Այսքանից հետո էլ ավելի են խորանում կասկածները. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ խոստովանել է, որ իրենց իշխանությունը, ոչ ավել, ոչ պակաս, հղի է մնացել Ռուսաստանից, բայց ալիմենտ ուզելու նպատակ չունի: «Մենք իրենց պետք չե՞նք, բա ինչի են այդպես խառնվել իրար, որտեղ նստում են, ասում են՝ Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, Հայաստանն ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլիներ, բա եթե այդքան պետք չենք, հիմա ի՞նչ ենք քննարկում: Բաժակի մեջ փոթորիկ մի սարքեք, սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք, կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի բան իրենք կառաջարկեն, մի բան մենք: Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն եւ ապահարզան, մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք, նման խոսակցություններին էլ դեմ ենք»,- նշել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի այս «ընտանեկան-քաղաքական» խոստովանությունից հետո մնում է միայն հասկանալ՝ իշխանությունն, ի վերջո, արտաքին քաղաքականությո՞ւն է վարում, թե՞ հերթական սերիալն է նկարում պետական բյուջեի հաշվին։ Որովհետեւ եթե հավատանք Ալեն Սիմոնյանին, ստացվում է՝ Հայաստանը ոչ թե ռազմավարական դաշնակից է ունեցել, այլ «հարաբերությունների մեջ» է եղել Ռուսաստանի հետ:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ եւ վարչապետի թեկնածու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հիստերիայի մեջ է ընկել, թե ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ «Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին»,- գրում է Արամ Զավենիչը՝ սա ներկայացնելով իբրեւ ազգային հույզերի վրա խաղալու «ավանդական ռուսական գործելակերպ»: Պատկերացնո՞ւմ եք՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը ոչ միայն իր նախընտրական ծրագրում մի բառ անգամ չի ասում Արցախի մասին, այլ մի հատ էլ դժգոհում է, որ Ռուսաստանը չի մոռացել հայկական Արցախը: Այսքանից հետո էլ ավելի են խորանում կասկածները, թե արդյոք Արամը Զավենի ու Գրետա մայրիկի որդին է, էլ ուր մնաց թե Վազգենի հալալ եղբայրը լինի:
Կարգալույծ հռչակված ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ (նախկին Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը) շարունակում է գործարքներ կատարել ՀԱԵ-ին պատկանող բանկային հաշիվներով եւ ապրիլի 1-ի դրությամբ դրանցից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Որոշումը դատարանում վիճարկելու եւ հրամանին չենթարկվելու պատճառով հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։ Զոհրաբյանի խոսքով, կարգալույծ լինելու որոշումը ենթադրում է նաեւ եկեղեցու բանկային հաշիվները տնօրինելու արգելք, սակայն Սարոյանը, ըստ նրա, հարկադիր կատարողի աջակցությամբ շարունակում է շրջանցել այդ սահմանափակումը։ «Հարկադիր կատարողը իրեն դրել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել։ Նրանք այս ընթացքում ապահովել են Արման Սարոյանի քմահաճույքները, հարկադիր կատարողը դարձել է նրա անձնական աշխատողը», - ասել է փաստաբանը։ Արա Զոհրաբյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ նախկին հոգեւորականը կարող է տնօրինել բանկային հաշիվներում առկա մնացած միջոցները եւս։ Ապշեցուցիչ է, թե երբեմնի սրբազանը որքան կարող է բարոյապես անկում ապրել՝ հասնելով եկեղեցու փողերի շուրջ նման խայտառակ պատմությունների։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

