Ո՞ւմ եք ձեռք առնում՝ ինքներդ ձե՞զ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ։ Ըստ հրապարակված հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցու եւ հոգեւոր արժեքների դերը հայապահպանության գործում։ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը համայնքային համախմբման եւ ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։ Հիշեցնենք, որ Սինանյանը դեռ Գլենդելի քաղաքապետ աշխատած տարիներին, ըստ մամուլի որոշ աղբյուրների, մասնակցում էր ԼԳԲՏ շքերթների, իսկ հիմա հանկարծ խոսում է «հոգեւոր արժեքներից»: Խոսում է «հայապահպանությունից» մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք Հայ եկեղեցու պատմություն առարկան հեռացվեց դպրոցական առարկաների ցանկից, Հայոց պատմությունը դարձավ Հայաստանի պատմություն, եկեղեցու դեմ հալածանքները դարձան պետական ծրագրի մաս, Սուրբ լեռան՝ Արարատի պատկերը ջնջվեց անձնագրերից… Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, ինչպես կարելի է անվերջ խոսել Սինանյանի երեսպաշտության մասին:
Աժ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը բոլոր քաղաքական ուժերին հեգնում է, թե «ջուր են ծեծում», իսկ իրենք, բառի ուղղակի իմաստով, զբաղված են ոչ միայն ջուր ծեծելով, այլեւ «յուղ վառելով»: Կուսակցության նախընտրական ցուցակի 87 անդամներից 37-ն արդեն ինքնաբացարկ են հայտնել։ Իսկ լրատվամիջոցներից մեկի հարցին, թե՝ առաջիկայում ինքնաբացարկների դիմումներ էլի կլինե՞ն, կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ասել է. «Մենք քարոզչական տեխնոլոգիաների առումով ամենաանկանխատեսելի ուժն ենք, ինչ ասես կարող եք սպասել»։ Իհարկե, ոչմեկական իրենց դիրքավորած երիտասարդների կրեատիվով, խինդ ու ուրախությունով կարելի էր զվարճանալ ողջ քարոզարշավի ընթացքում, բայց սա խաղ ու պար չէ, երկրի ապագան, լինել-չլինելն է որոշվում ընտրություններին, իսկ ոմանք զբաղված են ոչ միայն ձայներ փոշիացնելով, այլեւ` թոզ փչելով: Ո՞ւմ եք ձեռք առնում՝ ինքներդ ձե՞զ, թե՞ բազմիցս խաբված, կորուստներ տեսած ու տանջված ժողովրդին:
Այս տարի լրանում է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ տարվա վերջ ԵՊՀ ռեկտորի ընտրություններ են լինելու: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի պնդմամբ՝ Հովհաննիսյանն այս ընթացքում ակտիվ եւ բազմավեկտոր լոբբինգով է զբաղված. «Ըստ ԵՊՀ-ից ստացվող տեղեկությունների` Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում է ստանալ ինչպես օրվա իշխանության, այնպես էլ օրվա ընդդիմության աջակցությունը: Այդ իսկ պատճառով, նա շատ հանդիպումներ է ունենում: Բացի դրանից` ասում են, որ նա պատրաստվում է առերեւույթ ընդդիմադիրների օգնությամբ անդրկուլիսյան «անհաշտ» պայքար ծավալել ընդդեմ ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուի, որը վայելում է օրվա իշխանությունների համակրանքը: Մի խոսքով, ԵՊՀ-ում նախընտրական, անդրկուլիսյան թոհուբոհ է»: Հարց է ծագում՝ եթե Հովհաննիսյանն իսկապես փորձում է միաժամանակ շահել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության աջակցությունը, ապա նա ո՞ր բեւեռի ռեկտորն է ուզում լինել՝ համալսարանի՞, թե՞ քաղաքական պայմանավորվածությունների։ Եվ առհասարակ, ինչպե՞ս ստացվեց, որ Երեւանի պետական համալսարանում ակադեմիական հեղինակությունն այլեւս չափվում է ոչ թե գիտական արդյունքով, այլ կուլիսային կապերով ու լոբբիստական ակտիվությամբ։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

