Իմ հոգեւոր ու մշակութային կյանքը բռնության, զրկանքի ու սարսափի մեջ է. Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Մշակութային«Իրավունք»-ը զրուցել է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, «Գաթա Բենդ» հանրահայտ երաժշտական խմբի համահիմնադիր եւ մեներգիչ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
Վերջին 8 տարիներին նա բազմիցս բարձրաձայնել է, որ իր տան անմիջական հարեւանությամբ կառուցվող 12-հարկանի շենքը քանդման եզրին է հասցրել իր բնակարանը: Սա Մանուկյանի համար դարձել է ոչ միայն գույքային, այլեւ արժանապատվության հարց: Նա այդ տարածքում բնակվում է 1991 թվականից եւ համոզված է, որ իրեն փորձում են զրկել հայրենի օջախից՝ հանուն բիզնես շահերի:
«ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ, ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ԿԱՌԵՐԵՍՎԵՆ ԻՐԵՆՑ ԽՂՃԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
«Մհերի դուռ» կամ «Ագռավու քար», սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ
— Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք հաղթահարում դատական գործընթացներն ու դրանից բխող հետեւանքները։
— Շատ դժվար ու շատ ծանր, 2018թ-ից մինչ այսօր ես, իմ ընտանիքը, իմ հոգեւոր ու մշակութային կյանքը եղել է բռնության, զրկանքի ու սարսափի մեջ։
— Ձեր ունեցած քաղաքացիական կեցվածքը, քաղաքական դիրքորոշումը մեդիա դաշտում երբեւէ դժվարությունների առիթ դարձե՞լ է։ Եթե՝ այո, ինչպե՞ս են դա արել: Դա պատմեք օրինակներով:
— Մեդիա դաշտում եղել են, կան, կլինեն խոչընդոտներ, բայց ես այդ ամենը Արարչի կամքով եւ նվիրյալ մարդկանց օգնությամբ, տարբեր իրական փաստերով բացահայտել ու բացահայտելու եմ մարդկային անարդար, չբավարարված գործողությունները, եւ կգա ժամանակը, հանցագործները կառերեսվեն իրենց խղճի եւ իրականության հետ:
— Երկրում տիրող իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Ձեզ վրա։
— Ինչպես բարեպաշտ եւ աստվածասեր նվիրյալ հայ մարդու վրա, ում բռնանում են, զրկում իրավունքներից, կտրում իր բնօրրանից:
«ԵԹԵ ԿԱՆ ԹՈՒՐՔԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՄԱՐԴԻԿ, ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊՐԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ, «ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻՆ ԿՎԱՅԵԼԵ»
Արարատ լեռան մոտ՝ Արևմտյան Հայաստանում «Տեր ողորմյա» ֆիլմի նկարահանումների ժամանակ
— Ի՞նչ կարծիք ունեք իշխանության եւ եկեղեցու պայքարի վերաբերյալ։
— Ամոթն ու պարկեշտությունն է վերանում, որոշ մարդիկ շաղախվել են նյութի, իշխանության, այլասերության մեջ՝ կորցնելով ամենաջերմ ու ամենաթանկ հարաբերությունները, սրբությունները, չի պատժվում հանցագործը, չկա պատասխանատվություն, եւ ինչպես Քրիստոսն է ասել. «Իրենք չգիտեն՝ ինչ են անում»:
— Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է թուրքի, ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։
— Թուրքը իմ դարավոր թշնամին է եղել, կա, կմնա, եթե կան թուրքի տեսակի եւ որակի մարդիկ, կարող են ապրել իրար հետ, «նմանը նմանին կվայելե»:
Արեւմտյան Հայաստանում՝ Վանա լճի մոտ
— ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանվել է։ Որպես ազգագրական երգերի կատարող՝ ի՞նչ կասեք այն մասին, որ մեր երկրի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, հանվել է կնիքից:
— Դա ինձ համար ամենամեծ զրկանքն է, բռնությունն է մտքի, հիշողության, գեների, խղճի, նախնիների, պատմության, ստեղծագործական ակունքներիս ցեղասպանությունը:
«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԻՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՎՐԱ»
