Հայաստանը փող ունի, բայց պետական պարտքն աճում է
ՎերլուծությունՀարցազրույց տնտեսագետ, ‘'tvyal.com'' ընկերության ղեկավար Աղասի Թավադյանի հետ
Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը, Երևան
– Հայաստանը որոշակիորեն օգտվել է ընդհանուր անկայունությունից, քանի որ կապիտալը այստեղ հոսում է ինչպես պատժամիջոցների տակ գտնվող երկրներից, այնպես էլ անկայուն գոտում հայտնված երկրներից։ Կարելի՞ է ուրվագծել ընդհանուր պատկերը։
– Եթե ընդհանուր առմամբ՝ ապա կարելի է սկսել նավթադոլարներից՝ որոնցով նավթի առևտուր է իրականացվում։ Դրանք գնում են ԱՄՆ, որտեղ վերածվում են ինչպես թրեժերիսի (treasure – գանձ)՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության թողարկած գանձապետական երկարաժամկետ պարտատոմսերի, այնպես էլ այլ կարգի ներդրումների, հիմնականում՝ արհեստական բանականության արդյունաբերության ոլորտում։ Սիլիկոնյան հովիտը, օրինակ, մեծ գումարներ ունի Պարսից ծոցի երկրներից։ Այս գործընթացը հանգեցրել է նրան, որ այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շատ մասնագետներ են աշխատում։ Ռուսաստանում հիմնադրված “Telegram’'-ն այժմ հիմնավորված է Դուբայում։ Եվ հիմա, անկայունության հետ կապված, բիզնեսի գներն ընկել են, և այդ կապիտալները իրենց համար նոր «խաղաղ հանգրվաններ» են փնտրում Պարսից ծոցի սահմաններից դուրս։ Պարսից ծոցի միապետությունները հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա են ձեռք բերել՝ դրանով իսկ ներդրումներ կատարելով ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի մեջ։ Բայց քանի որ ընդունված չէ աշխատել Պարսից ծոցի քաղաքացիների համար, նրանց համար հիմնականում աշխատում են միգրանտները, ուստի խնդիր դարձավ այդ սարքավորումների սպասարկումը։ Հիշենք, թե ինչպես Իրանի պատերազմի ժամանակ Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը խփեց ամերիկյան կործանիչներին՝ այսպես կոչված «բարեկամական կրակով»։ Բայց ամեն դեպքում շեյխը նրա համար է շեյխ, որպեսզի կազմակերպի ռազմական շքերթներ և ներդրումներ կատարի արհեստական բանականության մեջ։
Կապիտալի առաջին հոսքը այստեղ հորդեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Ժամանակավոր տեղափոխվածները (ռելոկանտ) և պատժամիջոցների ենթարկված տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները սկսեցին շարունակել իրենց բիզնեսը այնտեղ, որտեղ կարող էին շրջանցել պատժամիջոցների խոչընդոտները։ Դրա շնորհիվ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 12,6 %-ով։ Այս ՀՆԱ-ի կեսը ապահովում էին բանկային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք ներկայացված էին ռուսներով։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրենսդրության մեջ նախատեսված է կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, որից էլ ռուսներն օգտվեցին։ Որոշ գնահատականներով՝ Ռուսաստանից դուրս եկած կապիտալի մոտ 20 %-ը հայտնվել է Հայաստանում։ Ավելին, Հայաստանն ընդգրկվել