Թքած ունենալով գյումրեցու կարծիքի վրա՝ Նիկոլը ցանկանում է իր քաղաքապետն ունենալ Գյումրիում. Համբարյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ի զրուցակիցը Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ է:
— Ինչե՞ս կգնահատեք օրերս Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Գյումրիում: Իսկապե՞ս հրապարակը գրեթե դատարկ է եղել:
— Չեմ ասի` հրապարակը դատարկ էր: Գոնե նախկին հանդիպման հետ համեմատած՝ մարդաշատ էր: Բայց եթե հաշվի առնենք, որ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակը կարող է տեղավորել 20-30 հազար մարդ, ապա նույն նիկոլական Դանիել Իոաննիսյանի տվյալներով, ընդամենը հավաքվել է 7700 մարդ: Նաեւ եթե հաշվի առնենք, որ ահռելի քանակությամբ Երեւանից մարդիկ էին բերել, գյուղերից էլ մարդիկ կային, հատկապես Ախուրյանից, Ամասիայից, Աշոցքից, ինչպես նաեւ այնտեղ էին տեղի ոստիկանությունն ու ՔՊ-ականները, ապա կտեսնենք, որ բավական քիչ էր իրական գյումրեցին:
Ճիշտ է, ինչպես միշտ, Նիկոլին սպասարկող լրատվամիջոցները սկսեցին հարմարավետ եւ համապատասխան ռակուրսներից լուսանկարներ հրապարակել, սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ «Յոթ վերք» եկեղեցու կողմից նկարահանված մասում երեւում է, որ Վարդանանց արձանախմբից դեպի ներքեւ էլ չի երեւում: Դա պատահական չի արվել, որովհետեւ հրապարակի շատրվանի հատվածը մինչեւ բանկերը լրիվ դատարկ էին: Դատարկ էր նաեւ նույն ՔՊ-ի գրասենյակի տարածքը, «Յոթ վերք» եկեղեցու դիմացի մասը, «Ամենափրկիչ» եկեղեցու դիմացը: Փաստորեն, կարելի է կոնկրետ ապացույցներով նշել, որ հրապարակի ընդամենը բեմի դիմացի մասն էր լցված միայն:
Ի դեպ, նշեմ, որ բեմն էլ էին հետաքրքիր կերպ տեղադրել՝ շատ ավելի առաջ էին եկել քաղաքապետարանի շենքից եւ տեղադրել էին երթեւեկելի գոտու մեջտեղում, որի արդյունքում բեմի հետնամասը լրիվ դատարկ էր: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլը ձախողեց:
— Պարոն Համբարյան, իսկ առհասարակ, ինչպիսի՞ն է գյումրեցու տրամադրվածությունը:
— Գյումրեցին հերթական անգամ ցույց տվեց իր մոտեցումը, որը «ոչ»-ն է: Եկեք օբյեկտիվ ընդունենք եւ նկատենք, որ նույնիսկ այս իշխանությունների կողմից կազմակերպված ֆեստիվալներին ավելի շատ մարդիկ են հավաքվում, քան իրենց քարոզարշավին: Այնպես որ, այն թեզերը, թե իբրեւ Գյումրին ցնծությամբ եւ լեփ-լեցուն հրապարակով դիմավորել է ՔՊ-ին, իրականությանը չի համապատասխանում: Դա կեղծիք է ու սուտ: Իրենք փորձում են, իրենց հերթական գյումրվա տապալումը ներկայացնել որպես հաղթանակ:
—Բայց չէ՞ որ ստացվում է ինքնախաբեություն: Ընտրության օրը ամեն բան պարզ է դառնալու:
— Իհարկե, բայց այդ մարդը արհամարհած ունի ընտրության արդյունքները: Ինքը եկել էր Գյումրի եւ հայտարարեց, որ հունիսի 7-ից հետո, երբ ինքը վերընտրվի, ապա նոր ՏԻՄ ընտրություններ է կազմակերպելու: Սա նշանակում է, որ նա արհամարհած ունի գյումրեցու ընտրությունը եւ թքած ունենալով գյումրեցու կարծիքի վրա՝ ցանկանում է իր քաղաքապետը ունենալ Գյումրիում: Ինքն իրեն ժողովրդավար է ներկայացնում, բայց նա դասական դեսպոտ է եւ ֆաշիստ:
Տեսեք, ԱՄՆ-ի նման երկրի ղեկավարը՝ Թրամփը շատ հանգիստ ընդունեց ԱՄՆ-ի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքներից մեկի` Նյու Յորքի բնակչության ընտրությունը: Բոլորս էլ տեսել ենք, թե Թրամփը ինչ խիստ քննադատության է ենթարկել Նյու Յորքի ընտրված քաղաքապետին, սակայն, ամեն դեպքում չտեսանք, որ քրեական գործեր հարուցվեին, ճնշումներ գործադրվեին եւ այլն, ինչ տեսնում ենք Հայաստանում:
Եկեք նաեւ նկատենք, որ Գյումրու փողոցների մեծ մասը, որոնք քանդված են, դրանք ոչ թե տեղական մարմինների կողմից վերանորոգվող փողոցներ են, այլ հենց պետության կողմից, որոնք Նիկոլը չի անում: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նա եւ իր թիմը մշտապես բողոքում են Անի թաղամասի փողոցներից: Իրականում Անի թաղամասի փողոցների վերանորոգումը չորս տարուց ավելի է` Նիկոլն է խոստացել, որ կանի ու չի անում: Նույն Շիրակացի փողոցը՝ Գյումրիի երկրորդ կարեւորագույն փողոցներից մեկը, որը քաղաքի կենտրոնը կապում է Անի թաղամասի հետ, Նիկոլը չի վերանորոգել արդեն երեք տարի: Հիմա նոր սկսել են ասֆալտապատման աշխատանքները: Օրինակները բազում են: Եվ այսքանից հետո, առանց ամոթի գալիս ասում է ձեր քաղաքը այս վիճակում է, քանի որ դուք սխալ ընտրություն եք կատարել: Այդ մարդը դասական ֆաշիստ է եւ չի ընդունում գյումրեցու ընտրությունը: Մենք այս 8 տարիների ընթացքում բազմիցս ենք տեսել, թե ինչպես է նա արհամարհում ՀՀ քաղաքացու ընտրությունը: Տեսել ենք թե՛ Վանաձորում, թե՛ Ախուրյանում, Ալավերդիում, ու հիմա տեսնում ենք Գյումրիում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