Արևմտյան Հայաստանի Մշո Սուրբ Կարապետ վանքում
— Մի՞թե մեր գենետիկ հիշողությունից հնարավո՞ր է ջնջել անցյալը՝ Արարատը, ցեղասպանությունը, Արցախը, մեր զոհերի արյան վրեժը եւ հարեւանություն անել մեր ոխերիմ թշնամու հետ։
— Ես չեմ ծնվել Արեւմտյան Հայաստանում, որտեղ ապրել են իմ նախնիները՝ Սասուն եւ Մուշ, բայց ծնվելով Արագածի լանջերին, նույն հիշողությամբ եւ գենետիկ կապով արարում, ստեղծագործում, ապրում եմ այն բառն ու բանը, կենցաղը, սովորույթները, ծեսերը, որտեղից սերել են իմ ակունքները:
— Երգարվեստում նորություններ, նոր ծրագրեր ունե՞ք։
— Այո, ունեմ, շուտով կլինեն գեղեցիկ անակնկալներ, նոր եմ ԱՄՆ-ից վերադարձել, կան բազմաթիվ հրավերներ աշխարհի տարբեր տեղերից եւ աշխատում եմ արդեն մի քանի տարի իմ պատմական ֆիլմի վրա՝ «Թե ինչ բան է հայ էթնիկ ընտանիքը իր տեսակով, բնույթով, ծեսերով եւ աշխարհով»:
«ՀԵՏԱՄՈՒՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ…»
Անդրադառնալով տան հետ կապված դատական նոր գործընթացներին՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի փաստաբան ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հավելեց. «Մենք ունենք օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտեր, որոնցով թեեւ արձանագրված է Անդրանիկ Մանուկյանի իրավունքների խախտման փաստը, սակայն իրավասու պետական մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկում այդ խախտումը վերացնելու ուղղությամբ։
Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ թեեւ արձանագրվել էր Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի խախտման եւ ապօրինի սեփականազրկման փաստը, սակայն Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից ընդամենը 5 օր անց Երեւանի քաղաքապետի կողմից կրկին տրվել է շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն՝ արտոնելով ապօրինի շինարարական աշխատանքների կատարումը։
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2025 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ ընդունել է վարույթ, իսկ 2026 թվականի մարտի 30-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ փաստաբան Առնոլդ Վարդանյանի բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2024 թվականի օգոստոսի 21-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մերժելու մասին» որոշումը վերանայվել է, եւ նախկինում ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ։ Նշված գործով դեռեւս վերջնական որոշում չի կայացվել, եւ գործը գտնվում է քննության մեջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում։
Ավելին, թեեւ առկա են հարուցված քրեական վարույթներ շինարարական փաստաթղթերի կեղծիքներով, անհամապատասխանություններով, նորմատիվային պահանջների խախտումներով շինարարության կատարման վերաբերյալ, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվում Անդրանիկ Մանուկյանի՝ որպես տուժողի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Մինչ օրս քրեական վարույթն իրականացնող քննիչի կողմից հետեւողականորեն մերժվում են Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացվող բողոքները, որոնք նաեւ հաստատվում են դատախազության կողմից, իսկ դատական կարգով՝ նշված որոշումների դեմ ներկայացվող բողոքների բավարարման որոշումներն ի կատար չեն ածվում։
Հետամուտ ենք լինելու ապահովել Անդրանիկ Մանուկյանի խախտված իրավունքների վերականգնումը, իրեն եւ իր ընտանիքի անդամներին տարիներ շարունակ կանխամտածված ձեւով հետեւողականորեն պատճառված վնասը հատուցելու եւ անգործություն դրսեւորած իրավասու անձանց պատասխանատվության ենթարկելու համար…»:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

