Նմանատիպ մեղադրանքները մեզ համար տարօրինակ եւ ծիծաղելի են. պրոտոյերեյ Գրիգորյանց

Ներքաղաքական

Եթե մինչ այժմ իշխանական շրջանակները Հայ Եկեղեցուն էին մեղադրում, թե միջամտում են քաղաքականությանը, ապա վերջին շաբաթներին սկսել են մեղադրել նաեւ Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ մեղադրանքի հիմքում այն է, թե իբրեւ Ռուս եկեղեցին հայաստանյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զբաղված է քարոզչությամբ՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուների: Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու երեւանյան-հայաստանյան թեմի քարտուղար, ավագ երեց (պրոտոյերեյ) ԱՐՍԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ նախ հիշեցրեց, թե ինչ է նշանակում «քրիստոնյա» բառը։

— Բանն այն է, որ հարցի պատասխանը կարող է ակնհայտ թվալ. ի՞նչն է այստեղ անհասկանալի, քրիստոնյաները նրանք են, ովքեր դավանում են քրիստոնեությունը։ Սակայն իրականում մենք այս բառը եւ դրա իմաստն ավելի խորն ենք հասկանում։ Իսկ այդ իմաստը նշված է Սուրբ Գրքում՝ Ավետարանում։

Քրիստոնյաներն, իհարկե, առաջին հերթին Քրիստոսի հետեւորդներն են, այսինքն՝ Երկնային Երուսաղեմի քաղաքացիները։ Բանն այն է, որ Քրիստոսը կոչվում է թագավոր։ Եվ խաչի վրա գրված էր․ «Հիսուս Քրիստոս՝ Հրեաների Թագավոր»։ Ահա մենք Քրիստոս Թագավորի հպատակներն ենք։ Իսկ ո՞ւր է Նրա թագավորությունը։ Ինքը խոսում է Իր թագավորության մասին, երբ Պիղատոսը հարցնում է Նրան․ «Դո՞ւ ես թագավորը»։ Նա պատասխանում է․ «Դու ես ասում, որ Ես թագավոր եմ։ Բայց Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե Իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա Իմ ծառաները կպայքարեին Ինձ համար»։

Նա ասում էր, որ եկել է ճշմարտության մասին վկայելու համար, եւ յուրաքանչյուր ոք, ով ճշմարտությունից է, լսում է Իր ձայնը։ Եվ այստեղ Պիղատոսը հարցնում է․ «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Այս երկխոսությունը, իրականում, արտացոլում է աշխարհի եւ քրիստոնյաների հարաբերության պատկերը։

Աշխարհը, Պիղատոսի կերպարով, հարցնողն է՝ «Ի՞նչ է ճշմարտությունը», իսկ քրիստոնյաները մարդիկ են, որոնք իրենց համար գտել են այդ հարցի պատասխանը, որովհետեւ ասված է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։

Ինչո՞ւ եմ այս ամենը ասում։ Երկնային Երուսաղեմի քաղաքացիներ լինելով՝ իհարկե, մեզնից յուրաքանչյուրը նաեւ իր երկրային հայրենիքի քաղաքացի է, սակայն ես քրիստոնյա եմ դառնում այն ժամանակ, երբ Երկնային Երուսաղեմի քաղաքացիությունն ինձ համար դառնում է առաջնային։

Իսկ մնացած քաղաքացիությունները կամ որեւէ համայնքի մասնակցությունն արդեն երկրորդական, երրորդական, հինգերորդական, տասներորդական են։ Բայց եթե մարդն ասում է․ «Այո՛, ես, իհարկե, քրիստոնյա եմ, բայց առաջին հերթին իմ հայրենիքի քաղաքացին եմ», ապա մեր ընկալմամբ նա արդեն քրիստոնյա չէ։ Մեր պատկերացմամբ քրիստոնյան այն մարդն է, որի համար Երկնային Երուսաղեմի քաղաքացիությունը առաջինն է, ամենակարեւորը եւ անվիճելիորեն գերակա ամեն ինչից։

Եվ ի՞նչ է անմիջապես բխում դրանից։ Իհարկե, քրիստոնյան կարող է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, կարող է մասնակցել ընտրությունների եւ այլն. դա իր անձնական ընտրությունն է, իր քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց առաջին հերթին նա Երկնքի քաղաքացի է։

Եվ եկեղեցին առաջին հերթին խոսում է հենց այդ մասին։ Մենք մեր հավատացյալների հետ չենք խոսում քաղաքական կամ տնտեսական խնդիրների մասին։ Իհարկե, մասնավոր զրույցներում, եթե մարդիկ հարցեր են տալիս, եթե նրանց մոտ առաջանում են դժվարություններ, մենք փորձում ենք պատասխանել դրանց։ Բայց ամբիոնից այդ մասին խոսել, քարոզի ժամանակ քաղաքական կամ տնտեսական հարցեր քննարկել՝ նման բան պարզապես չկա, որովհետեւ տրամաբանությունն այլ է։

Ցավոք, այս աշխարհի մարդիկ, ընդհանուր առմամբ, չեն ընկալում այն, ինչ հիմա ասում եմ։ Գուցե նրանք ծիծաղեն, հեգնեն՝ «Ի՞նչ եք ասում»։ Բայց հավատացեք՝ քրիստոնյաներն այդպես են ապրում։

