձգվում է։ Երբեմն գործընթացը մտնում է փակուղի, երբեմն նոր հիմնավորումներ են հայտնվում դատախազության կողմից։
Շատերը կարծում են, թե որոշումը միտումնավոր հետաձգվում է մինչեւ ընտրություններից հետո։ ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը ոչ մի նիստի չի մասնակցել, իսկ վերջին նիստին դատախազության ներկայացուցիչն էլ ներկա չէր։
Ես դեռ հավատում եմ արդար դատավարությանը, որքան էլ ոմանց դա միամիտ թվա։ Այս իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացրել ստեղծագործական միություններում։ Ցավոք, նախորդ խորհրդարանում այս խնդրին գրեթե չեն անդրադարձել։
Մշակույթի ոլորտը մշտապես թերֆինանսավորվում է։ Տարիներ շարունակ խոսվում է մեկենասության մասին օրենքի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն հարցը չի լուծվում։ Մինչդեռ Վրաստանում կրկին վերականգնվել է Մշակույթի նախարարությունը։ Կցանկանայի, որ ապագա խորհրդարանն ավելի մեծ ուշադրություն դարձնի մշակույթին ու գրականությանը՝ որպես ազգային ինքնության հիմքի։
— Գրողների միությանը հաճախ քննադատում են հասարակական ու քաղաքական իրադարձություններին ակտիվ չարձագանքելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Գրողների միությունը մանկապարտեզ չի։ Մեր միությունում կան տարբեր մտածողության, տարբեր քաղաքական հայացքների եւ տարբեր ստեղծագործական մակարդակների մարդիկ։ Մեկը կարող է հոդված գրել, մյուսը՝ ոչ։ Ոչ ոք իրավունք չունի գրողին թելադրելու՝ ինչ մտածել կամ ինչ գրել։
Ոմանք դեռ ապրում են խորհրդային միակուսակցական մտածողությամբ եւ ուզում են, որ բոլոր գրողները նույն դիրքորոշումն ունենան։ Բայց այսօր յուրաքանչյուր գրող ազատ է արտահայտելու իր միտքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում կամ իր գրքերում։
Գրողների միության գործառույթը մարդկանց ստեղծագործելու, ներկայացնելու եւ քննարկելու հնարավորություն տալն է, ոչ թե նրանց պարտադրել, թե ինչ պետք է ասեն։ Ամեն գրող ունի իր աշխարհայացքը, եւ դա պետք է հարգել։ Մեր «Գրական թերթ»-ը մշտապես անդրադառնում է կարեւոր խնդիրների արծարծմանը: Այդ թեմաներով ինքս բազմաթիվ հոդվածներ եմ հրատարակել, հարցազրույցներ տվել, հրապարակախոսական գիրք հրատարակել: Գուցե չեն կարդում, տեղյակ չեն: Մեր գրողներից ոմանք ակտիվ են սոցցանցերում, ԶԼՄ-ներում: Ով բան ունի ասելու, գրում է, ելույթ ունենում: Գուցե նախընտրական շրջանի ագրեսիվ խոսույթներում դրանք չեն նկատվում: Բայց գրողը ինչ որ չափով հեռու է նման ցածրակարգ բառապաշարով ելույթներ ունենալուց: Վերջապես հայերենը պիտի գրողը պահպանի ու բարձրացնի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

