Թրամփը նոր որոշման շեմին է՝ պատերա՞զմ, թե` խաղաղություն
ՄիջազգայինԻրանական հեղինակավոր փորձագիտական աղբյուրի գնահատմամբ, Թրամփը նոր որոշման շեմին է՝ պատերա՞զմ Իրանի հետ, թե՞ ճգնաժամը վերահսկողության տակ պահելու փորձ։
Axios-ի տվյալներով՝ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ նոր ռազմական սցենար։ Բանակցությունները շարունակվում են, բայց Վաշինգտոնում դրանք արդեն անվանում են «ցավոտ»՝ իրական առաջընթացի բացակայության պատճառով։
«Այս ֆոնին Իրանը գործնական քայլեր է ձեռնարկում. երկրի արևմուտքում փակվում է օդային տարածքը, Թեհրանի մոտ գրանցվում է ռազմական ինքնաթիռների ակտիվություն, Քարաջի և Ղազվինի մոտ նկատվում են անսովոր շարժումներ, և նախազգուշացումներ են տրվում պատերազմի նոր փուլի մասին բազմաթիվ ճակատներում։
Սա այլևս լրատվամիջոցների ազդանշաններ չեն, այլ իրական նախապատրաստություններ։
Միևնույն ժամանակ, ճգնաժամը զարգանում է ոչ միայն Իրանի շուրջ, այլև հենց Միացյալ Նահանգների ներսում։ Թրամփը բախվում է Կոնգրեսի դիմադրությանը, տնտեսական ճնշմանը, վառելիքի գների աճին, գնաճին և քաղաքական աջակցության նվազմանը։ Հետևաբար, նրան անհրաժեշտ է արագ լուծում. կամ գործարք, որը կարող է ներկայացվել որպես հաղթանակ, կամ սրացում, որը կարող է նոր իրականություն պարտադրել։
Սակայն խնդիրն այն է, որ Իրանը չի բանակցում թուլության դիրքերից։
Այս ֆոնին Թեհրանը պատերազմին չի սպասում, եւ աստիճանաբար փոխում է տարածաշրջանի իրականությունը։ Օմանի միջնորդությամբ քննարկվում է նավիգացիոն վճարների նոր համակարգ, որը կարող է Իրանին գործնական լծակներ տալ Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ առանց պաշտոնապես վերահսկողություն հայտարարելու։
Պարսից ծոցի երկրները տատանվում են. սկզբում դիմադրություն կար, ապա՝ լարվածության թուլացման հստակ հակում և հասկացողություն, որ հակամարտությունը չափազանց թանկ կարժենա։ Միևնույն ժամանակ, Եգիպտոսը մեծացնում է իր ներգրավվածությունը՝ Օմանի ափերին տեղակայելով կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և նույնիսկ ուղղաթիռակիր։
Տարածաշրջանն արդեն պատրաստվում է նոր փուլի, և Հորմուզի նեղուցն այլևս նույն տեսքը չունի՝ նույնիսկ առանց լայնածավալ պատերազմի բռնկման։
Տեսականորեն ոչ ոք պատերազմ չի ուզում։ Սակայն գրեթե բոլոր նշանները ցույց են տալիս, որ նման սցենարը լրջորեն քննարկվում է։ Թրամփի հայտարարությունները «վերջնական հարվածի մասին, որը կկարգավորի հարցը» արտացոլում են ամենավտանգավոր փուլը՝ պատերազմն օգտագործել որպես քաղաքական գործիք, այլ ոչ թե որպես ռազմավարական ընտրություն։
Եվ հենց այս տեսակի պատերազմներն են, որոնք ամենից հաճախ դուրս են գալիս վերահսկողությունից։
Միևնույն ժամանակ, Իրանը գործում է ոչ թե որպես ճնշման տակ գտնվող, այլ որպես ժամանակի վերահսկողություն ունեցող կողմ։ Նախորդ հարձակումը դիմակայվեց, հիմնական հնարավորությունները պահպանվեցին, արձագանքման տարբերակներն ընդլայնվեցին, և երկիրը պատրաստվում է ավելի երկարատև հակամարտության։
Ցանկացած նոր բախում այլևս սահմանափակված չի լինի։ Եվ արձագանքը չի մնա Հորմուզի նեղուցով սահմանափակված. հետևանքները կազդեն ամբողջ տարածաշրջանի վրա։
Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ո՛չ պատերազմի սկիզբ է, ո՛չ էլ կայուն խաղաղություն։ Մենք տեսնում ենք վտանգավոր միջանկյալ վիճակ՝ բանակցային ճնշում, ռազմական նախապատրաստություններ և ներքին ճգնաժամ Միացյալ Նահանգներում։
Թրամփը ելք է փնտրում։ Իրանը պատրաստվում է ամենավատ սցենարին։ Տարածաշրջանը շարժվում է բաց սրման եզր։
Իրական հարցն այլևս այն չէ, թե արդյոք պատերազմը կսկսվի՞։
Այլ այն, թե արդյոք որևէ մեկը կարո՞ղ է վերահսկել դրա ավարտը»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67381

