Ինչ են ակնարկում Հայաստանին Պուտինի կոշտ հայտարարությունները
ՄիջազգայինԱյն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, Հայաստանի ԵՄ գնալու հետ կապված, պետք է բուռն ռեակցիա առաջացներ, այն էլ Հայաստանում շիկացող նախընտրական կրքերի համատեքստում, սպասելի էր: Եվ այն, որ Միրզոյան Արոն շտապեց արձագանքել նույն անհամ տարբերակով, թե մենք կորոշենք, երբ ենք ԵԱՏՄ–ից դուրս գալիս կամ ԵՄ գնում, ասվածի հաստատումն էր:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՑ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Այսպիսով, ի՞նչ կատարվեց, ինչի մասին է խոսում մայիսի 9–ի կապակցությամբ տված բրիֆինգում Պուտինի նման կոշտ հայտարարությունը: Այստեղ, թերեւս, նախ հետեւյալ փաստը պետք է նկատել: Այս ելույթում ՌԴ նախագահն անդրադարձավ համաշխարհային նշանակության մի շարք հարցերի, ավելի կոնկրետ` հենց այդ թեմաների շուրջ Մոսկվայի դիրքորոշումը հայտնել էր հիմնական իմաստը: Նախ խոսեց Ուկրաինայից` հնչեցնելով սենսացիոն միտք, թե հակամարտությունն ավարտվում է, կարող է ընդունել Զելենսկուն: Ակնարկելով նաեւ, որ այդ իրավիճակը ստեղծվել է Թրամփի հետ քննարկումների արդյունքում: Անդրադարձավ նաեւ Եվրոպայում մեծ մասշտաբ ստացած քննարկումներին, թե պետք է սկսել Մոսկվայի հետ բանակցել, ու կա գլխավոր բանագնաց ընտրելու կարիք: Պուտինը դեմ չէ բանակցելուն ու նաեւ նշեց, թե իր համար ցանկալի բանագնացը կարող է Գերմանիայի նախկին կանցլեր Շրոյդերը լինել` դրանով «տակից» միանգամայն ծանր հարված հասցնելով գործող կանցլեր Մերցին: Ապա հերթը հասավ իրանական հակամարտությանը` էլի հնչեցնելով միանգամայն կարեւոր մոտեցում. «Այն պետք է հնարավորինս արագ դադարեցվի։ Այլեւս ոչ մի կողմ չի հետաքրքրված դրա շարունակմամբ։ Եթե այն շարունակվի, բոլորը կպարտվեն»: Ու նաեւ ակնարկներ եղան ռուս–ամերիկյան, ռուս–չինական եւ չին–ամերիկյան հարաբերությունների մասին:
Թե այս ամենն ինչ է նշանակում, որտեղից ուր է տանում, դեռ կհասնենք: Այս պահին նկատենք, որ այդ կարեւորագույն թեմաներին զուգահեռ նաեւ Հայաստանի մասին խոսելը, չասենք տարօրինակ է, բայց հասկանալու խնդիր կա: ՌԴ նախագահի խոսքը տեսանելի, բաց իմաստը սա էր. Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում, եւ այն կքննարկվի ԵԱՏՄ մակարդակով առաջիկա հավաքին, որը նախատեսված է այս ամսվա վերջերին: Նախնական քննարկումներ արդեն եղել են. «Մենք այս մասին մեկ անգամ չէ, որ քննարկում ենք ունեցել Փաշինյանի հետ եւ դրանում որեւէ առանձնահատուկ բան չենք տեսնում»: Բայց, ըստ Պուտինի, ամբողջ խնդիրը տանում է հետեւյալին. պետք է այս հարցով անցկացնել հանրաքվե՝ հարցնելով Հայաստանի քաղաքացիներին, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են միանալ ԵՄ-ին: « Ըստ դրա՝ մենք կկատարենք համապատասխան ընտրություն եւ կձգտենք մեղմ, խելամիտ ամուսնալուծության»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Ընդ որում, այս համատեքստում Պուտինը համեմատություն է անցկացրել Ուկրաինայի հետ` ընդգծելով, որ այնտեղ էլ ամեն բան սկսվեց հենց եվրաինտեգրացիայի գաղափարից:
Պուտինի այս հայտարարությունից առաջին հետեւությունը միանգամից է աչքի առաջ գալիս: Նախ, երբ Հայաստան–ԵՄ թեման առաջ է քաշվում թվարկված գլոբալ, համաշխարհային նշանակության հարցերի հետ միաժամանակ, դա պարզ ակնարկ է, որ հայաստանյան ուղղությունը նույնքան կարեւոր է համարում, որքան մյուսները:
Հաջորդը. երբ առաջարկում է եվրաինտեգրացիայի թեմայով հանրաքվե, ապա այստեղ հետեւությունը միանշանակ է: Դրանով Պուտինն առնվազն կասկածի տակ է առնում նիկոլական խունտայից եկող հայտարարությունները, թե եվրաինտեգրացիան Հայաստանի բնակչության ցանկությունն է: Եթե այդպես չէ, հանրաքվեն անցկացվի եւ ունենա դրական արդյունք, ապա այստեղ ամեն բան հասկանալի է`«մեղմ, խելամիտ ամուսնալուծություն»:
Սակայն ՌԴ նախագահը, թերեւս, վստահ է, որ Նիկոլը նման հանրաքվե չի անցկացնելու կամ անցկացնելու դեպքում դրական արդյունք չի լինի. այլապես վաղուց անցկացրած կլիներ եւ հիմա շատ ավելի վստահ դիրքերով այդ ուղղությունն առաջ կտաներ: Այս տարբերակի դեպքում Պուտինի այդ առաջարկը սկսում է նմանվել խորքային ակնարկի, որ ոչ թե հայ ժողովուրդը, այլ նիկոլյան թիմն է փորձում երկիրը տանել կեղծ ուղղությամբ: Իսկ դա, դատելով Ուկրաինայի հետ նրա համեմատությունից, Հայաստանը տանում է ուկրաինացման: Հանրագումարը սա է. եթե հանրաքվե չլինի, հավանական է ուկրաինականին նման ինչ–որ տարբերակ: Համենայնդեպս, «մեղմ, խելամիտ ամուսնալուծություն» այս տարբերակով չի լինելու: Ի՞նչ է լինելու դրա փոխարեն. տասնյակ սցենարներ կան, դեռ Մոսկվան էլ երեւի չի որոշել, թե որ մեկով առաջ կգնա: Սակայն այդ սցենարներից յուրաքանչյուրը կարող է ուղղված լինել ոչ թե հայ ժողովրդի դեմ, որի կարծիքը չեն ուզում հարցնել, այլ նրանց, ովքեր փորձում են չհարցնել ժողովրդի կարծիքը:
ԿՏՐՈՒԿ ՏԵՂԱՇԱՐԺ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ընդ որում, կրկնենք, երբ այս բոլոր ակնարկները հնչում են միջազգային գլոբալ խնդիրներին զուգահեռ, ապա սա պարզ ընդգծում է, որ հայաստանյան թեման Մոսկվայի առաջնային օրակարգում է: Առավել եւս, որ նման հայտարարությունը հնչեց այս օրերին Մոսկվայից Հայաստանին հասցեագրված քննադատության ֆոնին, կապված ԵՄ լիդերների վերջին հավաքի հետ: Ընդ որում, ինչպես հատուկ ընդգծեց ՌԴ նախագահի խոսնակը, Մոսկվան խնդիր է համարում ոչ թե այն, որ եվրոպական պետությունների եւ ԵՄ առաջնորդներ են եկել Հայաստան, այլ որ հարթակ է տրամադրվել նաեւ Զելենսկուն` մի շարք ընդգծված հակառուսական հայտարարություններ հնչեցնելու համար:
Բայց այս մեդալը, թերեւս, մի փոքր այլ երես ունի: Այն, որ կոնկրետ եվրալիդերներ Զելենսկուն Երեւան էին բերել հատկապես մայիսի 9–ի մոսկովյան միջոցառումները տորպեդահարելու համար, էն գլխից էր պարզ: Ինչ ծրագիր էին դրա տակ դրել, իրենք կիմանան: Միայն թե այդ ծրագիրը «թարս բուսնած խիարի» տարբերակով եղավ. նման հայտարարություններով Զելենսկին հարված հասցրեց ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ` Վաշինգտոնին: Ավելի կոնկրետ, սկսվեց մի խաղ, որը Զելենսկուն բերողները հաստատ չէին հաշվարկել: Նախ Մոսկվան արձագանքեց. եթե Զելենսկին փորձի հարամել մայիսի 9–ը, Ռուսաստանը կչեղարկի բոլոր «կարմիր գծերը»` սկսելով հարվածել ուկրաինական որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում` Կիեւի կենտրոնի կառավարական հաստատություններին: Հաջորդեց Մոսկվայի հաջորդ ակնարկը, թե արդեն անիմաստ է համարում Ալյասկայի պայմանավորվածությունների հիման վրա ստեղծված բանակցային եռակողմ ձեւաչափը, այսինքն, որ Վաշինգտոնը հարցեր չի կարողանում լուծել: Ու նման է, որ այդ ամենը Պուտինը հեռախոսազրույցով ուղիղ ներկայացրեց նաեւ Թրամփին: Նաեւ հասկանալի է, որ այդ իրավիճակն ազդելու է ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ` ռուս–ամերիկյան, իրանական եւ անգամ չինական ուղղությունների վրա: Եվ այստեղ Թրամփի մեղավորությունն ընդգծված է. խոստացավ, բայց այդպես էլ չի կարող կամ չի ցանկանում ազդել Կիեւի վրա:
