Ինչո՞ւ են որոշ ֆիթնես մարզիչներ հանկարծ դարձել «նիկոլական»
Սպորտ«Իրավունք»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում որոշ ֆիթնես մարզիչների հանկարծակի «նիկոլական» դառնալն ու իշխանության նախընտրական քարոզարշավին ակտիվ ներգրավվելը պատահական չէ։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ պատճառը ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով հաստատված ֆիթնես կենտրոնների եւ մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգն է, որը էապես փոխում է ոլորտում գործունեություն իրականացնողների աշխատանքի պայմանները:
Նոր կարգով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման եւ դրա գործողության դադարեցման հիմքերը։ Կարգավորման նպատակը ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատումն ու ծառայությունների որակի ապահովումն է, իսկ այն տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձեւից։
Ըստ կարգի՝ հավաստագրման համար կարող են դիմել մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ինչպես նաեւ հարակից ուղղություններով՝ աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ, միջին մասնագիտական կրթություն եւ համապատասխան վերապատրաստման վկայական ունեցողները, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզիչները։
Միեւնույն ժամանակ, համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների համար պարտադիր է դառնում վերապատրաստումը, որը պետք է ներառի անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժօգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանություն, վարժությունների մեթոդիկա եւ անվտանգության կանոններ։ Վերապատրաստումը պետք է տեւի առնվազն 144 ժամ, ընդ որում՝ գործնական մասը չի կարող անցկացվել հեռավար ձեւաչափով։
Հավաստագիրը տրվելու է հինգ տարի ժամկետով, իսկ նոր աշխատանքի ընդունված, դեռեւս չհավաստագրված մարզիչները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում դիմել հավաստագրման։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ ոլորտում արդեն իսկ լուրջ դժգոհություն կա, քանի որ շատ մարզիչներ մտավախություն ունեն, որ առանց իշխանությունների հետ «լավ հարաբերությունների» դժվար կլինի գործընթացներն արագ ու անխոչընդոտ անցնել։ Թերթի աղբյուրները հենց սրանով են պայմանավորում որոշ մարզիչների իշխանամետ ակտիվությունն ու քաղաքական հռետորաբանության կտրուկ փոփոխությունը։
Սեփ. լրատվություն