է «խաղաղ հանգրվանների» պատվավոր ցանկի մրցանակային եռյակում։ Առաջին տեղում Դուբայն է, երկրորդ տեղում՝ ավանդաբար Շվեյցարիան։ Եվ այդ ժամանակ խնդիր առաջացավ՝ ո՞ւր ուղղորդել ֆինանսական հոսքերը։ Եվ դրանք հիմնականում ուղղվեցին բնակարանաշինությանը։ Պետք է ասել, որ Հայաստանում հիպոտեկի համար կային արտոնյալ պայմաններ. այն կարելի էր մարել եկամտային հարկով, ինչը գրավիչ էր դարձնում ներդրումներն այս ոլորտում։ Սակայն այս դեպքում բեռն ընկնում էր բյուջեի վրա, որը զրկվում էր ձևակերպված հիպոտեկի եկամտային հարկի մուտքերից։ Հիպոտեկի համար արտոնյալ պայմանների մասին այս օրենքն ընդունվել է 2015 թվականին՝ բանկային համակարգը փրկելու և վարկավորման համար ասպարեզ բացելու համար։ Փաստացի՝ պետական բյուջեի հաշվին։
Ժամանակակից իրավիճակը հեռավոր կերպով հիշեցնում է 2002-2009 թվականների ժամանակամիջոցը, երբ Հայաստան գումարներ էին հոսում հիմնականում սփյուռքից, դա 2008 թվականի ճգնաժամից առաջ էր, երբ փողի ավելցուկ կար։ Հիպոտեկային «պղպջակը» փքվում էր, և մեզ նույնպես բաժին հասավ։ ՀՆԱ-ն տարեկան աճեց 12 %-ով, և մեզ թվում էր, թե մենք դարձել ենք «վագր» Հարավարևելյան Ասիայի պես։ Փողերը ներդրումների տեսքով, ի թիվս այլ բաների, ուղղվեցին ենթակառուցվածքներին. կառուցվեց Հյուսիսային պողոտան Երևանում, շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում գերազանցեց 30 %-ը։ Սակայն 2009 թվականին ֆինանսավորման աղբյուրը սպառվեց, և ՀՆԱ-ն ունեցավ բացասական աճ՝ մոտ 14 %։ Ուկրաինայի բախտը ավելի քիչ բերեց, բացասական ՀՆԱ-ն հասավ 40 %-ի։
– Սա, ինչպես հասկանում եմ, ազդեց նաև փոխարժեքի կուրսի վրա։
– Այո՛, ներդրումների և փոխանցումների տեսքով կապիտալի սկզբնական հոսքը հանգեցրեց դրամի կտրուկ ամրապնդմանը՝ 560-ից մինչև 305 դրամ մեկ դոլարի դիմաց։ 2022 թվականից դրամը կրկին ամրապնդվեց՝ 540-ից մինչև 375 դրամ մեկ դոլարի դիմաց։ Անշարժ գույքի գները մի քանի անգամ աճեցին, բայց 2009 թվականին կանգ առան։ Եվ արդեն կառուցված բնակարանները բնակեցված չէին. առաջարկը գերազանցել էր պահանջարկը։ 2014 թվականի վերջին տեղի ունեցավ ևս մեկ ճգնաժամ։ Ղրիմի իրադարձությունների առնչությամբ Ռուսաստանում դոլարը կրկնակի ամրապնդվեց, ինչը հարվածեց նաև Հայաստանին։ Հայաստանը փորձում էր պահպանել փոխարժեքը մոտ 400 դրամի սահմաններում մեկ դոլարի դիմաց, բայց 2014 թվականի վերջին դոլարը բարձրացել էր մինչև 480 դրամ։ Բանկային ոլորտի խնդիրները սրվեցին։ Շինարարական ոլորտն աճեց արտասահմանյան ներարկումների շնորհիվ, բայց 2009 և 2014 թվականների ճգնաժամերը բանկային ոլորտը զրկեցին միջոցներից։ Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց օրենք առ այն, որ եկամտային հարկերը կարելի է օգտագործել հիպոտեկային վարկերը մարելու համար։ Այդ ժամանակվանից՝ 2015 թվականից, սկսվեց բնակարանների գների աճը։ 2015 թվականին եկամտային հարկի մուտքերից հրաժարումը պետական բյուջեն կրճատեց 2 %-ով։ Միջազգային կազմակերպություններում այս 2 %-ը ձևակերպվեց որպես բարեկեցության բարձր մակարդակով միջին դասի վերնախավի արտոնություն, քանի որ այս պայմաններով հիպոտեկային վարկ կարող էին վերցնել միայն օրինական եկամուտների բարձր մակարդակ ունեցող ընտանիքները։ Սա մի փոքր քիչ է, քան գիտության և կրթության ծախսերը՝ բյուջեի 2.5 %-ը։
