Մահացել է Կլիմենտ Հարությունյանը՝ պատմական հիշողության անզիջում պահապանը
Թեմա86 տարեկան հասակում կյանքից հեռացել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԼԻՄԵՆՏ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ մարդ, որի ամբողջ կյանքը դարձավ ծառայություն Հայոց պատմությանը, ազգային հիշողությանը եւ հայ ժողովրդի հերոսական անցյալի պահպանմանը։
Նրա մահվան լուրը պարզապես գիտնականի կորուստ չէ։ Դա մի ամբողջ դարաշրջանի ավարտ է։ Հեռացավ մի մարդ, ով տասնամյակներ շարունակ իր ուսերին էր կրում պատմական հիշողության ծանր պատասխանատվությունը՝ ուսումնասիրելով, գրելով, փաստագրելով ու սերունդներին փոխանցելով այն ամենն, ինչ երբեմն մոռացության է մատնվում, երբեմն միտումնավոր խեղաթյուրվում է։
Կլիմենտ Հարությունյանը ծնվել էր 1940 թվականի մայիսի 1-ին Ղափանում՝ այսօրվա Կապանում։ Պատերազմի տարիների երեխա էր։ Հավանաբար հենց այդ սերունդն էլ ձեւավորեց նրա աշխարհայացքը՝ ցավի, կորստի, հաղթանակի եւ հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի միջով։ 1957 թվականին ավարտեց Ղափանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի պատմության բաժինը, որն ավարտեց գերազանցության դիպլոմով։
1966-1968 թվականներին աշխատեց Հայաստանի նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում՝ որպես գիտաշխատող։ Հենց արխիվային այդ լռության մեջ էլ, երեւի, ծնվեց նրա ապագա գիտական ճանապարհը։ Նա սովորեց լսել փաստաթղթերի ձայնը, զգալ մոռացված անունների ճակատագրերը, տեսնել պատմությունը ոչ թե թվերի ու տարեթվերի, այլ մարդկային ողբերգությունների ու հերոսությունների մեջ։
1971 թվականից մինչեւ կյանքի վերջ աշխատեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ 1972 թվականին պաշտպանեց թեկնածուական, իսկ 1994 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։ Նույն թվականից ղեկավարում էր «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմներին» թեմատիկ խումբը։
Նրա հեղինակած մենագրությունները վաղուց արդեն դարձել էին հայկական ռազմական պատմագիտության հիմնասյուներից։ «Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», «Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին», «Հայ զորավարներ եւ զորահրամանատարներ», «Մարշալ Բաղրամյան», «Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյան», «Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» եւ բազմաթիվ այլ աշխատություններ պարզապես գրքեր չէին։ Դրանք հիշողության կենդանի վկայություններ էին։
Առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում նրա «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» աշխատությունը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին։ Այդ գիրքը դարձավ ոչ միայն ռազմական պատմության ուսումնասիրություն, այլեւ հարգանքի տուրք այն հազարավոր հայ զինվորներին, որոնք մարտնչել էին Ղրիմի, Կերչի, Սեւաստոպոլի ճակատներում։
Գրքի շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, վետերաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Այդ օրը շատերն էին ընդգծում, որ Կլիմենտ Հարությունյանը պարզապես փաստեր հավաքող պատմաբան չէր, այլ մարդ, ով կարողանում էր պատմության մեջ վերադարձնել մոռացված ճակատագրերը։
«Այն, ինչ արել է Կլիմենտ Հարությունյանը, մեծ հերոսություն է, որովհետեւ դա հետագայում դառնալու է տարեգրություն… Սա մեր ընդհանուր պատմության նկարագրությունն է»,- ասել էր ՀՀ-ում Բելառուսի այն ժամանակվա դեսպան Իգոր Նազարուկը։
Իսկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել էր. «Այն, որ լույս են տեսնում այսպիսի գրքեր, խոսում է այն մասին, որ Հայաստանում ճշմարտությունը՝ Հայրենական մեծ պատերազմի մասին, գնահատվում է… Կլիմենտ Հարությունյանի աշխատանքը թույլ չի տալիս, որ մոռացվի պատերազմի մասին հիշողությունն ու ճշմարտությունը»։
Իր խոսքում Կլիմենտ Հարությունյանը հաճախ էր հիշատակում Ղրիմի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրումը։ Նրա համար դա պարզապես ռազմական դրվագ չէր, այլ ազգային արժանապատվության պատմություն։ Նա գրում էր այն հայ զինվորների մասին, որոնք կռվել էին մինչեւ վերջին շունչը, այն գեներալների մասին, որոնց անունները ժամանակը երբեմն փորձել էր մոռացնել։
Նրա մասին խոսելիս գործընկերները հաճախ ասում էին՝ Կլիմենտ Հարությունյանը ոչ միայն պատմաբան էր, այլ պատմության զինվոր։
Նա հազարավոր արխիվային փաստաթղթեր էր ուսումնասիրել, անթիվ անուններ վերականգնել, փաստեր ճշտել։ Նրա աշխատություններում պատերազմը երբեք չոր վիճակագրություն չէր։ Այն մարդկային ճակատագրերի, կորստի, ցավի ու հաղթանակի պատմություն էր։
Կլիմենտ Հարությունյանի խոսքում միշտ կար պարզություն, ուղիղություն ու ներքին ազնվություն։ Նա երբեք չէր փորձում հաճոյանալ ժամանակին կամ քաղաքական իրավիճակներին։ Նրա համար պատմությունը սրբություն էր, ազգային արժանապատվությունը՝ մեծագույն արժեք:
Գարեգին Նժդեհի մասին խոսելիս ասում էր. «Նժդեհը մեր ազգային հերոսն է եղել։ Երբեք ֆաշիստ կամ ազգայնամոլ չի եղել»։ Եվ հավելում էր. «Մենք պետք է վառ պահենք Նժդեհի հիշատակը, հպարտանանք Նժդեհով եւ երիտասարդությանը դաստիարակենք Նժդեհի ռազմահայրենասիրական ոգով»։
Նույն ջերմությամբ էր խոսում նաեւ մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին՝ ցավով արձագանքելով նրան ուղղված քննադատություններին. «Բաբաջանյանը երբեք մարդ չի սպանել… Նա ազնվորեն մարտնչել է եւ հաղթել»։ Եվ ավելացնում էր. «Մոսկվան փրկել նշանակում էր փրկել նաեւ Հայաստանը»։
Վերջին տարիներին, երբ աշխարհում ավելի ու ավելի հաճախ էին փորձում վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը, Կլիմենտ Հարությունյանը դա ընկալում էր ոչ միայն որպես գիտական, այլ նաեւ բարոյական վտանգ։
«Այսօր փորձում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրել»,- զգուշացնում էր նա։ Եվ նրա յուրաքանչյուր գիրք իսկապես պայքար էր պատմական կեղծարարության դեմ։
Կլիմենտ Հարությունյանը պատկանում էր այն սերնդին, որի համար գիտությունը ծառայություն էր, ոչ թե կարիերա։ Նա ապրում էր արխիվներում, գրադարաններում, փաստաթղթերի մեջ, բայց երբ խոսում էր, թվում էր՝ իր աչքերի առաջ դեռ կանգնած են պատերազմի դաշտերը, զոհված զինվորները, վերադարձած հերոսները։
Այսօր հայկական պատմագիտությունը կորցրել է իր ամենանվիրված ձայներից մեկին։
Հեռացավ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մի գաղափարի՝ որ ժողովուրդը, որը մոռանում է իր պատմությունը, դատապարտված է կորցնելու իր ապագան։
Բայց Կլիմենտ Հարությունյանը մնալու է իր գրքերում, իր հոդվածներում, իր հարցազրույցներում, իր ասած խիստ ու ազնիվ խոսքերում։ Մնալու է այն սերունդների հիշողության մեջ, որոնք նրա աշխատություններով պիտի ճանաչեն հայ զինվորի հերոսությունը, հայ ժողովրդի պայքարը եւ պատմության ճշմարտությունը։
Լույսի մեջ մնաք, Վարպե՛տ։
Ձեր գրքերը դեռ երկար են խոսելու Ձեզանից հետո։
Կլիմենտ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 17:00-ից 20:00, «Լյուար-2» սրահում (ք.Երեւան, Սիլիկյան Հին խճուղի 18)։ Հուղարկավորությունը` վաղը, ժամը՝ 13:00, նույն վայրից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

