ԷՐԴՈՂԱՆԱՄԵՏ ԽԱՂԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԼԻՈՏԻՆԻ»
ՎերլուծությունՀիստերիան, որը երեկ սարքեց Նիկոլը Արաբկիրում, հերթական հիմնավորումն է, թե ինչ անհավասարակշիռ վիճակի է հասել: «Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու։ Ռոբին սատկացնելու եմ, նստացնելու եմ։ Էն մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են։ Փախել են պատերազմից, մեր երեխեքին էլ լքել են...»,– անվերջ գոռգոռում էր Փաշինյանը, ընդամենը այն բանի համար, որ շարքային ընտրողն ընդամենը հարցնում էր պատերազմում անհետ կորած իր բարձրաստիճան սպա եղբոր մասին:
ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Հասկանալի է, նման նյարդային գերլարված վիճակը եւ ամեն անգամ, երբ հիշեցնում են Արցախի կորուստն ու Հայաստանի ներկա ողբերգական վիճակը, հիստերիայի մեջ ընկնելը հենց այնպես, օդից չի ընկնում: Ամեն մի նման հարցադրումը նրան առնվազն հիշեցնում է մեկ փաստ. հանրությունը մոռացության չի մատնելու ո՛չ պատերազմը, ո՛չ հազարավոր զոհերը, ո՛չ հենց նույն Նիկոլի ասածները, թե առանց զոհերի էլ կարող էինք նույն արդյունքն ունենալ, եւ այդպես շարունակ: Ու եթե մարդիկ հիմա հանդգնում են հենց իր վարչապետական երեսին այդ ամենը շպրտել, կարելի է հասկանալ, թե այդ երեսն իր վարչապետական դիրքը կորցնելու դեպքում ինչեր է ստիպված լինելու լսել, այդ թվում` անխուսափելի իրավական գործընթացների ժամանակ: Այսինքն, որքան էլ որ փորձել է «երեսը մաքրել» այս տարիներին, անօգուտ է. մարդիկ հասկանում են, հիշում են եւ պահանջում են իրենց հարցերի իրական պատասխանները:
Կարճ ասած, ամեն մի նման էպիզոդ Նիկոլին նորից ու նորից է համոզում, որ վարչապետական աթոռը ոչ մի դեպքում չի կարելի կորցնել: Միայն թե այդ «ոչ մի դեպքումի» սահմաններն են գնալով սեղմվում: Այսինքն, ներքին նման ծայրահեղ դժգոհության պարագայում պետք է գոնե արտաքին աջակցություն ունենաս, որ կարողանաս աթոռ պահել: Ու հենց այստեղ է, որ գնալով աճող խնդիրների պակաս չկա: Սկզբում մեծ հույսեր կային Թրամփի հետ կապված` «Թրամփի միջանցքի» սցենարը կարող էր լավ քարոզչական հիմք դառնալ: Բայց ակնհայտորեն չստացվեց: Մեծ հույսեր կային եվրոպացիների հետ կապված: Նրանց էլ, թեեւ տասնյակներով բերեցին Հայաստան, բայց ո՞րն էր օգուտը, չի երեւում: Օրինակ, ինչպե՞ս կարող է կնոջից «չափալախներ» ստացող Մակրոնը հայաստանի քաղաքացիներին համոզել, թե գիտեք, Նիկոլը լավն է, գնացեք նրան ընտրեք: Կամ բրիտանացի Սթարմերը, որից անգամ իր սեփական ժողովուրդն է զզվում, եւ որն այսօր–վաղը հրաժարական է տալու:
Ալիեւի եւ Էրդողանի հետ կապված եւս հույսեր կային: Բայց Ալիեւը մի «խաղաղության պայմանագիր» անգամ չստորագրեց, որ Նիկոլը գոնե դա դներ իր ներկա քարոզչության հիմք հանդիսացող «խաղաղություն» տերմինի տակ: Էրդողանն էլ կարող էր սահմանը բացել, որը եւս Նիկոլի համար լավ քարոզչություն էր: Բայց չի բացում` փոխարենը ինչ–որ ոչինչ չտվող մաքսային ձեւակերպումների մասով որոշումներ կայացնելով:
Ու ահա այստեղ է, որ Նիկոլը, ընկնելով դրսից ինչ–որ բան պոկելու հուսահատ փորձերի հետեւում, այդ փորձերն իսկական փորձանք սարքեց գլխին. ռուսների հետ հարաբերությունները Եվրոպայի եւ Էրդողանի ուղղությամբ այդ խաղերի արդյունքում հատեցին «պլինտուսից ցածր» մակարդակը եւ շարունակում են հետեւողականորեն էլի ցած իջնել: Ու նույն վիճակն է նաեւ Իրանի մասով: Ու ահա պարզվեց, որ Նիկոլը դեմ առ դեմ է մնացել ժողովրդի հետ, առանց դրսի տեսանելի եւ շոշափելի օգնության, այլ ուղղություններով էլ թշնամությանը մոտեցող իրողության առաջ կանգնելով: Բա սրանից հետո հիստերիայի մեջ չընկնի՞:
ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ
Ամեն դեպքում, վիճակն ավելի վատթարանալու միտում ունի, որի մասին է հուշում ՌԴ–ից եկող եւ միայն կոշտացող ճնշումները: Ընդ որում, սկսած ամենավերին մակարդակներից, վերջացրած փորձագիտական դաշտով: Օրերս Հայաստանի` ԵԱՏՄ–ից դուրս գալու հետեւանքների մասին հերթական անգամ խոսեց Լավրովը: Ապա նաեւ Պետդումայի նախագահ Վոլոդինը ոչ միայն ներկայացրեց այն հնարավոր կորուստները, որոնք Հայաստանը կունենա` ԵԱՏՄ–ից դուրս գալով, այլ նաեւ ֆիքսեց, թե նիկոլյան այդ կուրսը միայն ՌԴ–ի հետ հարաբերությունները չէ, որ քանդում է, այլ նաեւ. «Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտմանը: Եվ սա, թերեւս, ամենամեծ կորուստն է, որը հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստը»: Վերջապես, որ. «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»։ Ու, որպես համեմատություն, ընդգծեց. «Եվ այստեղ դարձյալ ակամա զուգահեռներ են առաջանում Ուկրաինայի եւ այնտեղ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ»:
Վիճակը փորձեց շտկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում փորձելով պատասխանել Պուտինի հայտնի հայտարարությանը, թե ԵԱՏՄ–ից դուրս գալը եւ ԵՄ գնալը կարող է որոշել միայն հայ ժողովուրդը` հանրաքվեով: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ, եւ ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Մհեր Գրիգորյանը: Բայց սա, հասկանալի է, այն նույն փափուկ բարձն է, որը Նիկոլը մի գլուխ փորձում է դնել Մոսկվայի գլխի տակ: Թե բա, իհարկե, հանրաքվե ենք անելու, այլ տարբերակ չկա: Բայց թե ինչքանով դա կաշխատի, այլ հարց է: Հաշվի առնելով մեկ չափազանց էական գործոն եւս:
Այսպես, այս ֆոնին ռուսական փորձագիտական շրջանակները հակված են այն միանշանակ գնահատմանը, որ պայմանավորված այն նոր իրողություններով, որոնք ստեղծվում են Մերձավոր Արեւելքում ու հատկապես Իրանի շուրջ, տարածաշրջանի եւ այս պահին Հայաստանի դերը Մոսկվայի համար դարձել է շատ ավելի էական: Հաշվի առնելով նաեւ այն բարդությունները, որոնք կան Ադրբեջանում եւ Վրաստանում, ինչպես նաեւ, որ այսպես թե այնպես, Հայաստանը գոնե պաշտոնապես դեռ ԵԱՏՄ–ում եւ ՀԱՊԿ–ում է, եւ այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Կարճ ասած, որպես Իրանի ուղղությամբ կապի օղակ, Հայաստանի կարեւորությունն այս պահին, առավել քան երբեւէ, չափազանց կարեւոր է, ինչը Մոսկվային բառացիորեն է պարտադրում` ողջ ծավալով վերականգնել երբեմնի մի փոքր նվազած ուշադրությունն այս ուղղությամբ, ընդ որում` անկախ ուկրաինական պատերազմի լինել–չլինելուց:
Ամեն դեպքում, դա է պնդում նաեւ ռուսական իշխանություններին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրը` հայտնելով. «Մեր տեղեկություններով՝ Կրեմլը պատրաստվում է Հայաստանի ուղղությամբ երկարաժամկետ աշխատանքի։ Երեւանը դառնում է Ռուսաստանի համար տարածաշրջանում հիմնական ուղղություն։ Նախագահի վարչակազմը եւ այլ գերատեսչություններ գիտակցում են ներկայիս ընտրական ցիկլի կարեւորությունը։ Առավելագույն ջանքեր կգործադրվեն իրավիճակը փոխելու համար, թեեւ Փաշինյանն իր կողմում ունի վարչական ռեսուրսներ եւ հզոր արեւմտյան կոալիցիա։ Առաջիկա տարիներին Ռուսաստանը նախատեսում է ակտիվացնել իր աշխատանքը տեղեկատվական եւ քաղաքական ոլորտում եւ կփորձի տնտեսական ազդեցությունը վերածել քաղաքական ազդեցության...»: Ընդ որում, փորձագետը նաեւ պնդում է, որ կլինեն գործողությունների մեթոդների փոփոխություն` ելնելով արդի իրողություններից. «Հիմա դիվանագիտության եւ զգուշության ժամանակը չէ։ Անհրաժեշտ են վճռական գործողություններ եւ արդյունքներ»:
ՈՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ
Նաեւ ասել, թե Հայաստանի ուղղությամբ Մոսկվայի ներկայիս ակտիվացող կուրսը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, միամտություն կլիներ: Ընդ որում, անկախ այն բանից` Ռուսաստանն իր առաջ նման խնդիր դրե՞լ է, թե` ոչ: Իրողությունը սա է. ռուսական ուղղությամբ գործող հայաստանյան ամեն մի գործարար, «խոպանչի», Ռուսաստանից եկող տրանսֆերներով ապրող եւ այլն, իսկ խոշոր հաշվով` ռուսական գազից եւ հումքի այլ տեսակներից օգտվող ցանկացած քիչ թե շատ գիտակից քաղաքացի հասկանում է, որ Նիկոլի կողմից համառորեն առաջ տարվող քաղաքականությունը ինչի է հասցնելու, եթե նրան հաջողվի վերարտադրվել: Արդեն այս պահին Ռուսաստան տարվող հայաստանյան շատ ապրանքներ, հատկապես` գյուղմթերքները, մտնում են նպատակաուղղված ստուգումների փուլ, որին կարող են հաջորդել արգելքները: Իսկ դա լուրջ հարված է հայաստանյան գյուղացիությանը, որի բերքի սպառման հիմնական շուկան հենց Ռուսաստանն է: Եվ որ Նիկոլի համար այս իրավիճակում ամենավատն է, մարդիկ սկսել են ավելի պարզ հասկանալ, թե իրականում ինչ կա այդ ամենի տակ, եւ ինչ կարող է լինել արդեն հունիսից:
Գումարած սրան, չմոռանանք, մայիսի վերջերին կայանալու է ԵԱՏՄ երկրների առաջնորդների հերթական հանդիպումը: Դրան Նիկոլը, ըստ ամենայնի, չի մասնակցելու: Բայց դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի թեման չի դառնալու քննարկման հարց, որը եւս, եթե հանկարծ դրվի սուր տարբերակով, կարող է ոչ թե նույնիսկ ազդել ընտրությունների վրա, այլ պայթյունային էֆեկտ ունենալ: Մի խոսքով, որ Նիկոլը շատ լուրջ մտածելու հարցեր ունի, դա հաստատ է: Որ այդ բոլոր հարցերի հանրագումարը նրան հասցնում է նյարդային նման լարվածության, դա էլ տեսնում ենք: Ու այս ամենն ի՞նչ ներքին սրացումների կտանի, դա այս պահին դառնում է ամենամտահոգող հարցերից մեկը:

