Սա արդեն Զելենսկուն լիկվիդացնելու օպերացիա է հիշեցնում
ՄիջազգայինԻհարկե, ներկա փուլում ամենակարեւոր հարցերից մեկն է դարձել, թե իրո՞ք Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվածությունների շեմին են: Իսկ դրա հիմնական ցուցիչը շարունակում է մնալ ուկրաինական թեման, թեեւ էն գլխից էր պարզ, որ անգամ Ուկրաինան է ընդամենը թեմայի «այսբերգի վերին մասը»:
Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ Նիկոլին հյուրընկալված Զելենսկին սպառնաց` հարվածել Մոսկվային, այն էլ` մայիսի 9–ի տոնակատարությունների ժամանակ, նրա գործերը լավ չեն գնում: Նախ, ստիպված եղավ ընդունել այն զինադադարը, որը հայտարարեց Մոսկվան: Ու դրանից հետո էլ ձախորդություններին վերջ չկան: Ամենածանր հարվածը, իհարկե, Անդրեյ Երմակին 60 օրով բանտ ուղարկելն էր:
Թե ով է Երմակը Զելենսկու համար, բացատրելու կարիք չկա: Չնայած պաշտոնից հանելուն` Ուկրաինայի «գորշ կարդինալ», բրիտանացիների հետ Զելենսկու կապի հիմնական օղակ, էլ չասած միլիարդավոր դոլարների ֆինանսական մեքենայությունների մասին: Մի խոսքով, առանց չափազանցության, Զելենսկու համար «սիամական երկվորյակ» Երմակին ուղարկեցին բանտ, եւ Ուկրաինայի ժամկետանց նախագահը ոչ մի բան չկարողացավ անել:
Թե ինչու, երկրորդ կարծիք չկա. բանտ ուղարկողները ԱՄՆ–ի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական հակակոռուպցիոն մարմիններն են: Նման է, որ այս ընթացքը տեղի ունեցավ. Զելենսկին ստացավ հերթական զգուշացումը` պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը, հակառակ դեպքում կմիանան կոնկրետ պատժիչ մեխանիզմները: Ըստ ուկրաինական աղբյուրների, նա անմիջապես նետվեց թեման Երմակի հետ քննարկելու, բայց ոչ թե համաձայնել–չհամաձայնելու մասին, այլ, թե ինչպես հերթական ճնշումը չեզոքացնեն: Իսկ ահա Բրիտանիայի տերերը շատ են զբաղված, այստեղից էլ օգնություն ակնհայտորեն չեկավ: Եվ, ըստ ամենայնի, հասնելով այն մտքին, թե Թրամփը թուլացել է, ինչ կարող է անել, որոշեցին Վաշինգտոնի պահանջը մերժել: Եվ ահա, պայթեց կոռուպցիոն սկանդալը, որը հանգեցրեց Երմակի կալանքին: Ընդ որում, ամենախայտառակ ձեւով: Օրինակ, մեղադրող դատախազը երկար–բարակ պատմեց, թե ինչպես է Երմակը բարձրաստիճան անձանց պաշտոնների նշանակել, մեծ կարեւորության հարցերով որոշումներ կայացրել, թերեւս, նաեւ ԱՄՆ–ի առաջադրած պայմանագիրը ստորագրելուց հրաժարվել սովորական գուշակի խորհուրդներով: Արդյունքում, Զելենսկին հիմա փորձում է աջակցություն ստանալ եվրոպացի առաջնորդներից, ինչ–որ բան ստացվում է: Բայց բոլորն են հասկանում. շուտով կոռուպցիոն մեղադրանքները կարող են հասցեագրվել հենց Զելենսկուն, ու նրան բացահայտ աջակցողները նաեւ սեփական հանրություններին պետք է բացատրություն տան պարզ հարցի շուրջ` մեր փողերը տվել եք Ուկրաինային, որ մի քանի կոռուպցիոներներ դրանք լափե՞ն:
Կարճ ասած, ԶեԵրմակ զույգն այս պահին դարձավ այն աստիճան տոքսիկ, որ նրան երկար պահելը պարզապես անհնար է դառնում: Նաեւ հաշվի առնելով, որ Երմակի կալանքը նաեւ Ուկրաինայի ներսում է բացելու բոլորի բերանները` քաղաքական վերնախավից մինչեւ զինվորականություն: Բոլորի համար դա հիմնավորում էր. մինչեւ մարդիկ հարյուր հազարներով մեռնում էին ռազմաճակատներում, Զելենսկու կլանը զբաղված էր պատերազմի համար դրսից եկող փողերը գողանալով:
Մի խոսքով, նման է, որ արդեն Զելենսկուն ամերիկացիներն անգամ չեն առաջարկում` արի, պայմանագիր ստորագրիր: Սա արդեն Զելենսկուն լիկվիդացնելու օպերացիա է հիշեցնում: Չէ, ոչ ֆիզիկապես: Պարզապես նա պետք է հեռանա, նրան կփոխարինի նախագահի աշխատակազմի ղեկավար Բուդանովը, ով կկազմակերպի Դոնբասի հարցով հանրաքվե, եւ այդ հիմքի վրա էլ կկնքվի խաղաղության պայմանագիր: Իսկ այն, որ վերջին օրերին ռուսները սկսել են աննախադեպ մասշտաբների հարվածներ հասցնել, թերեւս էլ ավելի կսրի ուկրաինացիների ցանկությունը` ամեն կերպ պատերազմից ազատվելու հարցում:
Շատ բան հուշեց նաեւ Կրեմլից եկած մեսիջը: Այսպես, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է «Հյուսիսային հոսք»-ում աշխատել ամերիկացիների հետ: Այսինքն, եթե ամերիկացի ներդրողները ձեռք բերեն եվրոպական ընկերությունների բաժնեմասերը, ապա «Հյուսիսային հոսքը» կդառնա Եվրոպայի գազամատակարարման ռուս–ամերիկյան նախագիծ: Այսինքն, Եվրոպան կմնա ոչ թե ռուս–եվրոպական, այլ արդեն` ռուս–ամերիկյան .գազային ասեղին», եթե նաեւ ավելացնենք, որ Հորմուզի նեղուցի փակ լինելն արդեն իսկ եվրոպացիներին մեծապես զրկել է այլընտրանքից: Ավելին, ըստ Պեսկովի` երբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները այլեւս կապված չլինեն ուկրաինական հակամարտության հետ, օրակարգում կարող են հայտնվել «շատ փոխշահավետ նախագծեր»: Ընդ որում, Մոսկվան ի ցույց դրեց նաեւ այլընտրանքը. այն է` «Սարմատ» հրթիռները, որոնք կարող են թռչել 35 հազար կմ, այն է` հասնել աշխարհի ցանկացած կետ` ճանապարհին թափելով տասից ավել միջուկային մարտագլխիկների բեռը: Նաեւ, սպառազինություն մտնող«Բուրեվեստնիկ», «Պոսեյդոն» անալոգը չունեցող համակարգերը, «Ավանգարդ»–ները եւ այդպես շարունակ: Ասենք, սա նաեւ միլիտարիզացիային ձգտող կանցլեր Մերցի համար է ցուցադրական ակնարկ:
Մեկ հարց է միայն մնում` ինչո՞վ կավարտվի Թրամփի այցը Չինաստան: Վերջնական արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, սակայն այս պահին էլ որոշ նրբերանգներ կան: Նախ, այն ճոխ ընդունելությունը, որ ցուցաբերվեց Թրամփին, տիպիկ չինական ակնարկ էր, որ նախընտրելի են համարում «լեզու գտնելու» տարբերակը: Ընդ որում, անկախ իրանական հարցով պայմանավորված այն թույլ դիրքերից, որոնցով Թրամփը հասավ Պեկին: Սա սպասելի էր. Պեկինի ինչի՞ն է պետք Թրամփի «քաղաքական լիկվիդացիան», որ նրա փոխարեն ավելի ուժեղ մեկի հե՞տ սկսի «քյալլա տալ»: Թրամփը ձախողվեց Իրանում, ինչ երկրի ներսում հայտնվել է «շրջապատված ամրոցում գտնվողի» վիճակում, եւ այդ իրավիճակի փոփոխությունը մեծ չափով կախված է հենց Չինաստանից: Մնում է լուծել Թայվանի թեման, որին ի պատասխան, Պեկինը կօգնի «դեմքը փրկել» Իրանում եւ ստանալ շատ կարեւոր տնտեսական պայմանագրեր: Այնպես, ինչպես Մոսկվայի դեպքում է. կփակի ուկրաինական թեման, եւ Մոսկվան կօգնի լեզու գտնել Թեհրանի հետ, գումարած, Պեսկովի ասած` խոշոր տնտեսական պայմանագրերը:
Կարճ ասած, Թրամփին առաջադրում են բոլոր խնդիրների լուծումը, եւ սա, նման է, որ նրա համար լավագույն տարբերակ է:
Մի խոսքով, եթե անակնկալներ չլինեն, «Պոտսդամի կոնֆերանս – 2»- ը դառնում է միանգամայն տեսանելի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67072

