Նիկոլի` «ես բռնեցի, ես բռնվա» վերջին օպերացիան
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական մթնոլորտում վաղուց չէր կուտակվել այսքան լարվածություն, անվստահություն եւ փոխադարձ վախ: Քաղաքական դաշտի տարբեր հատվածներում գնալով ավելի բարձր են հնչում գնահատականներ, որ գործող իշխանությունը մտնում է ոչ թե սովորական նախընտրական պայքարի, այլ՝ սեփական քաղաքական գոյության համար մղվող ճակատամարտի փուլ:
Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային հանդիպումները, մարզային այցերը եւ ուղիղ եթերները ցույց տվեցին մի իրողություն, որն արդեն դժվար է թաքցնել անգամ վարչական ռեսուրսի եւ վերահսկվող մեդիայի պայմաններում. իշխանության նկատմամբ հասարակական դժգոհությունը խորացել է: Ամենակարեւորն այն է, որ դժգոհությունն այլեւս սահմանափակված չէ ընդդիմադիր էլեկտորատով: Նույնիսկ պետական համակարգի ստորին օղակների այն ներկայացուցիչները, ովքեր մինչեւ վերջերս խուսափում էին որեւէ քննադատական արտահայտությունից, այսօր ավելի բաց են արձագանքում իշխանության վարած քաղաքականությանը՝ հաճախ հենց Փաշինյանի ներկայությամբ:
Գնալով ավելի հաճախ է շրջանառվում այն գնահատականը, որ գործող իշխանության համար առաջիկա ընտրությունները պարզապես հերթական քաղաքական գործընթաց չեն: Խաղադրույքը չափազանց բարձր է: Փաշինյանի իշխանական համակարգը հասկանում է, որ պարտությունը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքական դիրքերի կորստի, այլեւ հետագա իրավական ու քաղաքական պատասխանատվության հարցերի բարձրացման: Լավագույնը, ինչ կարող է սպասել Փաշինյան Նիկոլին, ցմահ ազատազրկումն է:
Այդ ֆոնին իշխանության ներսում, ըստ տարբեր տեղեկությունների, քննարկվում են մի շարք արտակարգ սցենարներ, որոնք կարող են կիրառվել այն դեպքում, եթե ընտրական գործընթացը դուրս գա վերահսկողությունից:
«ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ» ԹԵԶԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել է «օտարերկրյա ազդեցության», «հիբրիդային պատերազմի», «արտաքին միջամտության» թեմատիկան: Հատկանշական է, որ այդ թեզերը զուգահեռաբար տարածվում են մի քանի ուղղություններով՝ իշխանական քարոզչամիջոցների, առանձին արեւմտյան հարթակների եւ պետական ինստիտուտների ներկայացուցիչների միջոցով:
Հատկապես մեծ արձագանք ստացավ ռուսալեզու The Insider պարբերականի հրապարակումը, որտեղ փորձ էր արվում ներկայացնել, թե Հայաստանում գործող տարբեր քաղաքական եւ հասարակական դերակատարներ կապ ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ: Հրապարակման ընդհանուր տրամաբանությունը հստակ էր. հանրային գիտակցության մեջ ամրագրել այն գաղափարը, թե իշխանության ընդդիմախոսները ոչ թե ներքաղաքական ընդդիմություն են, այլ «Կրեմլի ազդեցության գործակալներ»:
Այս հրապարակումից գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթում այն ներկայացրեց որպես «անհերքելի փաստերի» հավաքածու: Այդ արագ արձագանքը շատերի մոտ տպավորություն ստեղծեց, որ տեղեկատվական հողը նախապես էր պատրաստվում՝ հետագա քաղաքական գործողությունները հիմնավորելու նպատակով:
Քաղաքական դիտորդները ուշադրություն են հրավիրում մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա. Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության հայտարարությունները եւս վերջին շրջանում ավելի հաճախ են կենտրոնանում արտաքին սպառնալիքների թեմայի վրա: Այս ամենը միասին ձեւավորում է մի միջավայր, որտեղ ցանկացած ընդդիմադիր ակտիվություն հնարավոր կլինի ներկայացնել ոչ թե որպես ներքաղաքական պայքար, այլ որպես արտաքին ուժերի միջամտության արդյունք:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս առումով չի բացառվում սցենար, որ ընտրություններից հետո իշխանությունը կարող է դիմել արդյունքները վիճարկելու եւ քաղաքական գործընթացը երկարաձգելու մեխանիզմների:
Սցենարը, որի մասին առավել հաճախ են խոսում քաղաքական կուլիսներում, ենթադրում է հետեւյալ զարգացումը. իրավապահ կամ հատուկ ծառայությունները հայտարարում են, թե ընտրական գործընթացի վրա փորձ է արվել ազդել արտաքին ուժերի միջոցով: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը կարող է հարուցել համապատասխան վարույթներ, իսկ հարցը տեղափոխվի Սահմանադրական դատարան:
Այս դեպքում իշխանությունը հնարավորություն կստանա կա՛մ կասեցնելու քաղաքական անցանկալի զարգացումները, կա՛մ առնվազն ժամանակ շահելու՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Հատկանշական է, որ նման մեխանիզմները վերջին տարիներին կիրառվել են տարբեր երկրներում՝ տարբեր քաղաքական բովանդակությամբ, սակայն նույն հիմնավորմամբ՝ «պետական անվտանգության սպառնալիք»:
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԼԻՔ
Քաղաքական շրջանակներում ամենալուրջ մտահոգություններից մեկը վերաբերում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումներին:
Հայաստանի քրեական օրենսգրքում առկա են մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են պետական անվտանգության, սահմանադրական կարգի եւ պետական դավաճանության թեմաներին: Եթե իշխանությունը քաղաքական որոշում կայացնի այդ հոդվածները կիրառել ընդդիմադիր դերակատարների նկատմամբ, ապա հնարավոր է ոչ միայն առանձին գործիչների մեկուսացում, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի վերաձեւում:
Ընդդիմադիր ճամբարում կարծում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին տեղեկատվական արշավը հենց այսպիսի գործողությունների նախապատրաստման փուլն է:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱԽԸ
Այս ամբողջ գործընթացում ամենակարեւոր հարցը մնում է նույնը. ինչո՞ւ է իշխանությունն այդքան կոշտ արձագանքում ցանկացած ընդդիմադիր ակտիվության:
Պատասխանը պարզ է. գործող համակարգը կորցնում է հանրային վստահության այն պաշարը, որի վրա հենվում էր նախորդ տարիներին: Եվ որքան այդ վստահությունը նվազում է, այնքան իշխանությունը մեծացնում է ուժային, տեղեկատվական եւ իրավական վերահսկողության մեխանիզմների կիրառումը:
Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ոչ միայն իշխանափոխության կամ վերարտադրության հարց, այլ նաեւ փորձություն Հայաստանի պետական համակարգի համար ընդհանրապես: Որովհետեւ եթե քաղաքական պայքարը վերջնականապես տեղափոխվի հատուկ ծառայությունների, քրեական գործերի եւ «արտաքին թշնամիների» հարթություն, ապա երկիրը երկար ժամանակով կարող է հայտնվել կառավարվող ներքաղաքական ճգնաժամի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