– Հայաստանի բանկային հատվածի զուտ եկամուտը 2022 թվականին աճել է երեք անգամ։ Բայց քանի որ արտոնյալ հիպոտեկի պատճառով բյուջեի վրա բեռը խիստ մեծացել է, դրա կիրառման շրջանակը սկսել է սահմանափակվել։ Այսօր այն այլևս չի տարածվում մայրաքաղաքում բնակարանաշինության վրա։ Համապատասխանաբար նվազել են նաև արտոնյալ հիպոտեկի պահպանման ծախսերը։
– Փողերը, ինչպես հասկանում եմ, չեն ուղղվել արդյունաբերությանը, սահմանափակվել են շինարարության ոլորտով։ Բայց չէ՞ որ փողերը պետք է գործի դրվեն։
– Այո՛, և քանի որ պարզվեց, որ Հայաստանում ներդրումների համար դաշտը սահմանափակ է, բանկերը սկսեցին այն փնտրել արտասահմանում։ Նշեմ, որ Հայաստան հորդեցին գումարներ, որոնք ոչ թե եկամուտ էին փնտրում, այլ փրկություն, այդ պատճառով բանկային տոկոսադրույքը մեծ դեր չէր խաղում։ Մոտավորապես նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր Պարսից ծոցի երկրներում, և այսօր այդտեղից կապիտալը թափով տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Դրանք նստում են ընթացիկ հաշիվներին՝ առանց ավանդի սահմանված տոկոսադրույքի։ Բանկերը փորձում են ստերիլիզացնել ներհոսող փողերը, ինչը արժեքավորել է դրամը և նվազեցրել երկրի արտահանման ներուժը։ Կրկին նշեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը պայմանավորված է ոչ թե սեփական արտադրությամբ, այլ փողի հոսքով, ինչը հանգեցրել է բանկային ոլորտի և բնակարանաշինության աճին։
2025 թվականի վերջին Իրանը նույնպես սկսեց կապիտալ արտահանել Հայաստան։ ԱՄՆ-ի կողմից Իրան կանխիկ դոլարների ներմուծման արգելքի պատճառով ռիալը սկսեց կտրուկ արժեզրկվել։ Պետք է ենթադրել, որ իրանցիները գտան ԱՄՆ-ի արգելքը շրջանցելու միջոց, և դոլարները հայտնվեցին Հայաստանում։ Դրա շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 7,2 %-ով՝ դարձյալ հիմնականում բանկային ոլորտի շնորհիվ, ինչը 2 %-ով գերազանցեց սպասվող աճը։
– Ամեն բան հրաշալի է, բայց ես չեմ մտաբերում, որ կապիտալի ներհոսքը ինչ-որ կերպ բարելավեր կյանքը Հայաստանում։ ՀՆԱ-ն աճում է, բայց կյանքը չի լավանում։
– ՀՆԱ-ի հաշվարկներում որոշակի խորամանկ հնարքներ կան: Մեր տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե ներքին արտադրության զարգացմամբ, այլ արտաքին ֆինանսական հոսքերով և զուգահեռ ներմուծման/արտահանման (վերաարտահանման) ազդեցությամբ: Օրինակ՝ ռուսական ոսկու տեղափոխումը Հայաստանի միջոցով հաշվարկվել է որպես ներքին արտադրության աճ: Դրա հետ մեկտեղ որոշ ոլորտներում (օրինակ՝ գյուղատնտեսության մեջ) իրական արտադրությունը նվազում է:
