Ընտրապայքարի մեջ մտած ուժերն ինչ են առաջարկում Արցախի հարցում
ՎերլուծությունԻշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում, ինչպես եւ սպասելի էր, բառ անգամ չկա Արցախի մասին: Մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում արցախցիների հասցեին թույն ու թարախ թափել: Ըստ նրա, արցախյան շարժումը «ճակատագրական սխալ» էր, ավելին՝ Արցախը նա համարում է ուրիշ հայրենիք, արցախցիներին՝ փախածներ:
Նույն կերպ ոչ մի խոսք չկա Արցախի մասին «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում: Իսկ այս կուսակցության նախագահ եւ վարչապետի թեկնածու Արամ Զ. Սարգսյանը հիստերիայի մեջ է ընկնում, երբ ռուսները չեն մոռանում հայկական Արցախի օրակարգի մասին: Ըստ նրա, ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ «Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին»,- գրում է Արամ Զավենիչը՝ սա ներկայացնելով իբրեւ ազգային հույզերի վրա խաղալու «ավանդական ռուսական գործելակերպ»: Իսկ իր ուրացման գործելակերպի մասին չի ասում ոչ մի խոսք:
Արցախի մասին չկա անդրադարձ նաեւ Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրում: Իսկ «Հայաստան» դաշինքը, «Ալյանս»-ը, «Նոր ուժ»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք»-ն առհասարակ ԿԸՀ-ի կայքում չունեն ներբեռնված նախընտրական ծրագիր: Բայց հայտնի է, օրինակ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի տեսակետը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիին բանավեճի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցնում է՝ ձեր նախընտրական ծրագրում Արցախի վերադարձ կա՞: Մուրազին տալիս է բացասական պատասխան ու համեմատական անցկացնում, թե բա՝ ՔՊ-ն տունը հրդեհել է, իրենց ասում են` վերանորոգեք: Եվ հենց այստեղ է հարց ծագում՝ եթե չեք վերանորոգելու, էլ Նիկոլ Փաշինյանին փոխոմ եք, որ ի՞նչ անեք: Փաստորեն, նա տալիս է հողերը, Իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը վերդարձնելու ծրագիր չունի: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս հասկանալ, Արցախի հարցում Քոչարյան-Նիկոլ մոտեցումները նո՞ւյնն են:
Խիստ տարօրինակ մոտեցում ունի այս հարցում նաեւ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինիքի նախընտրական ցուցակի առաջին համար եղբորորդի Նարեկ Կարապետյանը:
«Սամվել Կարապետյանը կո՞ղմ է, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում», - Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ հարցին Նարեկ Կարապետյանը պատասխանում է այսպես. «Ես ապագա բանակցային պրոցեսներին խնդիր չստեղծելու համար եւ արդեն իսկ դիրքավորում չտալու համար կխուսափեմ այդ հարցից: Բայց մի բան կարող եմ ասել, որ իրավիճակը, ցավոք, հայկական կողմի համար բավականին այսօր ավելի վատթարացված է, քան կարող էր լինել երեք տարի առաջ, կամ դրանից եւս երեք տարի առաջ»:
Մի խոսքով՝ Արցախի հարցում ծրագիր չունեն նաեւ Կարապետյանները: Իսկ արցախցիներին, որպես մխիթարանք, Սամվել Կարապետյանն ինքը խոստանում է՝ ոչինչ չմոռանալ:
«Մենք ունենալու ենք համապարփակ ծրագիր Արցախի հայերի համար։ Ես շատ լավ գիտեմ Արցախի հայերի տաղանդները, բնավորությունները, կարողությունները եւ մարտական ոգին, ուստի՝ ինձ համար շատ հեշտ կլինի։ Ամեն դեպքում, այն առաջնորդը, որը հանձնեց Արցախը, չի կարող ոչինչ անել Արցախի հայերի համար, որովհետեւ ո՛չ Արցախի հայերը նրան կընդունեն, ո՛չ էլ նա է ընդունում Արցախի հայերին, եթե հրաժարվել է Արցախից։ Ուստի՝ վստահեցնում եմ ձեզ, որ նրանք իրենց տեղը կունենան մեր կյանքում, եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ստանան Արցախ վերադառնալու իրավունք: Ով ուզում է վերադառնալ, կվերադառնա։ Ով ուզում է ապրել Հայաստանում, կապրի Հայաստանում, բայց լավ կյանքով», - ասել է Սամվել Կարապետյանը:
Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ԴՕԿ կուսակցությունը պաշտոնապես արձանագրում է․ Արցախցին փախստական չէ։ Արցախցին հյուր չէ։ Արցախցին ողորմություն խնդրող չէ։ Արցախցին հայ ժողովրդի արժանապատվության, պայքարի եւ պատմական հիշողության կրողն է։
«Մեր նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է․ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան։ Սակայն, միեւնույն ժամանակ, մենք պաշտոնապես հայտարարում ենք նաեւ հետեւյալը․ արցախցու բնական եւ պատմական բնակավայրը Արցախն է։ Այն հողը, որտեղ հայն ապրել է հազարավոր տարիներ, կառուցել եկեղեցի, դպրոց, ընտանիք, գերեզման ու հայրենիք։ Ուստի՝ Վարդան Ղուկասյանի ծրագրով սկզբունքային եւ պարտադիր քաղաքական նպատակ է համարվում այն, որ արցախցին վերջնականապես պետք է ապրի Արցախում՝ իր հայրենի հողի վրա, ոչ թե մշտական տեղահանության եւ օտարության պայմաններում։ Մենք երբեք չենք ընդունելու այն քաղաքականությունը, որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի եւ փակել Արցախի հարցը։ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու եւ հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն։ Դա սոսկ տարածքի հարց չէ։ Դա ազգի գոյության հարց է։ Դա պատմության, արյան, հիշողության եւ արժանապատվության հարց է։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ Հայաստանը պարտվածի հոգեբանությամբ չի ապրելու։ Արցախցին վերադառնալու է իր տուն», - «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծել է կուսակցության շտաբի պետ, պատգամավորի թեկնածու, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Իսկ ահա «Միասնության թեւեր» կուսակցությունը նախընտրական ծրագրում նշել է, որ լինելու են հետևողական եւ ակտիվ միջազգային դատական եւ կոնվենցիոն բոլոր մեխանիզմների կիրառման հարցում՝ Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար՝ Արդարադատության 8 միջազգային դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հատուկ առաջնահերթությամբ։ Ազատելու են Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաեւ զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է իրենց առաջնահերթությունը. «Միջազգային ատյաններից Հայաստանի ներկայացրած հայցերից, գանգատներից կամ դիմումներից հրաժարվելը, առանց հիմնարար իրավունքների խատումներն արձանագրելու եւ հատուցում տրամադրելու, բացառվում է դա կստեղծի նոր սպառնալիքներ թե՛ մարդու իրավունքներին, թե՛ պետականությանը»։ Ինչպես նկատեցիք, քաղաքական կամք Արցախի վերադարձի հարցում «Միասնության թեւեր»-ը եւս չունի, զուտ սահմանափակվելու են միջազգային ատյաններում իրավական գրագրությամբ:
ՀԱԿ-ը եւս անդրադարձել է Արցախի եւ արցախցիների խնդիրներին: Բայց, ոչ այն համատեքստում, ինչ երազում են արցախցիները: ՀԱԿ-ի կարծիքով՝ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանելով՝ պետությունն այս ժամանակաշրջանում պետք է ընդամենը կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալտնտեսական ինտեգրման վրա, արտոնություններ տա եւ պաշտպանի նրանց գույքային ու այլ իրավունքները միջազգային ատյաններում եւ դատարաններում։
«Ժողովրդական համախմբումն» իր նախընտրական ծարգրում ավելի շատ քաղաքական գնահատականներ է տալիս, թե ինչու հանձվեց Արցախը, քան թե ասում է ինչ պետք է լինի Արցախի ապագան եւ այս հարցում որն է լինելոև իրենվ պետական ծրագիրն իշխանության գալու դեպքում:
Միայն «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունն է, որ ունի Արցախի մասին առանձին գլուխ, որում ասվում է. «Արցախի բնակչության տեղահանումը գնահատվում է որպես էթնիկ զտում։ Պետության պարտավորություններն են՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում. միջազգային պատասխանատվության ապահովում. ռեստիտուցիայի իրականացում. ՀՀ ներսում խտրականության բացառում»։ ԱԺԲ-ն առաջարկում է միջազգային միջնորդական ձեւաչափ, բանակցային գործընթացի վերականգնում, ռազմագերիների վերադարձի առաջնահերթություն, վերադարձի իրավունքի ապահովում միջազգային վերահսկողությամբ՝ առանց մանրամասնելու, թե որ երկրներից է ակնկալում այդ միջնորդական առաքելությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

