«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի առաջատար ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- 61 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Իմ մեդալից ու մրցելույթներից գոհ չեմ։ Շատ սխալներ թույլ տվեցի։ Ամիսներ շարունակ պարապել եմ մի նպատակով, որ հաղթեմ ռուս ըմբիշին, իմ քաշում միայն նրան էի պարտվել։ Դա իմ ամենամեծ սխալն էր, որ ես պատրաստվել էի մեկի դեմ։ Մեկնարկային գոտեմարտում մտքով կիսաեզրափակչում էի ռուս ըմբիշի հետ գոտեմարտում։ Այդպիսի սխալ չպետք է թույլ տայի։ Եթե կենտրոնանայի ոսկե մեդալ նվաճելու վրա, կհաղթեի։ Շատ էի լարվել այդ մտքից։ Արդեն իր հետ գոտեմարտում լարվածությունս թուլացավ։ Առաջին 3 րոպեն շատ լավ գոտեմարտ անցկացրի։ Երկրորդ մրցափուլում արդեն ուզում էի մտածել հաղթանակիս մասին, հենց այդ մտքից երևի թուլացա, սխալ թույլ տվեցի, մրցակիցս էլ օգտվեց բարդ սխալից։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