Մեր ամբողջ քարոզչությունը վերաբերում է նրան, թե ինչպես բարձրանալ դեպի Երկնային Երուսաղեմ, ինչպես մարդկանց սովորեցնել այդ ճանապարհը դեպի երկնային քաղաք։ Այսինքն՝ փրկության այդ մեծ գիտությունը խլում է այնքան ժամանակ եւ ուժ, որ այս բոլոր մանր, ինչպես ասում են, մնացած խոսակցությունների համար գրեթե ոչ ժամանակ է մնում, ոչ էլ ցանկություն՝ դրանով զբաղվելու։ Այդ պատճառով նմանատիպ մեղադրանքները մեզ համար, անկեղծ ասած, տարօրինակ, անհեթեթ եւ ծիծաղելի են թվում։

Ահա ձեզ մի հին դեպք պատմեմ։ Դա տեղի ունեցավ 2006 թվականին։ Մահացավ մեր եղբայրը՝ իերոդյակոն Մակարի Պիտանովը՝ հրաշալի մարդ, մեծ հոգու տեր։ Նա հիվանդ էր եւ մահացավ համեմատաբար երիտասարդ տարիքում։ Եվ ահա թերթում հայտնվեց հրապարակում այն մասին, թե իբր դա ինչ-որ գաղտնի ինտրիգների հետեւանք էր, որ իբրեւ նա հավակնում էր համայնքում ինչ-որ դերի, եւ քահանաներն այնպես արեցին, որ նա հեռանա կյանքից:

Սկզբում մենք շատ վրդովված էինք՝ պետք է դատարան դիմել, պետք է այս կամ այն քայլն անել։ Բայց հետո մտածեցինք՝ Աստված իմ, ի՞նչի մասին է խոսքը։ Պարզապես ինչ-որ մի աղջիկ հիմարություն էր ասել, լուրջ չէր դրա մասին խոսելը։ Մենք ուղղակի ուշադրություն չդարձրինք դրան։ Հետո այդ լրագրողուհին նույնիսկ ներողություն խնդրեց: Պարզապես երիտասարդ լրագրողի սխալ էր։

Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, հնարավոր է արդեն ունի ինչ-որ պլանավորված եւ նպատակաուղղված, համակարգված ակցիայի ձեւ։ Որովհետեւ սկզբում տեսանք մի ելույթ, որտեղ առաջ էին քաշվում ինչ-որ բացարձակ անհեթեթ մեղադրանքներ, հետո՝ եւս մեկը։

Մենք դարձյալ արձագանքեցինք սովորականի պես՝ շները հաչում են, քամին փչում է կամ քարավանը գնում է.  ում որ ասացվածքն ավելի է դուր գալիս։ Բայց հիմա տեսնում ենք, որ սա շարունակվում է եւ գործում է համակարգված կերպով։ Տարբեր լրատվամիջոցներ հրապարակում են ինչ-որ նյութեր։ Սակայն դրանց անհեթեթության մասին խոսելն անգամ իմաստ չունի։ Ով մեզ ճանաչում է եւ գիտի մեր ներքին կյանքը, իհարկե, հասկանում է, որ դա աբսուրդ է։

Պարզապես անհասկանալի է՝ ինչու։ Մենք երբեք որեւէ քաղաքական պայքարի չենք մասնակցել, երբեք որեւէ մեկին որեւէ բանի չենք կոչ արել։ Բանն այն է, որ ժամանակին, երբ 1990-ականներին նոր էր սկսվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու վերածնունդը, որոշ հոգեւորականներ մտան քաղաքականություն, նույնիսկ կային մարդիկ Գերագույն խորհրդում, Պետդումայում եւ այլն։ Այն ժամանակ Սրբազան Պատրիարք Ալեքսի Երկրորդը որոշում ընդունեց, որ այդպես չպետք է լինի։ Եկեղեցին չպետք է մասնակցի այդ գործընթացներին, չպետք է ներգրավվի քաղաքական պայքարում, չպետք է քաղաքական կուսակցությունների մակարդակով մտնի այս ամբողջ, ինչպես ասում են, քաշքշուկի մեջ։

Այո՛, եթե քաղաքական կուսակցությունից մարդ գա խոստովանության, պետք է ընդունել նրան, քննարկել նրա հոգեւոր հարցերը։ Բայց մասնակցել այս ամբողջ քաղաքական վեճերին՝ ոչ։ Եվ այդ ժամանակվանից ի վեր այդ մասին ընդհանրապես խոսք անգամ չի եղել։

Իսկ այստեղ՝ Հայաստանում, հավատացեք, նման բան ընդհանրապես երբեք չի եղել։ Եթե Ռուսաստանում դա էլ եղել է որպես երեւույթ, ապա շատ կարճ ժամանակահատվածում, եւ Պատրիարքը բավական կոշտ որոշմամբ դադարեցրեց դա՝ հայտարարելով, որ այդպիսի բան պարզապես չպետք է լինի։ Եվ հիմա, ուղղակի, անհասկանալի է, թե այս հարձակումներն ինչ նպատակներ են հետապնդում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում