Ստաս Նամինը՝ Երեւանում. հիշողության, ազատության եւ ապագայի մտահոգության միջեւ

Մշակութային

Ստաս Նամինի վերադարձը Երեւան դարձավ ոչ պարզապես հայտնի երաժիշտի ու կոմպոզիտորի, նկարիչի եւ լուսանկարչի, թատրոնի եւ կինոյի ռեժիսորի ու պրոդյուսերի մշակութային այց, այլ տարվա ամենաբազմաշերտ գեղարվեստական իրադարձություններից մեկը։ Նրա այցը սովորական իմաստով հյուրախաղ չէր, այլ փորձ՝ կառուցելու բարդ խոսակցություն հիշողության, ազատության, արվեստի ծագման եւ տեխնոլոգիական շրջադարձի դարաշրջանում մարդու ճակատագրի մասին։

2026 թվականի հոբելյանական միջոցառումները վերածվեցին երաժշտության, թատրոնի, գեղանկարչության եւ փիլիսոփայության միջեւ լայնածավալ երկխոսության։ Այդ օրերին Երեւանը կարծես իր մեջ միավորել էր միանգամից մի քանի գեղարվեստական տարածքներ՝ ռոք մշակույթը, հայկական վիզուալ ավանդույթը, ներքին ապրումների թատրոնը եւ քաղաքակրթության ապագայի շուրջ մտորումները։

Գլխավոր ցուցասրահը Հայաստանի նկարիչների միությունն էր, որտեղ ներկայացված էին «Իմ Հայաստանը», «Ռոք-ն-ռոլի արմատները» եւ «Ազատության դեմքերը» ցուցահանդեսները։ Թատերական ծրագիրն անցկացվում էր Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ հանդիսատեսը դիտեց «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը, «Մազեր» եւ «Բիթլոմանիա» մյուզիքլները, ինչպես նաեւ «Ծաղիկներ» խմբի համերգը։

Սակայն այդ օրերի գլխավոր արժեքը նույնիսկ ոչ թե միջոցառումների քանակն էր, այլ դրանց ներքին բովանդակությունը։ Նամինի ստեղծագործության գրեթե բոլոր ուղղություններում՝ լինի դա երաժշտություն, գեղանկարչություն թե թատրոն, հնչում էր նույն թեման․ մարդը աստիճանաբար կորցնում է ներքին կապը ինքն իր հետ։ Հենց այդ պատճառով ամբողջ երեւանյան նախագիծը ընկալվում էր ոչ թե որպես առանձին մշակութային միջոցառումների շարք, այլ որպես միասնական գեղարվեստական արտահայտություն մի աշխարհի մասին, որտեղ տեխնոլոգիաները դառնում են ավելի կատարելագործված, իսկ մարդկային զգայունությունը՝ ավելի փխրուն։

ԱՐՎԵՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Սեփական արվեստի մասին խոսելիս ՍՏԱՍ ՆԱՄԻՆԸ սկզբունքորեն հրաժարվում է ուսուցչի կամ գաղափարախոսի դերից։ Նրա համար ստեղծագործությունը քարոզչություն չէ եւ ոչ էլ հանդիսատեսին դաստիարակելու փորձ։ Ավելի շուտ՝ դա ներքին անձնական ազատության ձեւ է։

— Ի՞նչ եք ցանկանում փոխանցել Ձեր արվեստով։

— Դժվար է ասել։ Ես արվեստում անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, առաջին հերթին նրանց համար, ում դուր է գալիս այն, ինչ ես անում եմ։ Ես ընդհանրապես չեմ մտածում ինչ-որ բան ինչ-որ մեկին փոխանցելու մասին։ Ոչինչ չեմ փոխանցում։ Ես զբաղվում եմ արվեստի տարբեր ուղղություններով՝ հանուն իմ ներքին հաճույքի։

Այս խոսքերի մեջ թաքնված է մի կարեւոր միտք, որն այսօր հնչում է գրեթե որպես գեղարվեստական մանիֆեստ։ Ժամանակակից մշակույթն ավելի ու ավելի հաճախ է արվեստագետից պահանջում բացատրություններ, սոցիալական հայտարարություններ եւ հստակ դիրքորոշումներ։ Սակայն Նամինը կարծես արվեստին վերադարձնում է ինտուիտիվ, զգայական եւ անձնական լինելու իրավունքը։

Հենց այդ պատճառով նրա գեղանկարչությունը տպավորություն է թողնում ոչ թե որպես կոնցեպտուալ նախագիծ, այլ որպես մարդու ներքին օրագիր, որը փորձում է պահպանել զգացմունքային իսկությունը մի աշխարհում, որտեղ ամեն ինչ գնալով ավելի արագ է վերածվում տեխնոլոգիայի։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեւանյան ծրագրում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում գեղանկարչությունը։ Նամինի աշխատանքներում Հայաստանը հայտնվում է ոչ թե որպես զբոսաշրջային պատկեր, այլ որպես ներքին հիշողության տարածք եւ արմատների գրեթե ֆիզիկական զգացողություն։

Լեռները, վանքերը, դեմքերը, գույնի գրեթե էքսպրեսիոնիստական հուզականությունը՝ այս ամենը ստեղծում է ոչ այնքան Հայաստանի պատկերման, որքան անհետացող պատկանելության զգացումը պահպանելու փորձի տպավորություն։

Հետաքրքիր է, որ այս աշխատանքներում գրեթե չկա դեկորատիվություն։ Նույնիսկ այնտեղ, որտեղ հայտնվում են վառ գույներ, գեղանկարչության մեջ զգացվում են տագնապ եւ լարվածություն։ Նամինի համար Հայաստանը բացիկ չէ եւ ոչ էլ ազգագրական խորհրդանիշ։ Դա մի վայր է, որտեղ մարդը դեռ ունակ է լսելու իր ներքին լռությունը։

Հենց այդ պատճառով ցուցահանդեսների կողքին այդքան բնականորեն գոյակցում էին «Իմ սիրտը լեռներում է», «Մազեր», «Բիթլոմանիա» թատերական բեմադրությունները եւ «Ծաղիկներ» խմբի համերգը։ Առաջին հայացքից դրանք բոլորովին տարբեր գեղարվեստական աշխարհներ են, սակայն բոլորն էլ խոսում են նույն բանի մասին՝ արագ փոփոխվող աշխարհի ներսում կենդանի մարդուն պահպանելու փորձի։

«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է ». ՍԱՐՈՅԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԿՈԴԸ

Ծրագրի ամենաուժեղ հատվածներից մեկը դարձավ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։ Ստաս Նամինի բեմադրությունը դարձավ թատրոնի հազվագյուտ օրինակ, որտեղ բեմական լեզվի արտաքին պարզությունը ծնում է իսկապես խոր հուզական ազդեցություն։ Ռեժիսորը ստեղծում է ոչ թե սարոյանական տեքստերի պարզ իլյուստրացիա, այլ հիշողության, միայնության եւ մարդու ներքին ազատության նուրբ փիլիսոփայական տարածություն։

Ներկայացումը բառացիորեն կառուցված է մթնոլորտի վրա՝ երաժշտության, դադարների, լույսի, պլաստիկայի եւ հուզական վիճակների գրեթե կինեմատոգրաֆիկ փոփոխությունների միջոցով։ Հատկապես տպավորիչ է բեմադրության ունակությունը միաժամանակ լինել շատ կամերային եւ, միեւնույն ժամանակ, ներքին զգացողությամբ լայնամասշտաբ։ Այստեղ լեռները դառնում են ոչ թե բնապատկեր, այլ հոգեւոր բարձրության խորհրդանիշ, որին ձգտում է մարդը՝ փորձելով պահպանել իր հոգին ժամանակակից աշխարհի աղմուկի մեջ։

Ներկայացման գլխավոր գեղարվեստական ուժը նրա զարմանալի անկեղծությունն ու թատերական կեղծիքի բացակայությունն է։ Նամինը խուսափում է արտաքին պաթոսից, բարձրագոչ հայտարարություններից եւ ուղիղ դրամատիզացիայից, ինչի շնորհիվ յուրաքանչյուր տեսարան ընկալվում է առավելագույնս կենդանի եւ ներքուստ ազնիվ։ Բեմադրությունը ստեղծում է ժամանակակից թատրոնի համար հազվագյուտ հուզական վստահության զգացում հանդիսատեսի նկատմամբ, երբ իմաստը ծնվում է ոչ թե ուղիղ բացատրություններից, այլ նուրբ հոգեբանական վիճակներից եւ ներկայացման գրեթե երաժշտական ռիթմից։

«Իմ սիրտը լեռներում է» ստեղծում է հասուն հեղինակային արտահայտության տպավորություն, որտեղ միավորվում են փիլիսոփայությունը, պոեզիան, ազգային հիշողությունը եւ շատ անձնական մտորումը մարդու մասին, ով կորցրել է կապը լռության, արմատների եւ ինքն իր հետ։

— Սարոյանն ինձ հարազատ է, որովհետեւ նա շատ պարզ բառերով խոսում է շատ լուրջ, բարդ եւ կարեւոր բաների մասին։

Սակայն ներկայացումը դարձավ ոչ պարզապես տեքստի բեմական մեկնաբանություն։ Ռեժիսորը փաստացի ստեղծում է հիշողության, միայնության եւ պատմական ցավի բազմաշերտ տարածություն։ Բեմադրության մեջ հայտնվում են ցեղասպանության, կորստի եւ մարդու ներքին աքսորի թեմաները։

Նամինի թատրոնի առանձնահատկությունն այն է, որ նա աշխատում է ոչ թե սյուժեի, այլ մթնոլորտի միջոցով։ Լույսը, երաժշտությունը, պլաստիկան, դադարներն ու բեմական տարածքը դառնում են ոչ պակաս կարեւոր, քան տեքստը։ Հանդիսատեսը հայտնվում է ոչ թե պատմության դիտորդի, այլ հուզական վիճակի մասնակցի դերում։

— Կարելի՞ է ասել, որ ստեղծագործության մեջ կա թաքնված կոդ։

— Երբեմն պարզ տեքստի հետեւում կարող է կանգնած լինել ավելի խոր իմաստ, որը միշտ չէ, որ ակնհայտ է։ Իմ խնդիրը՝ որպես ռեժիսոր, փորձել տեսնել այդ ներքին շերտը եւ առաջարկել իմ մեկնաբանությունը։

Հենց դա էլ ներկայացումն առանձնապես ժամանակակից է դարձնում։ Այն չի բացատրում զգացմունքները, այլ ստիպում է դրանք վերապրել։

ՌՈՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆ. «ՄԱԶԵՐ» ԵՎ «ԲԻԹԼՈՄԱՆԻԱ»

Ստաս Նամինի թատրոնում բեմադրված «Մազեր» ներկայացումն այսօր էլ ստեղծում է իսկական գեղարվեստական պայթյունի տպավորություն։ Ներկայացումը պահպանում է այն հազվագյուտ կենդանի էներգիան, որի շնորհիվ լեգենդար մյուզիքլը ժամանակին դարձավ մի ամբողջ սերնդի մշակութային հեղափոխության խորհրդանիշ։ Երեւանյան ցուցադրությունների ընթացքում հատկապես զգացվում էր բեմադրության հզոր ներքին ազատությունը՝ պլաստիկայի, երաժշտության, դերասանական գոյության եւ բեմական շնչառության ազատությունը։

Նամինը «Մազերը» չի վերածում հիպիական դարաշրջանի թանգարանային վերակառուցման, այլ ներկայացումը դարձնում է առավելագույնս ժամանակակից եւ հուզականորեն սուր։ Բեմադրությունը բառացիորեն քանդում է բեմի եւ հանդիսատեսի միջեւ ընդունված հեռավորությունը՝ դահլիճը ներքաշելով ռոք-ն-ռոլային էներգիայի, երիտասարդության եւ ցանկացած ներքին ստրկության դեմ բողոքի տարածք։ Միաժամանակ արտաքին վառության, դինամիկայի եւ խուլիգանական ազատության հետեւում աստիճանաբար բացահայտվում է խոր մարդկային դրամա՝ սերնդի մասին, որը փորձում է պաշտպանել ինքն իրենով մնալու իրավունքը։

Ոչ պակաս ուժեղ տպավորություն է թողնում նաեւ «Բիթլոմանիան»՝ ներկայացումը, որը դառնում է ոչ պարզապես երաժշտական նվիրում The Beatles-ին, այլ ամբողջ համաշխարհային մշակութային դարաշրջանին ուղղված իսկական սիրո խոստովանություն։

Բեմադրությունը լցված է լույսի, անկեղծության եւ երաժշտության միավորող ուժի հանդեպ գրեթե մանկական հավատի զարմանալի զգացողությամբ։ Նամինը շատ նուրբ է որսում Beatles ֆենոմենի գլխավոր էությունը՝ ոչ միայն երաժշտական հանճարը, այլեւ ազատության, բացության եւ ներքին լույսի առանձնահատուկ մարդկային ինտոնացիան։

Հենց այդ պատճառով «Բիթլոմանիան» ընկալվում է ոչ թե որպես համերգային տրիբյուտ, այլ որպես հուզական ճանապարհորդություն դեպի մի ժամանակաշրջան, երբ երաժշտությունը արդյունաբերություն չէր, այլ ամբողջ սերնդի լեզուն։ Ներկայացումն ունի հազվագյուտ հատկություն այն միաժամանակ նոստալգիա է առաջացնում ավագ հանդիսատեսի մոտ եւ լիովին կենդանի կերպով աշխատում երիտասարդ լսարանի հետ՝ ապացուցելով, որ իսկական երաժշտությունն ու իրական արվեստը ժամանակի ազդեցությանը չեն ենթարկվում։

— Ձեր կարծիքով՝ ո՞րն է այսօր «Մազեր» ներկայացման գլխավոր նյարդը։

— Այնտեղ կա բաց բողոք, ազատություն, սեքսուալություն, ռոք-ն-ռոլ, խուլիգանություն։ Իսկ ամենակարեւորը՝ կենդանի մարդիկ, որոնք չեն տեղավորվում համակարգի մեջ։

Բայց այսօր ներկայացումն արդեն ա՞յլ կերպ է ընկալվում։

— Իհարկե։ Եթե 20-րդ դարում դա պահպանողական հասարակության դեմ բողոք էր, ապա հիմա՝ ավելի շուտ մարդու հուզական մեխանիզացիայի դեմ բողոք։ Մարդիկ աստիճանաբար դառնում են միանման, կանխատեսելի, թվայնացված։ Իսկ «Մազերը» հիշեցնում է կենդանի մարդկային բնույթի մասին՝ ազատության, իմպուլսի, հույզի մասին։

— Այս թեման անսպասելիորեն համահունչ է նաեւ «Բիթլոմանիային»։

— Այո, որովհետեւ Beatles-ի մասին խոսակցությունն արդեն պարզապես երաժշտության մասին խոսակցություն չէ։ Դա խոսակցություն է մարդկային հանճարի բնույթի մասին։

— Ի՞նչ նկատի ունեք։

— Երաժշտության մեջ գլխավորը մեղեդին է։ Իսկ Beatles-ը ստեղծել է անհավանական քանակությամբ մեղեդիներ, որոնք գիտի ամբողջ աշխարհը։ Ինձ համար Beatles-ը ինչ-որ իռացիոնալ եւ գրեթե անբացատրելի բանի գոյության ապացույցն է։

— Եվ այստեղից առաջանում է արհեստական բանականության թեմա՞ն։

— Հենց այդպես։ Որովհետեւ արհեստական բանականությունը կարող է սովորել վերարտադրել ոճը, ձեւը, արհեստը։ Բայց կկարողանա՞ արդյոք ստեղծել մի բան, որը հավասար կլինի մարդկային ներշնչանքին՝ ահա գլխավոր հարցը։ Եվ սա արդեն խոսակցություն է ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկային քաղաքակրթության ապագայի մասին։

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՎԱԽԸ

Զրույցի եզրափակիչ եւ, թերեւս, ամենատագնապալի թեման դարձավ մարդկության ապագան։

— Արհեստական բանականությունը մարդկությանը կփոխի ավելի ուժեղ, քան ինտերնետը կամ բջջային հեռախոսները։ Սա արդեն պարզապես տեխնոլոգիա չէ․ սա մարդկային բնույթի փոփոխություն է։

— Ինչո՞ւ է այս թեման ձեզ համար այդքան կարեւոր։

— Որովհետեւ խոսքն արդեն մեքենաների մասին չէ, այլ մարդու։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի մի աշխարհ, որտեղ անհետանում է ապրումների խորությունը։ Եվ հենց այդ պատճառով իմ ամբողջ երեւանյան նախագիծը՝ գեղանկարչությունը, թատրոնը, ռոք երաժշտությունը, փիլիսոփայական ներկայացումները, ըստ էության խոսում են մեկ բանի մասին․ մարդը վտանգում է կորցնել իսկապես զգալու ունակությունը։

— Բայց չե՞ք կարծում, որ արվեստը միշտ է փոխվել տեխնոլոգիաների հետ միասին։

— Այո, բայց հիմա ամեն ինչ տեղի է ունենում շատ ավելի արմատական կերպով։ Այն ամենի մեծ մասը, ինչ այսօր ստեղծվում է որպես երաժշտություն, գրականություն կամ վիզուալ արվեստ, արհեստ է։ Իսկ արհեստը արհեստական բանականությունը կկարողանա անել ավելի լավ եւ արագ, քան մարդը։ Այդ ժամանակ կմնա հարցը․ որտեղի՞ց պիտի հայտնվեն հանճարները։

— Խոսքն արդեն միայն տեխնոլոգիաների մասի՞ն է։

— Իհարկե ոչ։ Սա եզակի մարդկային փորձի անհետացման հարց է։ Ինտուիցիայի, ներքին ցավի, ներշնչանքի՝ այն ամենի հարցը, ինչը հնարավոր չէ հաշվարկել ալգորիթմով։

— Հենց դրա՞ համար ստեղծվեց «Centuria S-Quark» սիմֆոնիան։

— Այո։ Այդ սիմֆոնիան, փաստորեն, գեղարվեստական նախազգուշացում է։ Մտորում մի աշխարհի մասին, որտեղ տեխնոլոգիաները սկսում են դուրս մղել ոչ միայն ֆիզիկական աշխատանքը, այլեւ մարդկային ինտուիցիան ինքնին։

— Ո՞րն էր ձեր գլխավոր տպավորությունը երեւանյան նախագծից։

— Առաջին հերթին՝ մարդիկ։ Եվ ես նույնիսկ չէի ասի «նախարարություն», ես կասեի՝ նախարարը։ Որովհետեւ հենց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը անձամբ հանդիպեց ինձ հետ եւ հրավիրեց թատրոնը Երեւան։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, որ ցանկացած պետական համակարգում ամեն ինչ կախված է կոնկրետ մարդկանցից։

Ես ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել նաեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին։ Սա մարդ է, որը զբաղվել է բառացիորեն մեր ամբողջ երեւանյան կյանքով՝ ոչ միայն թատրոնի ներկայացումներով եւ միջոցառումներով, այլ նույնիսկ ցուցահանդեսով։ Եվ ես պետք է ասեմ, որ նման ինտելիգենտ, մշակութային եւ ազնիվ մարդիկ այսօր շատ հազվադեպ են հանդիպում, հատկապես պետական պաշտոններում։ Շատ առումներով հենց Ժաննա Անդրեասյանի եւ Լիլիթ Պետրոսյանի վերաբերմունքի շնորհիվ այս մեծ երեւանյան նախագիծը դարձավ իսկապես կենդանի եւ իրական։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. — Երեւանյան երեկոներից հետո Ստաս Նամինի շուրջ մնում է այնպիսի զգացողություն, որն այսօր հազվադեպ է հանդիպում՝ մշակութային իրադարձություն, որտեղ կարեւոր էին ոչ միայն համերգները, ներկայացումները կամ ցուցահանդեսները, այլ հենց մարդու մասին մեծ խոսակցության մթնոլորտը։

Ազատության մասին՝ ռոք-ն-ռոլի միջոցով։ Հիշողության մասին՝ Սարոյանի եւ հայկական լեռների միջոցով։ Ժամանակակից մարդու ներքին միայնության մասին՝ գեղանկարչության եւ ապագայի վերաբերյալ փիլիսոփայական մտորումների միջոցով։

Եվ, հնարավոր է, հենց այստեղ է ամբողջ նախագծի գլխավոր իմաստը՝ հիշեցնել, որ իրական արվեստը չի ծնվում տեխնոլոգիաներից, այլ ցավից, սիրուց, կասկածներից, հիշողությունից եւ մարդու՝ սեփական ժամանակից ավելի խոր զգալու կարողությունից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում