«Եվրատեսիլ-2026»՝ պետական փողերով սնվող հերթական խայտառակությունը
ՄշակութայինՎիեննայում 70-ամյա «Եվրատեսիլ»-ն այս տարի էլ առանձնացավ ոչ թե երաժշտական անակնկալներով, այլ քաղաքական սկանդալներով, բոյկոտներով եւ հրապարակային փոխադարձ մեղադրանքներով։ Երբեմնի եվրոպական մշակութային տոն համարվող մրցույթն այսօր ավելի շատ հիշեցնում է քաղաքական ճամբարների բախման հարթակ, որտեղ երգն արդեն վաղուց երկրորդական դեր ունի։
Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Իսլանդիան եւ Սլովենիան բոյկոտեցին «Եվրատեսիլ-2026»-ը՝ Իսրայելին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու պատճառով։ Իսկ Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետտանը հայտնել էր Bild-ին, որ իր փորձերի ժամանակ սուլել եւ աղմկել են: Սակայն, նա այդքանից հետո չէր հրաժարվել մասնակցությունից։ Դա էլ հասկանալի էր, չէ որ վերջին տարիներին, օրինակ, ուկրաինացիներին քաղաքական կոմպոնենտը հաշվի առնելով՝ բավական բարձր գնահատականներ էին տալիս նույնիսկ ակնհայտ թույլ համարների համար։ Այսպիսով, իսրայելցին բոլոր հնարավորություններն ուներ հաղթելու «Եվրատեսիլ-2026»-ում։ Բայց հայտնվեց երկրորդ հորիզոնականում: Իսկ հաղթանակը Բուլղարիայինն էր, որը ներկայացրեց Դարան՝ Bangaranga երգով:
Մինչդեռ Հայաստանը հերթական անգամ միլիոնավոր դրամներ ծախսեց մի միջոցառման վրա, որտեղ ոչ միայն արդյունք չի գրանցում, այլեւ տարեցտարի ավելի նվաստացուցիչ պարտություններ է կրում։
«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը ՎԱՂՈՒՑ ԴԱԴԱՐԵԼ Է ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼԻՆԵԼՈՒՑ
Այս տարվա մրցույթը պատմության մեջ մտավ որպես ամենաբեւեռացված «Եվրատեսիլ»-ներից մեկը։ Վիեննայում բողոքի ցույցեր էին, հակաիսրայելական ակցիաներ, քաղաքական լոզունգներ, անվտանգության խիստ միջոցառումներ։ Մեկ անգամ եւս փաստվեց, որ «Եվրատեսիլ»-ը վաղուց դադարել է երաժշտական մրցույթ լինելուց։ Այն դարձել է քաղաքական ազդեցությունների, երկակի ստանդարտների եւ միջազգային քարոզչության հերթական բեմը։
Օրինակ, պաղեստինցիների արյունը ձեռքներին Իսրայելը կարող է մասնակցել մրցույթին, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Հիշեցնենք, որ 2022 թվականին Ռուսաստանը զրկվեց մրցույթին մասնակցելու իրավունքից։ Այդ ժամանակ կազմակերպիչները հայտարարեցին, թե իբր երկրի ներկայությունը կարող է վնասել «Եվրատեսիլ»-ի հեղինակությանը։ Բայց, ժամանակը ցույց տվեց, որ այս մրցույթին մասնակցելը կվնասեր նույն Ռուսաստանի եւ վնասում է դեռ մասնակցող այլ երկրների հեղինակությանը:
LBC-ին տված հարցազրույցում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի տնօրեն Մարթին Գրինը «Գյուլնազ տատի հեքիաթների» ոճով այսպես է մեկնաբանել առկա աբսուրդը. «Ռուսաստանը տեսականորեն կարող է վերադառնալ «Եվրատեսիլ», եթե պահպանվեն անդամակցության կանոնները»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մրցույթից հեռացվել է ոչ թե Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, այլ՝ որ չկան ապացույցներ, թե պետական հեռարձակողն անկախ է իշխանություններից։ Միեւնույն ժամանակ, Գրինը նշել է, որ Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին պայմանավորված էր Գազայի հատվածում պատերազմի շուրջ «համաշխարհային կոնսենսուսի բացակայությամբ»։
Ի դեպ, «Եվրատեսիլ»-ում իսրայելական սկանդալներից անմասն չմնաց նաեւ Հայաստանը: Իսրայելական «Kan 11» պետական հեռուստաալիքը մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո: Եվ փոխանակ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը շտապեր կոշտ արձագանքել, ՀՀ-ում Իրանի դեսպանատունն է հայտարարությամբ հանդես եկել. «Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել։ ՀՀ-ն պատմական եւ քաղաքակրթական ազգ է, եւ Իրանը միշտ կանգնած է եղել նրա կողքին»:
ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՍԻՄՈՆԸ ԿԱՄ «PALOMA RUMBA» ԵՐԳԸ ՉԷ
Բայց ամենացավալին այն է, որ նույնիսկ այս ակնհայտ իրողությունների պայմաններում Հայաստանի իշխանություններն ու Հանրային հեռուստաընկերությունը շարունակում են պետական բյուջեից ահռելի գումարներ ծախսել մասնակցության վրա՝ առանց որեւէ ռազմավարության, առանց հաշվետվության եւ առանց արդյունքի։
Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Սիմոնը «Paloma Rumba» երգով նույնիսկ չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը։ Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ համակարգային ձախողման հերթական դրսեւորումը։ 2018-ից հետո, երբ Հանրային հեռուստաընկերությունը փաստացի անցավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ազդեցության տակ, Հայաստանը «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 7 անգամ, որոնցից 3-ը ավարտվել են կիսաեզրափակիչում տապալմամբ։ Սիմոնից առաջ կիսաեզրափակիչը 2018-ին չէր հաղթահարել Սեւակ Խանաղյանը, 2019-ին՝ Սրբուկը: Այս վիճակագրությունն ինքնին բավական է հասկանալու համար, որ ոլորտում կա լուրջ կառավարման ճգնաժամ։
Հանրային դժգոհությունն այս տարի աննախադեպ էր։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար աջակցում էին հայկական պատվիրակներին, այս անգամ բացահայտ խոսեցին ձախողման մասին։ Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը խոստովանեց, որ հենց սկզբից համոզված էր՝ երգը եզրափակիչ չի անցնելու։ Նրա խոսքով՝ «երգն ու ելույթը ոչ մի բանի մասին էր»։ Հաղորդավար, պրոդյուսեր Մհեր Բաղդասարյանն էլ ավելի կոշտ գնահատական տվեց՝ հայտարարելով, որ «Հանրային հեռուստաընկերությունը տապալեց»։ Էլ չասենք, որ եթե ժամանակին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչով էր հանդես գալիս, դիմում սփյուռքին, որ քվեարկեն մեր մասնակցի օգտին, այս օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակի պաշտոնական էջերն ու կայքերը ողողված են «հերանց տուն»՝ վերջինիս ԱՄՆ կատարած այցի մասին լուրերով: Ի՞նչ «Եվրատեսիլ», ի՞նչ հաղթանակ, այս իշխանությունն ուր, հաղթանակն ուր։
Այո՛, խնդիրը միայն Սիմոնը կամ տվյալ երգը չէ։ Խնդիրը համակարգն է։ Տարիներ շարունակ նույն մարդիկ են զբաղվում «Եվրատեսիլ»-ի կազմակերպչական գործընթացներով, նույն դեմքերն են ընտրում ներկայացուցիչներին, նույն շրջանակներն են տնօրինում պետական միջոցները, բայց ոչ ոք երբեք հանրությանը հաշվետվություն չի ներկայացնում։ Ո՞վ որոշեց, որ հենց այս երգը պետք է ներկայացնի Հայաստանը։ Ի՞նչ մասնագիտական չափանիշներով։ Որքա՞ն գումար ծախսվեց մասնակցության, բեմադրության, պատվիրակության, արտասահմանյան ուղեւորությունների եւ PR-ի վրա։ Այս հարցերի պատասխանները մշտապես մնում են փակ դռների հետեւում։ Որեւէ պատասխանատվություն չկա, ձախողումներից հետո ոչ ոք հրաժարական չի տալիս (Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի եւ «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի ականջն էլ կանչի): Ընդհակառակը՝ ամեն տարի կրկնվում է նույն սցենարը՝ բարձրագոչ խոստումներ, անհասկանալի ընտրություն, պետական ծախսեր եւ վերջում հերթական պարտություն։
Էլ չասենք, որ հասարակության զգալի մասը վաղուց կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ»-ի նկատմամբ։ Եթե տարիներ առաջ մարդիկ հավաքվում էին էկրանների առաջ, քննարկում էին երգերը, ապրում մասնակցի հաջողություններով, ապա այսօր գերակշռում է անտարբերությունը։ Պատճառը պարզ է՝ մարդիկ այլեւս չեն հավատում, որ սա արդար մրցույթ է։ Եվ իրոք, ինչպե՞ս հավատալ մի հարթակի, որտեղ քաղաքականությունը որոշիչ դեր ունի, որտեղ երկրները բոյկոտում են միմյանց, որտեղ քվեարկությունները հաճախ պայմանավորված են ոչ թե երաժշտությամբ, այլ աշխարհաքաղաքական համակրանքներով։
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՌ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը «Եվրատեսիլ»-ն անվանել է «ամոթալի միջոցառում»՝ հայտարարելով, որ այն վաղուց քաղաքականացված «աղբ» է դարձել։ Եվ նման գնահատականները լիովին արդարացված է: Ավելին՝ մրցույթի հեղինակությունն արդեն լրջորեն խաթարված է նույնիսկ Եվրոպայի ներսում։
Այս ֆոնին առավել անհասկանալի է դառնում Հայաստանի համառ մասնակցությունը։ Ի՞նչ է ստանում Հայաստանն այս մրցույթից։ Ո՞րն է դրա ՕԳԳ-ն: Միջազգային հեղինակությո՞ւն։ Դժվար թե, քանի որ վերջին տարիներին Հայաստանը հիմնականում հայտնվում է պարտվողների ցանկում։ Մշակութային առաջխաղացո՞ւմ։ Բայց ներկայացվող երգերի ու կերպարների մեծ մասն անգամ հայկական ինքնության հետ կապ չունի։ Զբոսաշրջային խթա՞ն։ Այդ ազդեցությունն այսօր գրեթե զրոյական է։ Փոխարենը պետությունը շարունակում է ծախսել հարկատուների գումարները մի միջոցառման վրա, որի արդյունքը հերթական ձախողումն է։
Երբ երկրում կան սոցիալական խնդիրներ, արտագաղթ, աղքատություն, մարզերում մշակութային կյանքի կաթվածահար վիճակ, դժվար է բացատրել, թե ինչու են պետական միջոցներ ուղղվում մի մրցույթի, որտեղ Հայաստանը ոչ միայն հաջողություն չի ունենում, այլ հաճախ նաեւ դառնում է ծաղրի առարկա։
ԴԱԴԱՐԵՑՆԵ՛Լ ԱՅՍ ԱՆԻՄԱՍՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մինչդեռ նույնիսկ հասարակության ներսում արդեն ձեւավորվում է տրամադրություն, որ Հայաստանը պետք է առնվազն վերանայի իր մասնակցության նպատակահարմարությունը։ Եթե «Եվրատեսիլ»-ը վերածվել է քաղաքական շահարկումների, եթե արդյունքները հաճախ կապ չունեն երաժշտության հետ, եթե մասնակցությունն այլեւս չի բերում ո՛չ հեղինակություն, ո՛չ արդյունք, ապա գուցե ժամանակն է դադարեցնել այս անիմաստ ֆինանսական արկածախնդրությունը։ Հակառակ դեպքում, Հայաստանը շարունակելու է ամեն տարի պետական միջոցներով ֆինանսավորել սեփական խայտառակությունը։
Դեռ տարիներ առաջ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը զգուշացնում էր. «Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլ»-ը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

