Նախընտրական ծրագրերում չկա հստակություն. Անահիտ Եղոյան
Ներքաղաքական«Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ կարծիքով` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում չկա հստակություն:
— Եթե քաղաքական ուժը գնում է ընտրության` երկրի կառավարման ծրագրով, պետք է հստակ գիտակցի՝ տնտեսական աճ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն: Այսինքն՝ հստակ գործողություններ պետք է լինեն, ոչ թե գրեն թղթի վրա եւ ներկայացնեն հանրությանը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ցանկանում եմ հասկանալ՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք քարոզարշավի ընթացքում բարձրացնում են Արցախի հարցը, ինչպե՞ս են տեսնում դրա լուծումը: Արցախի վերադարձն ինչպե՞ս է լինելու: Արցախի հարցը բազմաշերտ եւ դարավոր հարց է եղել: 1988 թվականին, արցախահայությունը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներով, այն է ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա, որոշեց, որ դուրս է գալիս Ադրբեջանի կազմից եւ միանում է Հայաստանին: Ի՞նչ պատճառով եւ ո՞ւմ թեթեւ ձեռքով այդ հարցը չլուծվեց, պարզ չէ:
Իսկ հիմա ինչպե՞ս է լուծվելու՝ պատերա՞զմ պիտի հայտարարենք Ադրբեջանին: Կամ ո՞ր արցախցի տղամարդը թույլ կտա իր մորն ու կնոջը, երեխային վերադառնալ այս պայմաններում Արցախ: Սա մի հարց է, որը պետք է անհանգստացնի նաեւ մեզ՝ չմասնակցող կուսակցություններին, քանի որ այս հարցը հետո լինելու է Սյունիքի վերաբերյալ եւ այդպես շարունակ: Սա նաեւ անվտանգության հարց է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

