Արդեն Կալլասն է խոստովանում` ԵՄ-ին ոչ ոք չի սիրում
ՎերլուծությունԻհարկե` այն խաղը, որը դեռ փորձում է առաջ տանել Նիկոլը, ասենք` նաեւ Ալիեւը, շարունակում է մեծապես կախված մնալ ոչ թե իրենց ցանկություններից, այլ այն հարաբերություններից, որոնք առաջին հերթին ձեւավորվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի, ավելի կոնկրետ` առանձին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Ու այս հարցում նախ Թրամփի, ապա նաեւ Պուտինի այցը Պեկին մի շարք հստակ փաստեր առաջ բերեցին:
Սկսենք Թրամփի այցից, որն ակնհայտորեն հաջողված չէր: Խոշոր հաշվով, Թրամփը փորձեց հասնել Թայվանն Իրանով փոխանակման: Պեկինը հանգիստ բացատրեց. Թայվանն առանց ԱՄՆ-ի էլ իրենն է, իսկ Իրանն ինքն է իր մարտունակությամբ ապացուցել, որ ոչ մեկինը չէ: Այսինքն, որ Պեկինն ու Մոսկվան Թեհրանին նայում են ոչ թե մանկլավիկի կամ կամակատարի, այլ միանգամայն ինքնուրույն սուբյեկտի, միգուցե մի փոքր ավելի ցածր պոտենցիալով, բայց լիակատար հարգանքի արժանի:
Այցից հետո Թրամփը Իրանի հարցով անցավ բոլոր տարբերակներով` սկսած հերթական սպառնալիքներից` «վաղը կհարվածեմ» իմաստով, վերջացրած լեզու գտնելու նոր կոչերով: Մինչեւ որ խաղը հասավ ամերիկյան Սենատի բանաձեւին` ոչ մի պատերազմ, քանի դեռ չկա Կոնգրեսի թույլտվությունը: Ու այն, որ այդ որոշումը նաեւ Թրամփին էր ձեռնտու, կարելի է կռահել: Արդյունքում, ինչպես հայտնում է Axios-ը, թեեւ ստիպված էր մի փոքր վիճել է Նեթանյահուի հետ, բայց այստեղ Թրամփն առանձնապես քայլերի տարբերակ էլ չունի: Այսինքն, կա´մ ստիպված է գրեթե հեռանկար չխոստացող նոր պատերազմի մեջ մտնել, որը նրան կարող է հասցնել պաշտոնանկության կամ նույնիսկ` բանտ: Կա´մ պետք է շարունակի բանակցել Իրանի հետ, բայց հեռանկարով, որ պատերազմը խաղաղության պայմանագրով ավարտելու դեպքում Նեթանյահուն անխուսափելիորեն կորցնելու է պաշտոնը: Լինի դա այս պահին, թե արդեն աշնանը սպասվող ընտրություններում: Իսկ պաշտոն կորցնելը նրա համար կվերածվի մինչեւ կյանքի վերջը բանտում անցկացնելու, ինչը եւս գործնականում կասկածներ չի հարուցում:
Ու ահա այս ֆոնին, Թրամփը մեկ հետաքրքիր հայտարարություն հնչեցրեց, որը բավական հեռուն տանող մտքեր է առաջացնում: Այն է` ԱՄՆ նախագահը հանկարծ սկսեց բողոքել, թե իրենք շատ քիչ սառցահատ նավեր ունեն, այդ հարցով էապես զիջում են ռուսներին: Ու հիմա, Թրամփը ծրագրում է շատ արագ առնվազն 5 տասնյակ սառցահատ կառուցել: Ինչի՞ն է պետք. եթե ռեալ է խոսում, դա մեկ իմաստ կարող է ունենալ` Թրամփը մտածում է շատ արագ եւ մասշտաբային կերպով հայացքը շրջել դեպի բեւեռային գոտի: Ինչի մասին, ի դեպ, պայմանավորվել է Պուտինի հետ: Իսկ հինգ տասնյակ ամերիկյան եւ հինգ տասնյակ ռուսական սառցահատները կարող են «Հյուսիսային ծովային երթուղին» դարձնել շուրջտարյա: Եվ որ Չինաստանը եւս կցանկանա դրանից օգտվել, շատ հավանական է: Վերջ, այլեւս ոչ մեկը չի կարող մտնել Չինաստանից Եվրոպա հասնող այդ երթուղի: Չեն կարողանա զբաղվել նաեւ բեւեռային գոտու հսկա հանքահումքային բազայի շահագործմամբ:
Ինչ վերաբերում է Պուտինի պեկինյան այցին, ապա սրա լավագույն գնահատումներից մեկը տվեցին գերմանական աղբյուրները: Այն է` «Ռուսաստանի տնտեսական վերակողմնորոշումը դեպի Չինաստան ավարտված է»: Այսինքն, Պուտինի այցը Չինաստան ամրապնդեց Ռուսաստանի տնտեսության կտրուկ տեղաշարժը դեպի Արեւելք: Ընդ որում, չնայած Չինաստանի գերիշխանությանը` որպես տնտեսական գերտերություն, ռուսական էներգետիկ ռեսուրսները նրանց դարձնում են հավասար գործընկերներ: Ընդ որում, ըստ աղբյուրների. «Այս տեղաշարժը հստակ ցույց է տալիս, թե որքան է թուլացել Եվրոպայի տնտեսական դիրքը»:
Այսպիսով, Գերմանիայում այն կարծիքին են, որ պատմական այն շրջափուլը, որի մեկնարկը տվեց Պետրոս Մեծը` «Պատուհան դեպի Եվրոպա» սկզբունքով, արդեն փակված է: Այն է. գլոբալ տնտեսությունը, այդ թվում` տեխնոլոգիական տնտեսությունը Եվրոպայից տեղափոխվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան գոտի, եւ հիմա Մոսկվային ամենեւին էլ պետք չէ «եվրոպական պատուհանը». Մոսկվան բաց «դուռ» ունի դեպի տնտեսական այդ նոր կենտրոն:
Կայա Կալլասը, նաեւ Պուտինի պեկինյան այցից ելնելով, երեկ աղմկում էր. «ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ռուսաստանը նախընտրում են բաժանված Եվրոպա, զգուշացնում է Կալլասը», թե` «Ոչ ոք չի սիրում ԵՄ-ին»: Հիշո՞ւմ եք Պանիկովսկուն` նրան էլ «ոչ ոք չէր սիրում», եւ նույնիսկ Բենդերի առաջարկը` «Դիմեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա»` չօգնեց: Ու քանի որ Պանիկովսկին ամեն ինչ անում էր, որ ապրի հասարակության հաշվին, իսկ հասարակությունը դա չէր ուզում, «ուստիեւ նա մեռավ»,- բացատրեց Օստապ Իբրահիմովիչը: Ու հիմա, Եվրոպային էլ «ոչ ոք չի սիրում»: Եվրոպան էլ էր ամեն ինչ անում, որ ապրի համաշխարհային հասարակության հաշվին, իսկ աշխարհը դա չէր ուզում: Հիմա էլ փորձում են ռուսներին միլիտարիզացիայով վախեցնել: Միայն թե Մոսկվան երեկ միջուկային մարտագլխիկներ տեղակայեց Բելառուսում, եւ երեւի հիմա եվրոպացիները շատ բան կհասկանան:
Վիճակը հասել է նրան, որ դեռ իրեն աշխարհի տեր զգացող Բրիտանիան, որ պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի վրա, սկսել է ծածուկ նույն ռուսական նավթից արտադրված նավթամթերքը գնել: Ավելի թանկ գներով, բայց դե իրենց գործն է: Բայց հենց եվրոպացիներն են խոստովանում, որ ամենամեծ, մահացու ճգնաժամը առջեւում է` ամենաուշը մեկ-երկու ամսից:
Մի խոսքով, փաստը սա է. Եվրոպան պարզապես ռեսուրսներ չունի, ու եթե հիմա էլ չի կարողանում այլեւս ապրել ուրիշների հաշվին, ուրեմն մնում է, որպես գլոբալ ուժ` «մեռնել»: Մյուս երեք հիմնական ուժերն էլ, նման է, որ սկսում են պայմանավորվել:
Իսկ Նիկոլն էլ որոշել է Հայաստանը դեպի Եվրոպա քարշ տալ...

