Քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի «Կլոր սեղան» նախագծի շրջանակում շարունակվում են քննարկումները առաջիկա կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ այս անգամ թեմայի շուրջ զրուցել է «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ եւ Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ՉՓՈՇԻԱՑՆԵ՛Լ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՎԱԾ ՔՎԵՆ»

Հայկ Բաբուխանյանի հնչեցրած հարցին, թե որն է պատճառը որ նույնիսկ երկար տարիներով գործող կուսակցություններից շատերն այժմ չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին, Անահիտ Եղոյանն ասաց, որ իրենք թեպետ հայտարարել էին, որ մասնակցելու են 2026-ի ընտրություններին, սակայն վերադասավորելով իրենց ուժերը եւ քաղաքական հնարավորությունները, եկան համոզման, որ ավելի նպատակահարմար է չմասնակցել ընտրություններն եւ չփոշիացնել ժողովրդի տված քվեն:

— Սակայն մենք ուշիուշով հետեւում ենք քաղաքական անցուդարձին: Կարճ կասեմ, ես երբեւէ չեմ պատկերացրել, որ ընտրապայքարը կարող է լինել` միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով, մեկը մյուսին վիրավորելով: Մենք բազմաթիվ ընտրությունների մասնակցել ենք, եւ սա վերջին տարիների առաջին դեպքն է, որ չենք մասնակցում: Այս ողջ ընթացքում երբեւէ չի եղել, որ մենք վիրավորենք մյուս՝ հակառակորդ թիմի անդամին: Մեզ համար ընտրությունները հնարավորություն է ներկայացնելու այն բոլոր ծրագրերն ու նպատակները, որոնք մենք պարտավորվում էինք մեզ վրա վերցնել իշխանություն գալու պարագայում:

Իր ղեկավարած կուսակցության ընտրություններին չմասնակցելուն անդրադառնալով՝ Հովիկ Աղազարյանը նշեց, որ լայն լսարանին հայտնի է իր հարաբերությունները ՔՊ կուսակցության հետ, որը, մեղմ ասած, լավ չէր եւ իրեն վռնդել են կուսակցական շարքերից:

Մոտավորապես 2022 թվականից սկսած պարբերաբար հարց էի բարձրացնում խմբակցության նիստերի ժամանակ` ուղղված վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին, որ Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակներում արդյոք քննարկվում է ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան: Ստանում էինք բացասական պատասխան: Խոսքն այն 300 հազար ադրբեջանցիների մասին է, այդ ժամանակ միայն խմբակցությունում էինք խոսում: 2024 թվականին, մի իրադարձություն տեղի ունեցավ խմբակցությունում, որտեղ իմ նախաձեռնությամբ որոշում ընդունվեց, որը վարչապետի սրտով չէր, եւ արդեն այստեղից սկսվեց մեր հակասությունը: Անհամեստ չհամարեք, բայց կարծում եմ` վարչապետը անհանգստություն ունեցավ, որ ինչ-որ վճռորոշ պահ կարող է գալ, երբ հնարավոր է` մենք համախմբվենք գործընկերների հետ եւ խնդիրներ առաջացնենք: Դա եղավ առիթ, որ նա ինձ sms-ով դիմեց, որպեսզի ես հրաժարվեմ մանդատից: Ես մերժեցի, որից հետո սկսվեցին դատական գործընթացներ:

Մենք այդ ժամանակ հասկացանք, որ 2018 թվականից բան չի մնացել եւ Նիկոլ Փաշինյանը, որպես մարդ, ֆիզիկապես եւ բարոյապես նույնը չէ ու իրեն սպառել է: Հետեւապես վտագավոր կլինի նրա վերարտադրությունը, եւ որոշեցինք հիմնադրել մեր կուսակցությունը: Որոշեցինք ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտանք, նույնիսկ մեր համեստ հնարավորություններով նրա վերարտադրությունը՝ որպես ՀՀ վարչապետ:

Այո՛, մենք պատրաստակամ էինք մասնակցել ընտրություններին, սակայն հաջողվեց որոշ ուժերի հետ համախմբածության գալ: Եվ, ինչպես նշեց տիկին Եղոյանը, որոշեցինք ձայները չփոշիացնել: Մեր համակիրների հետ հանդիպման ընթացքում հասկացանք, որ շատ դժվար կլինի այդ 4 տոկոս ձայների հաղթահարումը: Պատկերացրեք մի իրավիճակ, օրինակ, մենք հավաքեինք 3, 9 տոկոս ձայն եւ չանցնեինք: Այդ ձայներից 2 եւ ավել տոկոսը կգնար իշխանություններին, ու կստացվեր, որ այն, ինչի համար պայքարում էինք՝ թույլ չտալ նրանց վերարտադրությունը, նպաստելու էինք դրան:

«ԹՈՂ ՄԻԱՎՈՐՎԵՆ, ՀԱՆԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Ինչպես նկատեց Հայկ Բաբուխանյանը, ընտրություններին մասնակցող 19 ուժերի մեծ մասը փոշիացնողներն են: Նրա հնչեցրած հարցին, թե, ըստ բանախոսների, ով կանցնի խորհրդարան, եւ մնացած ձայներ փոշիացնող քաղաքական ուժերն ինչու են որոշել գնալ այդ ճանապարհով, Անահիտ Եղոյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարան կանցնեն 4 ուժ՝ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունները:

— Չեմ բացառում, որ կարող է շեմը հաղթահարել ԴՕԿ կուսակցությունը, քանի որ բավականին լուրջ ընտրազանգված ունեն իրենք: Բոլոր այն մնացած մասնակիցները, ըստ իս, կփոշիացնեն ձայները: Նրանցից մեծ մասն ունեն վառ երազանքներ դեպի Եվրոպա: Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեռ քարոզարշավի մեկնարկը չտված՝ ՔՊ-ն սկսել է ընտրախախտումներով քարոզարշավը, ինչպես նաեւ մի քանի կուսակցություններ:

Իսկ Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ Սամվել Կարապետյանը հասնի «ֆինիշին»:

— Ասեմ, որ՝ այո՛, 5 վերը նշված կուսակցությունները ունեն շանսեր անցնելու, ԴՕԿ-ն էլ, սակայն վերջինիս շանսերը քչացել են:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, պետք է ասեմ, որ նկատում եմ վարչական ռեսուրսի կիրառում: Դա թոշակների բարձրացումն էր, երբ աշնանը փող չկար, իսկ փետրվարին, ըստ էության, 30 տոկոսով բարձրացրեց թոշակները: Համաշխարհային պատմության մեջ նման բան չկար: 30 տոկոսով թոշակ ավելացնելը տնտեսագիտական հանցագործություն է: Դա նշանակում է փող տպել: Դրա հետ միասին նաեւ ավելացել է գնաճը: Նաեւ առողջապահության ապահովագրությունը. բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված, եւ հետեւաբար լուրջ մտահոգություն կա, որ իրենց աշխատանքի արդյունավետությունը շատ թույլ կլինի: Տարին ամփոփելով՝ կտեսնենք 65+ տարիքի մարդկանց մեջ մահացածության քանակը որքան է, եւ կհամեմատենք նախորդ տարիների հետ:

Ձայների փոշիացման առումով, ասեմ, որ չեմ կարծում, թե կա մի ուժ, որը դիտավորյալ կցանկանա փոշիացնել ձայները, բայց կա բանաձեւ, որը կարող է խնդիրները լուծել: Մենք այդ բանաձեւը հնչեցրել ենք, եւ եթե ընդդիմությունն այդ բանաձեւով չգնաց ընտրության «ֆինիշին», ապա Փաշինյանը 2/3 կարող է հավաքել: Սա այն դեպքում, եթե հանի Կարապետյանին: Բանաձեւը հետեւյալն է. ընդդիմությունը ստեղծում է միասնական ճակատ եւ իշխանության է գալիս 3-4 ամսով: Ստեղծում է ժամանակավոր կառավարություն, եւ ժամանակավոր կառավարության մաս կազմում է նույնիսկ այն կուսակցությունը, որը չի անցել: 4 ամիս հետո պայմանական 5000 ձայն հավաքածը քարոզչություն է անում, եւ հեռացվում է իշխող իշխանությունը: Երբ դաշտը մաքուր կլինի, չի լինի վարչական ռեսուրս, չի լինի ռեպրեսիվ ապարատ, կարող է այս 5000 ձայն հավաքածն ավելի շատ ձայն հավաքել: Դա առաջինը: Երկրորդը` Սամվել Կարապետյանը այսօր հավակնում է հաղթել ընտրություններում: Լավ, եթե վարչական ռեսուրսների գոյության պայմաններում նա հավակնում է հաղթել ընտրություններում, ապա մեր ասած մեխանիզմով, երաշխավորված է հաղթում: Նույնն էլ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ չեն ցանկանում այս բանաձեւը: Ճակատ ստեղծելու համար հարկավոր է հուշագիր ստորագրել, եւ դնում են գերնպատակ` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու: Բոլորը հետաձգում են հայրենիքի փրկության գործը 4 ամսով, որպեսզի իրականում փրկենք հայրենիքը:

Եկեք նկատենք, որ ընդդիմադիր դաշտում ուժեր կան, որոնց հակասությունները միմյանց միջեւ ավելի խորքային են, քան նրանց հակասությունները Նիկոլ Փաշինյանի հետ: Այսինքն` բոլոր ուժերը թող միավորվեն, հանեն Փաշինյանին, հետո նոր ներկայանան ժողովրդին իրենց ծրագրով եւ արդար իրավական դաշտում եւ կազմակերպեն ընտրություններ: Եթե նմանատիպ բան չեղավ, ապա վարչապետը հաղթելու է:

Արձագանքելով Աղազարյանին՝ Անահիտ Եղոյանը ցավով արձանագրեց, որ մեր «ես»-ը, երբեք «մենք» չի դառնում:

— Մասնակից 18 ուժը, որոնք պետք է համախմբվեն, տեղի չի ունենա: Սա է հենց խնդիրը, որի վրա էլ հենվում է իշխանությունը:

«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

Հայկ Բաբուխանյանը բոլոր դեպքերում կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Նկատելով, որ խախտումներն արդեն չափն անցնում են՝ կան ե՛ւ ճնշումներ, ե՛ւ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում:

Գուցե, Փաշինյանը` տեսնելով, որ պարտվում է, ստիպված այդպիսի ջղաձգված վիճակում գնում է խախտումների, քանի որ եվրոպական իր հովանավորները, նրան աջակցել եւ դաշտ են տվել, որպեսզի նա ինչ ցանկանա, անի, միայն թե մնա պաշտոնի:

Այս դիտարկմանը Եղոյանը, լինելով քաղաքական գործիչ, որը մշտապես մասնակցել է ընտրություններին, ասաց, որ գործող իշխանությունների ընտրախախտումները հետեւանք չեն ունենում, եթե ստանում են Եվրոպայից կամ որեւէ այլ պետությունից հովանավորչություն:

Այո՛, այսօր գործող իշխանությունները այս 7 տարիների ընթացքում ունեցել են բազում խախտումներ եւ սխալներ: Չեն կատարել իրենց խոստումները՝ մեզ տանելով դեպի անորոշություն եւ կործանում: 2021 թվականի ընտրությունների ժամանակ բազում ահազանգեր ենք ստացել ընտրատեղամասերից, որ մեր կուսակցության քվեաթերթիկները շարված չէին սեղաններին` պատճառաբանելով իբր վերջացել է: Կարծում եմ՝ նման խախտում կկիրառվի նաեւ հիմա:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի շրջանակում առկա վիրավորանքներին, Աղազարյանն ընդծեց, որ այդ ամենի նախաձեռնողը Փաշինյանն է:

Նա 2018 թվականից ոչինչ չթողեց, որովհետեւ այսօր նա, օգտագործելով վարչական ռեսուրսը, հրահանգում է մարզպետներին, համայնքների ղեկավարներին, որ մարդկանց բերեն հրապարակ, բայց հայտարարում է, թե՝ որ իմանամ նմանատիպ խախտումներ են եղել, աշխատանքից կհեռացնեմ:

Փաշինյանն ասում է, որ Սամվել Կարապետյանը օտարերկրյա լրտես է: Հասկանո՞ւմ եք, այստեղ այդքան կարեւոր չեն դառնում հետեւանքները, որքան կարճաժամյա էֆեկտները: Նա շատ լավ գիտի, որ այդ էֆեկտներն ազդում են, եւ օգտագործում է դա, որը եւս օրենքի խախտում է:

Եղոյանը ոչ միայն վիրավորական խոսք է նկատում, այլ նաեւ՝ սպառնալիք.

— Փաշինյանը վիրավորական խոսքով ասաց, որ Ծառուկյանի տղային կբռնի, կբերի, այս կանի, այն կանի, դա սպառնալիք է, ճնշում է: Կկրկնեմ, որ իմ եւ իմ կուսակցության համար, ընտրապայքարը ոչ թե մեկը մյուսին վիրավորելու առիթ է, այլ` ծրագրեր ներկայացնելու հնարավորություն:

Ըստ Բաբուխանյանի` ստացվում է, որ վիրավորանքը նպատակ ունի՝ ճնշել մրցակցին, ընդդիմությանը, սպառնալ եւ վախի մթնոլորտ ստեղծել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում