Պետք չէ ամաչել հայկական լինելուց. ինչու ձախողվեց Սիմոնը «Եվրատեսիլ»-ում, ըստ Վահագ Ռաշի
Մշակութային«Նոր նկատեցի, որ հերթական անգամ ձախողվել ենք «Եվրատեսիլ»-ում։ Անկեղծ ասած՝ մենք այս մրցույթին շատ ավելի լուրջ ենք վերաբերվում, քան հենց Եվրոպան։ Շատ երկրներում մարդիկ նույնիսկ տեղյակ չեն մրցույթի գոյության մասին, կամ լավագույն դեպքում հիշում են միայն եզրափակիչի օրը։ Այն, ինչ մեզ համար երբեմն ազգային մակարդակի իրադարձություն է, շատերի համար պարզապես հերթական հեռուստաշոուն է։ Այդ պատճառով էլ պետք է վերջապես հասկանանք՝ այստեղ հաղթելու համար միայն «եվրոպական ճաշակին» հարմարվելը բավարար չէ։
Իմ կարծիքով՝ մեր հիմնական սխալը սկսվում է հենց ընտրությունից։ Եթե հիշենք Հայաստանի լավագույն արդյունքները, կտեսնենք, որ հաջողություններ ունեցել ենք այն ժամանակ, երբ ներկայացրել են արդեն ձևավորված, կայացած ու հանրության կողմից ճանաչված արտիստներ։ Մարդիկ պետք է զգան, որ բեմում կանգնած մարդը արդեն պատմություն, ճանապարհ ու դեմք ունի։ Իսկ վերջին տարիներին հաճախ ուղարկում ենք արտիստների, որոնց նույնիսկ Հայաստանում շատերը դժվարությամբ են ճանաչում, կամ ճանաչում են մեկ-երկու երգով։
Եվ այստեղ շատ կարևոր գործոն կա, որի մասին բոլորը խուսափում են խոսել։ «Եվրատեսիլ»-ում մեր իրական ուժը մեծ մասամբ սփյուռքն է։ Տարիներով հենց սփյուռքի հայերն են եղել մեր ամենակայուն աջակցությունը։ Բայց որպեսզի մարդը նստի, ժամանակ ծախսի, քվեարկի, պետք է զգա կապ արտիստի հետ։ Եթե նա չի ճանաչում կատարողին, չի լսել նրա երգերը, բնականաբար այդ էմոցիոնալ կապը չի առաջանում։
Մյուս խնդիրը երգերի ընտրությունն է։ Վերջին տարիներին այնքան ենք փորձում «ժամանակակից» ու «եվրոպական» երևալ, որ սկսել ենք կորցնել ինքներս մեզ։ Արդյունքում ստանում ենք երգեր, որոնք տեխնիկապես գուցե նորմալ են, բայց հիշվող չեն։ Երգ, որը երեք օր հետո մարդիկ այլևս չեն հիշում, մրցույթում կյանք չունի։
Աշխարհը գնահատում է ոչ թե պատճենը, այլ ինքնությունը։ Երբ դու ներկայացնում ես Հայաստանը, պետք է բեմ տանես մի բան, որի մեջ կա քո մշակույթը, մտածողությունը, բնավորությունը, երաժշտական արմատը։ Պետք չէ ամեն տարի փորձել դառնալ հերթական «եվրոպական ֆորմատի» կրկնօրինակը, որովհետև այդ խաղում մենք միշտ պարտվելու ենք այն երկրներին, որոնք դա անում են տասնամյակներով։
Եվ մի կարևոր բան էլ․ «Եվրատեսիլ»-ը վաղուց միայն երգի մրցույթ չէ։ Դա կերպարի, էներգիայի, խարիզմայի, հիշվողության ու նույնիսկ ազգային ինքնության մրցույթ է դարձել։ Երբ բեմում չկա իրական արտիստական ներկայություն, նույնիսկ լավ երգը չի փրկում իրավիճակը։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց արդեն քանի տարի է՝ ընտրությունների ժամանակ ավելի շատ մտածում ենք «թրենդային» երևալու մասին, քան իրական արժեք ներկայացնելու։
Ուղղակի մեկ անգամ փորձի համար ուղարկեք հայկական շնչով ուժեղ երգ, կենդանի էներգիա ունեցող, արդեն կայացած ու ժողովրդի կողմից սիրված արտիստի։ Ոչ թե նախագիծ, ոչ թե TikTok-ի համար ստեղծված կերպար, այլ իրական արտիստ։ Կտեսնեք, որ արդյունքը լրիվ ուրիշ կլինի։ Եվ ամենակարևորը՝ պետք չէ ամաչել հայկական լինելուց։ Մեզ կարող են հիշել միայն այն ժամանակ, երբ բեմ տանենք մեզ նման մի բան, ոչ թե ուրիշներին նմանվելու հերթական փորձը», - գրել է երգահան, երգիչ ՎԱՀԱԳ ՌԱՇԸ:

