«Ժողովուրդ». Ի հեճուկս Փաշինյանի, Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հակառակ գործընթացն է հասունանում․ քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։
Արցախյան քաղաքական և հասարակական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում են նաև հնարավոր տարբերակներ և անուններ։ Շրջանառվում է պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի անունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մի քանի պատգամավորների անուններ։
Այսպիսով, մինչ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Արցախի ներկայացուցչության շենքի և ինստիտուցիոնալ ներկայության սահմանափակման ուղղությամբ, արցախցիները քննարկում են հակառակ օրակարգը՝ ինչպես վերականգնել և գործնական ռեժիմով ապահովել Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

