«ԵՍ ՄՐՑՈՒՄ ԵՄ ԾԱՆՐԱՁՈՂԻ ՀԵՏ, ՈՉ ԹԵ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ՕԽ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ
ՍպորտՎերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր /+110 կգ /քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը /210+241/։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի կրկնակի, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն, Գյումրեցի ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Վարազդատ փայլուն հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Ասեմ, որ Եվրոպայի առաջնությունն ինձ համար ստացված էր, որովհետև հաղթել եմ։ Սա, իհարկե, վերաբերում է հաղթանակին։ Արդյունքներս քիչ էին, ուշ էի սկսել մարզումներս։ Դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն, ինչը շատ ուրախալի փաստ է ինձ համար, ֆեդերացիայի ու հայ ազգի համար։ Լուրջ պատճառ չկար, որ ուշ եմ սկսել մարզումները։ Այդքան էր ինձ պետք հաղթանակի համար, այդքան էի պատրաստվել։ Եվրոպայի ռեկորդ էի ցանկանում սահմանել, սակայն իմ նպատակն Աշխարհի ռեկորդները սահմանելն է։ Թույլ էր մրցակցությունը։ 2025 թվականին պարզ էր, որ կիլոգրամները ցածր են լինելու։ Ես բարձրացրի այնքան, ինչին պատրաստ էի այդ պահին։ Ես մրցում եմ ծանրաձողի հետ, մարզիկների հետ չեմ պայքարում։ Մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել։ ԱԱ֊ում մրցակցությունը մեծ է, կա մրցակցություն։ Կպատրաստվենք Աշխարհի առաջնությանը։ Այս կիլոգրամներով Աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար։
- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։
- Բոլոր ոսկե մեդալներն էլ ունեն կարևորություն, շատ թանկ են բոլոր մեդալներն էլ, քանի որ իմ կյանքի, ուժի մասնիկն են, ես մրցակցություն չեմ զգացել։
- Վարազդատ, ինչ կասես, եթե վրացի անվանի ծանրորդ Լաշա Տալախաձեն կրկին վերադառնա ու մասնակցի մրցաշարերին, օրինակ ՕԽ-ին։
- Ես ավելի ուրախ կլինեմ։ Եթե մարզվում է, ուրեմն պատրաստվում է Լոս Անջելես - 2028 ՕԽ-ին, ու ես միայն հաջողություն եմ մաղթում։ Ես նրան շատ հարգում եմ, որպես մարդ ու որպես մարզիկ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

