Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ. իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը «Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով» վերտառությամբ հրապարակում է արել։

Հայր Սուրբն ընդգծել է՝ նախընտրական շրջանը, ըստ էության, պիտի լիներ ծրագրերի, գաղափարների, երկրի ապագայի շուրջ ազնիվ բանավեճի շրջան, բայց Հայաստանի քաղաքական կյանքը կրկին կանգնել է մի տարօրինակ տեսարանի առաջ․ իշխանությունը, որ ամեն օր խոսում է «խաղաղության» մասին, հանրային խոսքը դարձնում է վեճի, վիրավորանքի, ծաղրի և գռեհկաբանության գործիք։

«Խաղաղությունը՝ շուրթերին, ագրեսիան՝ բառապաշարում։

Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ։

Ապագան՝ պաստառի վրա, վախի բնազդները՝ ամբիոնից։

Այսպես չի կառուցվում պետականություն։ Այսպես ձևավորվում է ճաշակ։ Ավելի ճիշտ՝ ճաշակի ավերակ։

Երբ երկրի ղեկավարը կամ իշխող ուժի ներկայացուցիչները հանրային խոսքը իջեցնում են փողոցային լեզվի, անձնական նվաստացման դա այլևս միայն «քաղաքական ոճ» չէ։ Երեխաները լսում են։ Երիտասարդները կրկնում են։ Հասարակությունը ընտելանում է։ Եվ մի օր պարզվում է, որ պետության մեջ արդեն ոչ թե ընդդիմախոսներ կան, այլ «թշնամիներ», ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացիներ, այլ մարդիկ, որոնց ձեռքից պետք է քաշել, բերանը փակել, լռեցնել։

Քաղաքական իշխանությունը, որքան էլ ժամանակավոր լինի, ունի մեկ անփոփոխ պարտականություն՝ չապականել հանրային խոսքը։ Որովհետև պետության լեզուն պետության դեմքն է։ Եթե այդ լեզուն գռեհկանում է, գռեհկանում է նաև իշխանության պատկերացումը մարդու, հասարակության և հայրենիքի մասին։

Հատկապես վտանգավոր է, երբ այդ բառապաշարը ուղղվում է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև նրանց դեմ, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետները։ Այսօր թիրախավորվում են ընդդիմադիրները, արցախցիները, հասարակական գործիչները, վաղը՝ յուրաքանչյուր քաղաքացգի, ով կհամարձակվի այլ կերպ մտածել։

Առավել ամոթալի է, երբ նույն հռետորաբանությամբ թիրախավորվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևորականները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Քննադատությունը մեկ բան է, անպատշաճ, անձնավորված, նվաստացնող խոսույթը՝ բոլորովին այլ։ Եկեղեցին հանրային կյանքից դուրս չէ, բայց Եկեղեցու մասին չի կարելի խոսել հրապարակային հեգնանքով, անձնական վիրավորանքներով և փողոցային բառապաշարով։

Իշխանությունը փորձում է Եկեղեցու հարցը ներկայացնել որպես «բարենորոգում»։ Բայց տարօրինակ նորոգում է, երբ օգտագործվում է հայհոյախառն խոսք և դրսևորվում է քաղաքական հաշվեհարդար։ Նորոգումը սկսվում է հարգանքից, ոչ թե վիրավորանքից։ Սրբության մասին խոսողը նախ պիտի սովորի խոսել սրբության լեզվով։

Մարդիկ, ովքեր չեն կարողանում պահպանել անգամ հրապարակային խոսքի բարեկրթությունը, փորձում են դասեր տալ Եկեղեցուն՝ կանոնի, կարգի և բարոյականության մասին։ Գռեհիկ բառապաշարով չեն կառուցում բարոյական հեղինակություն։

Հանրային խոսքը մշակույթ է ձևավորում։ Երբ իշխանության լեզուն դառնում է նվաստացնող, հասարակությունը սկսում է նվաստացումը համարել նորմալ։ Երբ ամբիոնից հեգնանքը փոխարինում է փաստարկին, քաղաքացին սովորում է, որ փաստարկ պետք չէ։ Երբ կոպտությունը մատուցվում է որպես «անկեղծություն», գռեհկությունը հռչակվում է «ժողովրդավարություն»։ Բայց հստակ է՝ ժողովրդական լինելու համար պետք չէ գռեհկություն։ Պարզ խոսելը փողոցային բառապաշարը չէ։

Պետական գործիչը կարող է սխալվել։ Կարող է սուր խոսել։ Կարող է բանավիճել։ Բայց նա իրավունք չունի հասարակության լեզուն դարձնել թունավոր։ Իշխանավորի ամեն բառը բազմապատկվում է՝ կուսակցականների, համակիրների, ֆեյքային բանակների, մեդիա հարթակների և հանրային միջավայրի միջոցով։ Այդ բառը հետո վերադառնում է հասարակություն՝ արդեն որպես վարք, որպես վերաբերմունք, որպես ագրեսիա։

Եվ հենց այստեղ է վտանգը։ Այսօր գռեհիկ խոսքը կարծես քարոզչական գործիք է, վաղը այն կարող է դառնալ քաղաքական բռնության նախադուռ։ Նախ լեզուն է վայրենանում, հետո՝ միջավայրը։ Նախ մարդուն անվանարկում են, հետո՝ արդարացնում նրա նկատմամբ թշնամանքը։ Նախ Եկեղեցին ծաղրում են, հետո՝ նրա ներքին կյանքին միջամտությունը ներկայացնում որպես «բարենորոգություն»։

Երկիրը չի կարող շենանալ հայհոյանքով։

Խաղաղությունը չի կարող քարոզվել ագրեսիայի լեզվով։

Ժողովրդավարությունը չի կարող պաշտպանվել ընդդիմախոսին նվաստացնելով։

Եկեղեցու մասին չի կարելի խոսել այնպես, կարծես խոսում ես կուսակցական փակ չաթում։

Մեր հանրային կյանքին այսօր անհրաժեշտ է ոչ թե աղմուկ, այլ գիտակցված միտք։ Ոչ թե կոպիտ, այլ պատասխանատու խոսք։ Ոչ թե թիրախավորում, այլ արժանապատիվ բանավեճ։

Իշխանությունը կարող է հաղթել կամ պարտվել ընտրություններում։ Դա ժողովրդի որոշելիքն է։ Բայց եթե նա ընտրություններից առաջ հասարակությանը ժառանգում է ատելության, կոպտության և անպատշաճ մշակույթ, ապա այդ վնասը չի ավարտվում քվեարկության օրը։ Այն մնում է ընտանիքներում, դպրոցներում, բակերում, մեդիայում, եկեղեցու հանդեպ վերաբերմունքի մեջ, հասարակության մեջ։

Եվ վերջապես՝ իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի։ Թող հասկանա, որ ժողովուրդը ամբոխ չէ, ընդդիմախոսը թշնամի չէ, Եկեղեցին էլ կուսակցական գրասենյակ չէ»,- ընդգծել է Հայր Հովհաննեսը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում