Ինչ է պատմել Բլեյանը վեհափառի հետ հանդիպումից հետո
Մշակութային«ԱՄԵՆ ՕՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԿԱՆՋ ՍՂՈՑՈՂ, ՍԱՐՍԱՓԵԼԻ ՂԺՂԺՈՑԻ»
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը փոթորկված շարունակում է իր ընթացքը: Սակայն այս ամենի ֆոնին, հավատարիմ մնալով հավատքին ու արժեքներին, օրերս մի խումբ մշակութային գործիչներ հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝«Իրավունք»-ը զրուցել է երգահան ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԻ հետ:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԹՈՒԼԱՑՆԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ»
— Ինչպե՞ս է իրեն զգում Վեհափառը եւ ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ եկեղեցու դեմ ուղղված այսքան արշավներից հետո:
— Վեհափառը շատ խաղաղ էր, իհարկե՝ մտահոգ այն ամենով, ինչ կատարվում է, բայց հանդարտ էր եւ վստահ` եկեղեցու ներքին ամրության եւ հանրային աջակցության վրա։
— Տիկին Բլեյան, ի՞նչ թեմաներ քննարկվեց Վեհափառ Հայրապետի հետ:
— Նախ՝ Վեհափառը մանրամասն ներկայացրեց 2018 թվականից սկսված հակաեկեղեցական արշավը՝ հայտնելով նաեւ մեզնից շատերին անհայտ մանրամասներ։ Փաստացի, այս իշխանությունների հաստատման առաջին իսկ օրերից սկսվել են ոտնձգությունները, տարբեր բնույթի, իսկ վերջին տարում դրանց են միացել ուժային, արդեն հստակ հակաօրինական գործողությունները։ Դրանց «պասկը» եկեղեցու հանդեպ ցինիկ, քայքայիչ արշավը ՔՊ նախընտրական ծրագրում ներառելու հակասահմանադրական դրույթն է։
Իհարկե, բոլորս ծանոթ էինք այս տխուր տարեգրությանը, այնուամենայնիվ, գործողությունների այդ հետեւողական շղթան մեր մտքում թարմացնելը կարեւոր էր։ Այդպես պարզ տեսնում ես, թե ինչքա՛ն համառորեն ու հետեւողականորեն են այս իշխանությունները ձգտում թուլացնել եկեղեցին եւ նրա ազդեցությունը։ Ու շա´տ բաներ են հասկանալի դառնում։
Վեհափառի խոսքից հետո երկար հարցուպատասխան էր, հիմնականում փորձում էինք ճշտել, թե եկեղեցին այսօր ի՞նչ ակնկալիքներ ունի հայ հանրությունից, հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող խմբերից ու անհատներից։ Վեհափառը շատ պարզ ու հանդարտ էր նայում այս հարցին՝ ասելով, որ ամենակարեւորը վերաբերմունք արտահայտելն է, չլռելը, քանի որ եկեղեցին հենց ինքը՝ ժողովուրդն է, ու այս միասնությունը, հոգատարությունը ամենակարեւոր պաշտպանությունն են ու ամենակարեւոր ազդակը եկեղեցու համար։
«ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ՎՐԱ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՉԴԱՋԵԼ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՊԻՏԱԿԸ»
— Որպես արվեստագետ, ինչպե՞ս կգնահատեք մեկնարկած քարոզարշավը:
— Այստեղ, ցավոք, արվեստ չկա։ Իշխանությունները գերազանցեցին բոլորի ակնկալիքները՝ ցինիզմի եւ ատելության խոսքի, կեղծիքի, վարչական եւ ուժային ռեսուրսի կիրառման առումով։ Բայց սա դեռ սկիզբն է, դեռ հաստատ ավելի վատ է լինելու։ Դրա փոխարեն, ընդդիմությունը հաճելիորեն զարմացնում է՝ տանելով առավելապես ծրագրային արշավ, հանդես գալով թիրախային, քաղաքական խոսքով։
Ինչքան իշխանություններն ավելի կեղտոտում են իրենց խոսքն ու պահվածքը, այնքան ընդդիմությունն ավելի միաբան ու գործընկերային է դառնում։ Իշխանությունների պահվածքը նպաստում է ընտրողի կողմնորոշմանը եւ ընդդիմության բյուրեղացմանը, ու դա լավ է։ Վատ է, որ ամեն օր ստիպված ենք ականատես լինել հակահիգիենիկ տեսարանների եւ ականջ սղոցող, սարսափելի ղժղժոցի։ Վատ է, որ ստիպված ենք ամեն օր տեսնել այդ անճաշակ, տգեղ բեմադրությունները, այդ սուտը, բայց սա նաեւ հասարակությանն օգնում է ավելի պարզ տեսնել իրականությունը։
— Մեր վերջին զրույցի ընթացքում, Դուք ասացիք, որ Փաշինյանը կամիկաձեի նման գնալու է մինչեւ վերջ: Ըստ Ձեզ, այս ընտրությունները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել, թե մնացել եք նույն կարծիքին:
— Հիմա առավել եւս գնում է «մինչեւ վերջ»։ Հատկապես հիմա, երբ զգում է ընտրողի դիմադրությունը եւ ամեն օր սաստկացող անվստահությունը, սկսում է օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, իսկ դրանք հիմնականում ուժային եւ քարոզչական տեռորի գործիքներն են։ Քրեական գործեր, կալանքներ, ոչ միայն ընտրություններին մասնակից ընդդիմադիրների, այլ ընդհանրապես՝ իրեն ընդդիմացողների հալածանքներ եւ այլն։ Քարոզչական պաստառը վնասելը դառնում է մահվան պատճառ։ Ագրեսիվ քարոզչությանն ընդդիմանալն ավարտվում է ձերբակալությամբ։ Արցախցիների դեմ տարվող թունավոր ատելության արշավի արդեն անթաքույց կոորդինացիա՝ հենց «առաջին դեմքի» կողմից։
Սա չտեսնված-չլսված բան է, բայց նա դա արդեն չի էլ զգում։ Նա արդեն անցել է հնարավորի սահմանը։ Մարդկայնության բոլոր գծերը հատվել են։ Ցավն այն է, որ նրա կողքինները կա´մ դա այլեւս չեն զգում, կա´մ պարզապես իրենց թվում է, թե իրենք նույնպես չունեն հետդարձի տեղ։ Ես կուզեի այդ մարդկանց հուշել, որ իրենք դեռեւս ունեն հետդարձի ճանապարհ։ Ավելին, մինչեւ ընտրությունները մնացած այս երեք շաբաթը հակամարդկային եւ հակաօրինական այս ճանապարհից հետ շրջվելու երեւի վերջին հնարավորությունն է։ Նրանց մեջ երիտասարդ մարդիկ կան, որոնք դեռ կարող են հետ քաշվել, իրենց վրա վերջնականապես չդաջել հանցակցության այդ պիտակը։
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶԶՎԱՆՔ ՈՒ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՀԱՆԴԵՊ»
— Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի գոնե այս անգամ հաջողի:
— Պիտի ազնիվ ու անկեղծ աշխատի ընտրողի հետ։ Բացատրել, խոսել, գտնել բոլոր խմբերի հետ աշխատելու ճիշտ «լեզուն»։ Բացատրել այս ընտրությունների կարեւորությունը։ Հարգել ընտրողի՝ նախկինում սխալվելու եւ հիմա էլ որոշ բաներ լավ չպատկերացնելու իրավունքը։ Մարդիկ իրենց ամենօրյա հոգսաշատ կյանքի մեջ շատուշատ դետալներ չեն հասցնում վերլուծել։ Գումարած՝ տեղեկատվական, քարոզչական ամենաիսկական տեռորը, որի մեջ նրանք ամեն օր ապրում են այս իշխանությունների «շնորհիվ»։ Ընդդիմությունը պետք է նաեւ հասկանա եւ ընդունի սեփական սխալները, ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա։ Ներկա փուլում ընդդիմության տարբեր թեւեր լուծում են նույն խնդիրը՝ թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրությունը։ Նրանք պիտի կարողանան հասարակությանը հանել ապատիայից, ցույց տալ, որ փոփոխությունն իրոք հնարավոր է, եւ այն հենց իր՝ ընտրողի ձեռքերում է։
Իհարկե, պիտի լինի մրցություն ընտրողի ձայնի համար, բայց ներընդդիմադիր թշնամությունը հիմա միայն խորացնում է ապատիան։ Իշխանություններն ուզում են խորացնել ապատիան, զզվանք ու տհաճություն սերմանել քաղաքական պրոցեսի հանդեպ, որ մարդը մնա տանը, չհավատա փոփոխություններին։ Ընդդիմությունը պիտի անի ուղիղ դրա հակառակը։
— Վստահ եմ՝ տեղյակ եք խորհրդարանական ընտրություններին մասնակցություն հայտնած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Մշակութային առումով բավարարվա՞ծ եք, թե՞ կան բաց կետեր, որոնք կցանկանայիք լրացնել:
— Ես կարող եմ խոսել կոնկրետ մի ծրագրի մասին, որի մշակութային բաղադրիչի կազմմանը ես ինքս էլ մասնակցել եմ՝ ԲՀԿ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային բաղադրիչի։ Ինքս կուզեի դրա մասին կարծիքներ լսել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ բավականին ընդգրկուն ու նորարարական է, ունի առաջարկներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել այսօրվա ճահճացած, տխուր դաշտը, նոր դինամիկա բերել։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