2021 թվականին Հայաստանի արտահանությունը կազմել է 3,1 միլիարդ դոլար։ 2022 թվականին՝ արդեն 5,4 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ արտահանման ապրանքների արտադրությունը չէր կարող այդքան զգալիորեն աճել, և դա տեղի ունեցավ այն բանի հաշվին, որ Հայաստանը դարձավ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցող երկիր։ 2023 թվականին արտահանման ծավալը գերազանցել է 8 միլիարդ դոլարը, իսկ 2024 թվականին՝ 13,1 միլիարդ դոլարը։ Բյուջեի վիճակը բարելավեցին նաև ռելոկանտները՝ բնակարանի վարձակալությունը, ծառայությունների վճարումը և այլն։ Արդյունքում դուրս է գալիս, որ Հայաստանի ֆինանսական վիճակը պայմանավորված է ոչ այնքան սեփական տնտեսությամբ, որքան հարևան տարածաշրջանների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Իրանի և Պարսից ծոցի երկրների անկայունությամբ։
ՀՆԱ-ի աճը 2018-ից մինչև 2026 թվականը կազմել է 40 %: Բանկային ոլորտը աճել է երեք անգամ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նույնպես երեք անգամ. սրանք աճի հիմնական շարժիչ ուժերն են: Մինչդեռ գյուղատնտեսությունը նվազել է 18 %-ով: Դրա հետ մեկտեղ, օրինակ, լոլիկի մածուկի արտադրությունը նվազել է, բայց արտահանումն աճել է: Կա՛մ սկսել են ավելի քիչ օգտագործել այդ մածուկը, կա՛մ զուգահեռ ներմուծում է եղել, բայց չի գրանցվել որպես ներքին արտադրություն: Նույն պատմությունն է նաև ծխախոտի պարագայում: Ընդհանրապես ՀՆԱ-ն բավական մշուշոտ ցուցանիշ է. Հայաստանի վիճակագրական կոմիտեն այն հաշվարկում է երեք ամսվա կտրվածքով, և բնական է, որ նա ցանկանում է ավելի լավ պատկեր ներկայացնել, քան իրականում կա: Անշարժ գույքի շուկայի հաշվարկներում, օրինակ, կեցության վարձավճարների աճը խթանում է ՀՆԱ-ն, չնայած կացարանը քառակուսի մետրերով կարող է կայուն մնալ: ՀՆԱ-ում բանկային ոլորտը ներկայացված է ֆինանսական և ապահովագրական ոլորտներով. 2025 թվականին, օրինակ, ՀՆԱ-ի 36 %-ը կազմել են ֆինանսական ոլորտը, շինարարությունը և անշարժ գույքը: ՀՆԱ-ի մնացած մասը ապահովվում է ոչ թե արտադրանքի աճով, այլ դրա գների աճով: Այսինքն՝ գնաճը որոշակի չափով նպաստում է ՀՆԱ-ի աճին:
– Ինչո՞ւ է Հայաստանը ֆինանսական միջոցների ներհոսքի պարագայում այնուամենայնիվ ավելացնում արտաքին պարտքը։ 2026 թվականին այն նախատեսված է 16,5 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի մոտավորապես 52,9 %-ը) կամ ավելի քան 8 միլիարդ դոլար բյուջետային եկամուտներ, այսինքն՝ երկու անգամ շատ։ Հիշում եմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018 թվականին մեղադրում կառավարությանը անգործունակության մեջ՝ մեծ պարտքեր կուտակելու համար։ Այն ժամանակ արտաքին պարտքը մոտավորապես 5,5 միլիարդ դոլար էր և 6,8 միլիարդ դոլար պետական պարտքը՝ երեք անգամ ավելի քիչ, քան այսօր է։
