ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է
ՎերլուծությունԹերեւս, Հայաստանի` ԵՄ գնալ–չգնալու թեման Մոսկվան այլ իրավիճակում այդ կարգի սուր չընկալեր (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=340812&l=am): Բայց ահա, շատ հարցեր նոր որակ են ստացել, հաշվի առնելով այն արդեն անթաքույց սրացումները, որոնք այսօր շեշտակի արագությամբ զարգանում են ռուս–եվրոպական հարաբերություններում: Այստեղ, իհարկե, առաջին տեսանելի պլանում Ուկրաինան է: Բայց այն, որ հարավկովկասյան տիրույթը համառորեն փորձում են վերածել երկրորդ ճակատի, այս պահին կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ, եւ մեր տարածաշրջանն էլ, հասկանալի է, էլ ավելի է սկսում կարեւորվել Մոսկվայի համար:
Օրերս Ռուսաստանի ուղղությամբ հասցված ուկրաինական անօդաչուների հարվածաշարը եկավ հուշելու, որ իրականում վիճակը ծայրահեղ մակարդակի վրա է: Մեկ օրում ուկրաիական ուժերը Ռուսաստանին հարվածել են ռեկորդային թվով` ավելի քան 1000 անօդաչու թռչող սարքերով: Իսկ դա արդեն ամենաակտիվ օրակարգ է բերում թեման, թե որտեղի՞ց Ուկրաինային այդքան անօդաչու: Հարցի պատասխանը միանշանակ է. ուկրաինական (կամ ուկրաինականի անվան տակ) անօդաչուների մեծածավալ արտադրությունը տեղակայված է Եվրոպայում: Նաեւ, դրանք գործում են ամերիկյան` Մաքսի Starlink համակարգով: Այսինքն, Կիեւն ընդամենը կոճակ սեղմող է, ՌԴ-ի վրա աճող հարվածների թիկունքում կանգնած է Հավաքական Արեւմուտքը: Ու հարցը, նաեւ հաշվի առնելով հենց Ռուսաստանի ներսում աճող մտահոգությունները, այսպես է. ի՞նչ է պատրաստվում անել Մոսկվան: Այլապես, այսօրվա 1000 անօդաչուն կդառնա 2 000, 3 000 եւ այլն, կմեծանա դրանց հեռահարությունը, հզորությունը. Եվրոպան դրա պոտենցիալն ունի: Ու դրա հետ միաժամանակ, նաեւ կսրվի Ռուսաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքը, որը, կրկնենք, ուղղակիորեն գալիս է Արեւմուտքից:
Նախազգուշացումները, որոնք քանիցս Եվրոպային են հղվել «կարմիր գծերի» տեսքով, ակնհայտորեն չեն աշխատում: Տեսանելի չեն նաեւ բանակցային լուծումները: Ու մյուս կողմից, Եվրոպայում ավելի մասշտաբային է դառնում վառելիքային ճգնաժամը, որը վերածվում է տնտեսականի: Ու այս պարագայում ռուսական ուղղությամբ ռազմական սրացումները Եվրոպայի համար կարող են միջոց դառնալ հանրային կոշտացող գնահատումներն այլ ուղղություններով շեղելը:
Ահա այս ֆոնին, մռայլ կանխատեսմամբ հանդես եկավ ուկրաինական փորձագիտական աղբյուրը, որն իր եզրակացություններում, որպես կանոն, չի սխալվում: Աղբյուրն ընդամենը ներկայացրել է կոնկրետ փաստեր` դրանք ընկալելով` որպես ընդհանուր շղթայի տրամաբանական օղակներ. «Փազլն աստիճանաբար հավաքվում է։
Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պարզեցվում է Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։ Ավելի վաղ Ռուսաստանը օրենք էր ընդունել արտասահմանում գտնվող ռուս քաղաքացիներին պաշտպանելու համար ռուսական բանակի օգտագործման մասին։ Դրանից առաջ Ռուսաստանը փորձարկել էր միջուկային տակտիկական եւ ստրատեգիական զենք կրելու ունակ հրթիռներ։ Ավելի վաղ Բելառուսը հայտարարել էր, որ ընդլայնելու է քաղաքացիների որոշակի զորահավաքը ռազմական պատրաստության համար։ Ու երեկ էլ հայտնի դարձավ, որ ՌԴ–ն եւ Բելառուսն իրականացրեցին մարտավարական միջուկային զենքի կիրառման համատեղ վարժանքներ»:
Ու այս ֆոնին, աղբյուրը ֆիքսում է այն սրացումները, որոնք նկատվում են Մերձդնեստրի ուղղությամբ: Այն է` Զելենսկին եւ Սանդուն ունեն չափազանց ակտիվ շփումներ, մոլդովական ուժերը անցել են անօդաչուների ուսումնառության պրակտիկ դասընթացներ Ուկրաինայում, իսկ Զելենսկին ուժեր է կենտրոնացնում Մերձդնեստրի հատվածում:
Վերջապես, այս շղթայի օղակներ կարող է լինել այն, որ ԱՄՆ–ն դուրս է բերում իր զորքերը Լեհաստանից եւ Գերմանիայից՝ կարծես թե չուզենալով ներքաշվել ուրիշի խաղի մեջ: Ու նաեւ, ըստ խոսակցությունների, Թրամփը Չարլզ III-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը «կոչնչացնի ամբողջ բնակչությանը», այլ կերպ ասած, պետք չէ այս պահին կատակել Կրեմլի հետ։
Այսինքն, ներկա իրավիճակում, աղբյուրի գնահատմամբ, չափազանց մեծացել է Մերձդնեստրի վրա հարձակման վտանգը, իսկ Մոսկվան ցույց է տալիս, որ կպաշտպանի ինչպես այնտեղի ՌԴ քաղաքացիներին, այնպես էլ` ռուսական ռազմական կոնտինգենտը: Ընդ որում, անկլավային վիճակում գտնվող Մերձդնեստրը պաշտպանելու քիչ հնարավորություններ կան, եւ, ըստ աղբյուրի. «Մենք վստահ ենք, որ եթե Մերձդնեստրի ավանտյուրան սկսվի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վրա կարձակվեն ոչ միայն հրթիռներ, այլեւ, ամենայն հավանականությամբ, տակտիկական միջուկային զենքեր...»։
Ամեն դեպքում, եթե բանը հասել է նրան, որ Եվրոպան «դաբրո» է տալիս Զելենսկուն` 1000 անօդաչու ուղարկել Ռուսաստանի վրա, արդեն այն պարզ ազդակն է, որ նոր էսկալացիայից խուսափելը գրեթե անհնար է: Կրկնենք. սա արդեն այն ծայրահեղ կետն է, որից այն կողմ նահանջը Ռուսաստանի համար ռազմավարական բնույթի լուրջ խնդիրներ է առաջացնելու:
Ու, թերեւս, վաղը մեկնարկող Պուտինի Պեկին այցի շրջանակներում այդ թեման եւս հիմնական ուշադրության տակ է լինելու:
Մի խոսքով, որ առաջիկա մեկ–երկու շաբաթներին ծայրահեղ սուր զարգացումների հավանականությունը շատ մեծ է, դժվար չէ տեսնել: Դա որքանո՞վ կանդրադառնա նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի վրա, թերեւս, այս հարցի հետ կապված պետք է նայել նաեւ ոչ պակաս սուր իրավիճակին, որն այս օրերին կա նաեւ իրանական ուղղությամբ:

