Իշխանությունը, մեղմ ասած, չարաշահում է վարչական ռեսուրսը. Հակոբ Բադալյան
ՆերքաղաքականՀայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը աստիճանաբար թեւակոխում է առավել լարված եւ վճռորոշ փուլ։ Քաղաքական ուժերի միջեւ պայքարը դուրս է գալիս սովորական նախընտրական մրցակցության շրջանակներից՝ վերածվելով երկրի ապագա քաղաքական ու աշխարհաքաղաքական ուղղության շուրջ բախման։ Հանրային դիսկուրսում առանցքային տեղ են զբաղեցնում իշխանության նկատմամբ վստահության հարցը, ընդդիմության հնարավորությունները, արտաքին ազդեցությունների թեման, ինչպես նաեւ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության կարեւորությունը։ Խորհրդարանական ընտրությունների ընթացող նախընտրական քարոզարշավի, նկատված խախտումների մասին «Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
«ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
— Պարոն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը:
— Ինչպես` ավադական բոլոր քարոզարշավները: Այսինքն, դեռեւս որեւէ արտառոց բան չի նկատվել, եւ այս իմաստով գործընթացը ստանդարտի մեջ է: Բայց, իհարկե, հասկանում ենք, որ ինքնին ընտրական գործընթացի տրամաբանությունը ստանդարտ չէ, եւ Հայաստանի համար բավականին վճռորոշ ճամփաբաժան է, թե ինչ ընթացքով պետք է շարժվի պետությունը:
— Իշխանություն-ընդդիմություն շանսերն ինչպիսի՞ն են՝ հաշվի առնելով, որ իշխանությունը քարոզարշավի ընթացքում ավելի մեծ հնարավորություններ ունի՝ պետական լծակներ օգտագործելու:
— Անկասկած, վարչական ռեսուրսները, պետական լծակները առավելություն են տալիս իշխանությանը, բայց կարծում եմ՝ այդ առավելությունը շատ մեծ չէ, հատկապես նկատի ունենալով, որ իշխանությունն ընդհանուր առմամբ ներկայումս ունի լեգիտիմության վարկանիշի շոշափելի խնդիր: Այս տեսանկյունից, իհարկե, ընդդիմության հնարավորությունները նույնպես բավականին իրատեսական են, հատկապես հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կապված այն իրողության հետ, որ պրոցեսում կա նոր խաղացող, նկատի ունեմ Սամվել Կարապետյանին:
Բավականին կոտրվել է այն ավանդական սխեման, որը սովորաբար խաղարկում էր Փաշինյանը՝ նախկին-ներկա տրամաբանության համատեքստում: Սա զգալիորեն ավելացրել է իշխանության խնդիրներն ու ընդդիմության շանսերը: Մնացյալը կախված է, անշուշտ, թե քարոզարշավի այս մեկամսյա եզրափակիչ ընթացքում ով ինչպես կաշխատի:
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՉԷ»
— Արդեն իսկ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական նախաձեռնությունները բարձրաձայնում են քարոզարշավի ընթացքում առկա խախտումների մասին: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:
— Ես հանգամանալից չեմ հետեւել, որպեսզի արձանագրեմ՝ կան խախտումներ, թե՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ՝ շատ ավելի վաղ ակնհայտ էր, որ իշխանությունը, մեղմ ասած, չարաշահում է վարչական ռեսուրսը: Դա ակնառու է:
— Ըստ Ձեզ` ընտրություններին մասնակցող 19 ուժից ո՞վ է ավելի հաջող քարոզարշավ իրականացնում:
— Սա եւս բավական հարաբերական իրավիճակ է, եւ առանձնացնել ուժերից որեւէ մեկին, որ առանձնահատուկ հաջողությամբ է իրականացնում քարոզարշավը մյուսների համեմատ, չէի ասի: Բայց տեսնում ենք, որ բավականին դինամիկ եւ ինտենսիվ աշխատում են: Մնացյալը, անշուշտ, կախված է նրանից, թե ինչ կառաջարկեն հանրությանը, եւ այդ ուժերն ինչքանով կկարողանան իրենց առաջարկները համոզիչ եւ փաստարկված դարձնել:
Այստեղ տեսնում ենք, որ առանցքային հարց է, թե արդյոք կա խաղաղություն ու պատերազմի դիլեմա, որովհետեւ այս արհեստածին դիլեման փորձում է հրապարակ բերել իշխանությունը, եւ նույնիսկ շանտաժի էլեմենտով, որ եթե ինքը չընտրվի, ապա կլինի պատերազմ: Հիմա ընդդիմությունը, իմ գնահատմամբ, դեռեւս կարողանում է բավականին հաջող փաստարկել հակառակը, որ ընդդիմության հաղթանակն ամենեւին պատերազմի մասին չէ: Եվ եթե այդ հաջողությունը շարունակեն վճռորոշ՝ քարոզարշավի եզրափակիչ փուլում, կարծում եմ՝ ընդդիմության հնարավորությունները բավականին կմեծանան:
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒԺԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅԵԼՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է»
— Այս ընտրություններին ամենաշատը խոսվեց հիբրիդային պատերազմի մասին: Իշխանությունն ու ընդդիմությունը երկուստեք մեղադրում են միմյանց օտարերկրյա ուժերի ազդեցության տակ լինելու մեջ: Որքանո՞վ է արդեն իսկ նկատելի օտարերկրյա ուժերի միջամտությունն այս ընտրություններին:
— Օտարերկրյա ուժերը բացահայտ են խոսում այդ մասին: Մենք տեսնում ենք, որ գործնականում բոլոր ուժային կենտրոնները հայտնում են, որ Փաշինյանն է իրենց աջակցությունը վայելող թեկնածում: Բացառություն է կազմում Ռուսաստանը, որը կոնկրետ թեկնածուի հանդեպ իր համակրանքն ու աջակցությունը չի հայտնել, բայց նաեւ բավականին հստակ եւ նույնիսկ աննախադեպ կոշտությամբ կամ խստությամբ արձանագրել է, որ հետամուտ է լինելու իր շահերի կամ իր կարմիր գծերի պաշտպանությանը, հատկապես այն ֆոնին, երբ տեսնում ենք մյուս աշխարհաքաղաքական կենտրոնները, ընդհուպ անմիջական հայտնել են իրենց աջակցությունը կոնկրետ ուժի, տվյալ դեպքում՝ իշխանությանը:
— Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցում։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել եւ հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաեւ Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի: Սրանով ի՞նչ մեսիջ է հղում Պուտինը Փաշինյանին:
— Նա բարձրացնում էր Ռուսաստանի գինը, հատկապես այն պարագայում, երբ մենք տեսնում ենք այլ՝ ՌԴ-ին աշխարհաքաղաքական մրցակից կենտրոններից, ընդհուպ ուղիղ միջամտության փորձեր եւ շատ բարձր խաղադրույքներ: Այս ֆոնին Պուտինը, բնականաբար, բարձրացնում է Ռուսաստանի շահերի գինը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