– Հիմնական պատճառը թաքնված է փոխարժեքի տարբերության մեջ։ Դոլարի նկատմամբ դրամի խիստ արժևորման պատճառով արտարժույթով պարտքի սպասարկումը դարձել է զգալիորեն ավելի էժան։ Պետության համար ավելի ձեռնտու է դարձել դոլարային վարկեր ներգրավելն ու սպասարկելը, ինչը հանգեցրել է արտաքին պարտքի աճին։ Սակայն մի խնդիր կա. եթե դրամը հանկարծակի արժեզրկվի, պարտքի չափը ազգային արժույթով կտրուկ կաճի։ Այս դեպքում լուրջ ռիսկ կառաջանա. պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կգերազանցի պաշտոնապես օրենքով սահմանված 60 %-ի սահմանը։
– Այսինքն՝ ՀՆԱ-ն կարող է աճել, բայց դա կյանքի վրա չի ազդում։ Հասկանալի է։ Հիմա մեր կյանքը բարելավելու համար հակում կա միանալու ԵՄ-ին, թեև նրա կողմից առանց որևէ պարտավորության։ Այսինքն՝ մենք ուզում ենք գնալ այնտեղ, որտեղ մեզ չեն հրավիրում։ Բայց ԵՄ-ին միանալ ձգտող երկրներում տարածվում է ԵՄ անդամ պետությունների սոցիալական հարմարավետության առասպելը՝ չնայած այն բոլոր խնդիրներին, որոնք կրում է այդ կառույցը։ Այս ցանկությունների իրականանալի լինելը չքննարկենք։ Բայց հանկարծ հրաշք է տեղի ունենում, և հայտնվում ենք ԵՄ-ում։ Ի՞նչ կտա դա։
– Այս մասին կա մի մեմ (մշակութային նշանակություն ունեցող տեղեկատվական միավոր). ուզում ես կործանել երկիրը՝ դարձրու այն ԵՄ անդամ։ Կոպիտ է, բայց գրեթե իսկություն է։ Հայկական տնտեսության համար նման քայլը, որը ենթադրում է քաղաքական առաջնությունների փոփոխություն, կապված է բարձր տնտեսական ռիսկերի հետ։ ԵՄ մուտք գործելը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայի կորստին, որտեղ այժմ գնում է հայկական արտահանության մոտ 40 %-ը (հիմնականում դրանք բարձր ավելացված արժեքով ապրանքներ են)։ Եվրոպական շուկան կազմում է հայկական արտահանության միայն 5 %-ը (հիմնականում՝ հանքարդյունաբերություն), որից թեթև արդյունաբերությունը կազմում է 10 %-ը։ Բացի դրանից, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տալիս է էժան էներգառեսուրսների հասանելիություն եվրոպականից բազմապատիկ ցածր գներով, ինչը պաշտպանում է երկիրը համաշխարհային էներգետիկ ճգնաժամերից։ Եվրոպայում ԵԱՏՄ-ի շուկային համարժեք փոխարինող տվյալ պահին չկա։
Ընդ որում, հենց 2018 թվականից հետո է նկատվում ԵԱՏՄ արտահանման բազմապատիկ աճ, ինչը մեր տնտեսությանը տալիս է զգալի առավելություններ: Ճիշտ է, որակի նկատմամբ պահանջները ավելի ցածր են, քան ԵՄ-ում, ինչը հնարավորություն է տալիս Ռոսկոմնադզորին երբեմն անցնել քաղաքական որոշումների՝ հանկարծակի սկսելով բծախնդրություն ցուցաբերել որակի նկատմամբ այնտեղ, որտեղ նախկինում խնդիրներ չեն առաջացել: Թեև հայ արտադրողներն էլ միշտ չէ, որ մոլեռանդորեն հետևում են որակին:
Այս ամենի հետ մեկտեղ ոչ ոք չի չեղարկել տնտեսական դիվերսիֆիկացիան. կարելի է համագործակցել և՛ ԵՄ-ի, և՛ աշխարհագրորեն մեզ ավելի մոտ Մերձավոր Արևելքի հետ։ Ցավոք, ԵՄ մուտք գործելու միտումը նշանակում է քաղաքական առաջնությունների փոփարինում, Ռուսաստանի բարեկամից մենք ստիպված կլինենք դառնալ նրա թշնամին, ինչը մեզ համար նշանակում է տնտեսական աղետ։ Սա՝ անկախ Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքից։
Լուսանկարում՝
Տնտեսագետ, ‘’tvyal.com'' ընկերության ղեկավար Աղասի Թավադյան