Եվ ահա այս պահից էլ Ուկրաինայի հետ կապված սկսվեցին «տարօրինակ» տեղաշարժեր: Օրինակ. եթե Polymarket հայտնի կանխատեսումների հարթակում դեռ մայիսի 6-7-ին հավանականությունը, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի շատ արագ, գնահատվում էր ընդամենը 3-4 տոկոս, ապա մայիսի 10–ին այն հասավ մոտ 100 տոկոսի: Տրամադրությունների նման շրջադարձի մեջ, միգուցե, իր դերն ունեցավ նաեւ Պուտինի երեկվա հայտարարությունը, թե հավատում է, որ հակամարտությունը շուտ կավարտվի: Բայց ոչ միայն. դա բավարար չէր 3-4 տոկոսը 100-ի հասցնելու համար:
ԻՍԿ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՏԵՐԵՐԸ» ՆՈՐԻՑ ԽԱՌԸ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Թե իրականում ինչպես տեղի ունեցավ նման տեղաշարժը, ուր կարող է այն հասցնել, դեռ կանդրադառնաք: Մինչ այդ, նկատենք, որ երբ այդ թեման առաջին պլան է բերում իր բրիֆինգում, դրա հետ կապում է իրանական եւ մյուս խոշոր թեմաները ու նաեւ միանգամայն թափանցիկ ակնարկներ է հնչեցնում Հայաստանի հետ կապված, ապա դա խոսում է նրա մասին, որ այդ ամենը Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի նախագահների վերջին հեռախոսազրույցի ժամանակ հստակեցված հարցեր են:
Այս իրավիճակում Զելենսկին, ասենք նաեւ Նիկոլը, իհարկե, դեռ կարող են իրենց եվրագլոբալիստների կողմից պաշտպանված համարել: Միայն թե, օրինակ, կա նման տհաճ դետալ. թեեւ Նիկոլը Սթարմերի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքեց, բայց ահա, նույն Սթարմերի ղեկավարած իշխող Լեյբորիստական կուսակցությունը նախօրեին կատաստրոֆիկ պարտություն կրեց Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում` միանգամից կորցնելով 1496 տեղ: Ու հիմա, դատելով, օրինակ, BBC-ի գնահատումներից, Սթարմերին այլ բան չի մնում, քան հրաժարականը: Փոխարենը Նայջել Ֆարաջի աջակողմյան «Reform UK» կուսակցությունը ստացավ 1451 նոր մանդատ, ինչը ծանր հարված է եվրագլոբալիստների համար: Եվ որ այս միտումները տարածվելու են ողջ ԵՄ–ով մեկ, այսինքն, որ բոլոր այն լիդերները, որոնց Նիկոլը բերել էր Հայաստան, եւ որոնք նաեւ բուռն խաղերի մեջ են Զելենսկու հետ, աչքի առաջ մղվում են քաղաքական օրակարգից դուրս, նոր տեսք է հաղորդում ինչպես Նիկոլի եվրոպական նկրտումներին, այնպես էլ Մոսկվայից եկած մեսիջներին: Ընդ որում, անկախ այն բանից` Նիկոլը կկարողանա՞ եւս մեկ անգամ վարչապետի աթոռը զավթել, թե` ոչ:
Չնայած, եթե Հայաստանի թեման մայիսի վերջերին, այն է` ընտրություններից հաշված օրեր առաջ մտնի ԵԱՏՄ–ի օրակարգ, հայաստանյան բիզնեսից (այդ թվում` Նիկոլի թիմում գտնվող) սկսած մինչեւ շարքային «խոպանչիները» պարզ տեսնեն, թե նիկոլյան կուրսն ուր է հասցնելու, ապա դա եւս կարող է շատ լուրջ մեսիջ դառնալ հայաստանյան ամեն մի ընտրողի համար:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/66958

