Եվ փրկեա զմեզ ի չարե
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական կյանքը վերջին շաբաթներին մտել է մի փուլ, երբ այլեւս նույնիսկ իշխանության ամենահավատարիմ սպասարկուները չեն կարողանում թաքցնել իրականությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցնում է ինքնատիրապետումը: Երբ քաղաքական ուժը դադարում է խոսել ծրագրերից, ապագայից, անվտանգությունից ու պետությունից, եւ սկսում է խոսել սպառնալիքի, ատելության, հաշվեհարդարի ու թշնամանքի լեզվով, դա արդեն քաղաքական ճգնաժամ չէ միայն, պետականության ճգնաժամ է:
Փաշինյանի վերջին ելույթները, բառապաշարը, վարքագիծը, մարդկանց նկատմամբ ցուցադրած վերաբերմունքն այլեւս պատահական պոռթկումներ չեն: Սա համակարգված քաղաքականություն է՝ կառուցված հասարակության ներսում թշնամիներ ստեղծելու, խմբեր իրար դեմ հանելու, մարդկանց վախեցնելու եւ քաղաքական լռության պարտադրանքի վրա:
Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, արդեն սովորական նախընտրական քարոզչություն չէ: Նա բացահայտորեն հրահրում է քաղաքացիական բախումներ:
Երբ երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է՝ «Ով Ղարաբաղի հարցը բացի, ինձ հետ խնդիր է ունենալու», սա քաղաքական հայտարարություն չէ: Սա սպառնալիք է: Ո՞վ է Փաշինյանը, որ որոշի՝ հայ ժողովուրդը խոսելո՞ւ է Արցախի մասին, թե՝ ոչ: Արցախի հարցը նա չի ստեղծել, որ հիմա էլ փորձի փակել ժողովրդի բերանը: Արցախը հայ ժողովրդի ազգային իրավունքների, հիշողության ու պայքարի հարցն է, ոչ թե ՔՊ գրասենյակի ներքին կանոնադրությունը:
Ավելին, Փաշինյանի հռետորաբանությունը գնալով դառնում է ոչ միայն ագրեսիվ, այլեւ՝ մարդկային ողբերգությունների հանդեպ ցինիկ:
«Ա՛յ ստահակ, դու ինչի՞ չես զոհվել, լակո՛տ, ոտի տակ չընկնես», - սա արդեն ոչ թե քաղաքական լեզու է, այլ բարոյական փլուզում: Երկրի ղեկավարը պատերազմ վերապրած, տեղահանված, հայրենիք կորցրած մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել: Սա նույնիսկ քաղաքական հակառակորդին վիրավորելու սահմաններից անդին է: Սա մարդու գոյության իրավունքը կասկածի տակ դնելու լեզու է:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍՏԱՆՈՒՄ Է ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
Փաշինյանն այսօր թիրախավորում է հատկապես արցախցիներին, որովհետեւ նրանք կենդանի հիշեցումն են իր քաղաքական ձախողման: Արցախցիների գոյությունն ինքնին հերքում է այն ստերը, թե «Արցախում մարդիկ չէին ապրում», «դպրոցներ չկային», «ամեն ինչ միֆ էր»: Այդ մարդիկ իրենց կորսված տներով, գերեզմաններով, հիշողություններով ու ցավով ամեն օր ապացուցում են իշխանության կեղծիքը: Եվ հենց դրա համար է իշխանությունը նրանց դեմ ատելության արշավ սկսել:
ՔՊ-ականների հայտարարությունները վաղուց անցել են քաղաքական բանավեճի սահմանը: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի արտահայտությունը, թե՝ «Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա», ոչ միայն ցինիզմի, այլ նաեւ պետական խայտառակության օրինակ է: Մի իշխանություն, որն իր հայրենակիցներին անվանում է «թռածներ», բարոյական իրավունք չունի խոսելու համերաշխությունից կամ պետականությունից:
Սակայն ամենասարսափելին այն է, որ Փաշինյանի վարքագիծն աստիճանաբար ստանում է բռնապետական բնույթ: Այսօր նա գործում է միաժամանակ մի քանի ուղղություններով. մեկին սպառնում է ուղիղ եթերում, մյուսին՝ հակակոռուպցիոն կոմիտեով է ճնշում, երրորդին՝ քննչականով: Իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական մահակի: Եթե իշխանությունը որոշում է, որ մարդը պետք է լռի, նրա դեմ միանգամից գործի են դրվում վարչական, հարկային, իրավապահ եւ մեդիա ռեսուրսները:
Պատահակա՞ն է, որ, օրինակ, Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է: Իհարկե՝ ոչ: Սա ուղերձ է բոլորին՝ «խոսելու դեպքում պատժվելու եք»:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Սա նույն ձեռագիրն է, որը մենք արդեն տեսել ենք հայկական քաղաքական պատմության մեջ:
1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերարտադրվեց կեղծիքների, ճնշումների ու սպառնալիքների միջոցով: Այն ժամանակ էլ իշխանությունը համոզված էր, թե կարող է ուժով ճնշել հանրային դժգոհությունը: Բայց պատմությունը ցույց տվեց հակառակը. ընդամենը մեկուկես տարի անց նույն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ:
Պատմությունը կրկնվելու վտանգ ունի, որովհետեւ իշխանությունը կրկին կտրվել է իրականությունից:
Փաշինյանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա այլեւս չի կարողանում թաքցնել սեփական վախը: Վախը հասարակությունից: Վախը մարդկանց աչքերին նայելուց: Վախը հանրային ատելությունից:
Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում քաղաքացիներն այլեւս չեն թաքցնում, որ ատում են Նիկոլ Փաշինյանին: Ոչ թե քաղաքական անհամաձայնություն ունեն, այլ` խորքային մերժում: Որովհետեւ մարդիկ տեսել են պատերազմի աղետը, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, գերեվարվածներին, անհետ կորածներին, բռնի տեղահանված Արցախը:
Եվ երբ այդ ամենից հետո երկրի ղեկավարը սկսում է գոռգոռալ ժողովրդի վրա, դա այլեւս ուժի նշան չէ, այլ՝ խուճապ:
Հատկանշական է նաեւ, որ Փաշինյանի ագրեսիան հաճախ ուղղվում է կանանց դեմ: Արաբկիրում տեղի ունեցած միջադեպը, երբ անհետ կորած բժշկի քույրը՝ Արփինե Սողոյանը, վիճաբանեց Փաշինյանի հետ, ցույց տվեց իշխանության իրական դեմքը: Դրանից հետո, ըստ հրապարակումների, բուժհաստատության ղեկավարությունը հորդորել է բժշկուհուն ազատման դիմում գրել:
Այսինքն՝ մարդը համարձակվել է իշխանության ղեկավարին հարց տալ, եւ հաջորդ քայլը դարձել է աշխատանքից հեռացնելու փորձը: Սա արդեն քաղաքական հետապնդում է:
Փաստաբան Տաթեւիկ Սողոյանի հայտարարությունը, թե մայրը սեփական դիմումով չի հեռանալու եւ հնարավոր ազատումը կվիճարկվի դատարանում, ընդամենը մեկ դրվագ է այն մթնոլորտից, որ ստեղծվել է երկրում:
Մյուս կողմից, իշխանությունը փորձում է հասարակության մեջ վախի նոր ալիք բարձրացնել նաեւ կասկածելի «սպառնալիքների տեսանյութերով»: Սցենարը հին է ու ծանոթ. ինչ-որ դիմակավորված մարդիկ, անհասկանալի տեսանյութեր, աղբյուր չունեցող հրապարակումներ, հետո իշխանության համակարգված «վրդովմունք» եւ ատելության նոր քարոզ:
Նույնը եղավ նաեւ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, երբ հանրությանը պատմում էին իբր Հայաստան մտած «12 հազար վագներականների» մասին: Մինչեւ այսօր այդ գործով չկա ոչ մի պատասխանատու, ոչ մի բացահայտում, ոչ մի կասկածյալ: Որովհետեւ նպատակը ոչ թե հանցագործություն բացահայտելն է, այլ վախի մթնոլորտ ստեղծելը:
Այս իշխանությունը ապրում է թշնամիներ ստեղծելով: Եթե թշնամի չկա, այն պետք է հորինել:
Այս ամենի ֆոնին հատկապես սարսափելի է դառնում Փաշինյանի հոգեբանական վիճակը: Մարդ, որը սեփական քաղաքացիներին անվանում է «տականք», «ստահակ», «լակոտ», չի կարող լինել ազգային համախմբման առաջնորդ: Նա արդեն բաժանում է հանրությանը «իրենց» եւ «մերոնց»: Եվ ամեն անգամ, երբ Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը, հասարակությունն ավելի հստակ է հասկանում՝ այս իշխանությունն ավարտվում է:
Բայց այստեղ կա նաեւ լրջագույն վտանգ: Իշխանությունը, հասկանալով սեփական վարկանիշի անկումը, կարող է գնալ նոր սադրանքների, նոր բախումների, նոր բռնաճնշումների ճանապարհով: Երբ քաղաքական ուժը կորցնում է հանրային վստահությունը, այն հաճախ փորձում է պահպանվել վախի միջոցով: Հենց այդ պատճառով է, որ հունիսի 7-ը սովորական քաղաքական օր չէ լինելու: Դա լինելու է նաեւ բարոյական գնահատականի օր:
Հայաստանի քաղաքացին պետք է գնահատական տա ոչ միայն տնտեսական ձախողումներին կամ անվտանգային աղետին, այլ նաեւ այս գռեհիկ, բարբարոսական, ատելությամբ լեցուն քաղաքական մշակույթին: Որովհետեւ եթե հասարակությունը լռի, վաղը սպառնալիքի թիրախում կարող է լինել ցանկացած մարդ: Այսօր՝ արցախցին, վաղը՝ բժիշկը, մյուս օրը՝ լրագրողը, ուսուցիչը, ընդդիմադիր գործիչը կամ պարզապես դժգոհ քաղաքացի: Երբ երկրի ղեկավարը սկսում է ատել սեփական ժողովրդին, պետությունը կանգնում է վտանգավոր եզրագծի առաջ: Եվ հենց այդ պահին ժողովուրդը պետք է ասի՝ բա՛վ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

