ՀԱԿ-ի ծրագիրը՝ պոպուլիզմի, նոստալգիայի եւ տեխնոկրատական պատրանքների խառնուրդ
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի քաղաքական դարբնոց Հայ Ազգային Կոնգրեսը, որը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին փոշիացրել էր ընտրողների ձայների 1,54 տոկոսը, ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը՝ «Հայաստանի խելամիտ ուղին» բարձրագոչ կարգախոսով, վարչապետի թեկնածու ունենալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին։ Սակայն փաստաթուղթը կարդալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե պետական կառավարման իրատեսական ծրագրի, այլ միաժամանակ ե՛ւ խորհրդային պլանային տնտեսության վերակենդանացման, ե՛ւ արհեստական բանականությամբ կառավարվող թվային ուտոպիայի, ե՛ւ 2008 թվականի քաղաքական հռետորաբանության վերաթողարկման հետ։
Ծրագիրը գրված է այնպես, կարծես, հեղինակները միաժամանակ փորձել են դուր գալ Մոսկվային, Բրյուսելին, Թեհրանին, ՏՏ ոլորտին, գյուղացիներին, նախկին համակարգի նոստալգիկներին եւ «ուժեղ ձեռքի» սպասող ընտրազանգվածին։ Արդյունքում ստացվել է գաղափարական հակասությունների մի կույտ, որտեղ ամեն երկրորդ էջում նախորդը հերքվում է։
ՀԱԿ-ի ծրագիրը հետաքրքիր քաղաքական փաստաթուղթ է մեկ պատճառով. այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է մի քաղաքական ուժ միաժամանակ փորձել լինել ե՛ւ պահպանողական, ե՛ւ լիբերալ, ե՛ւ տեխնոկրատ, ե՛ւ պետականամետ, ե՛ւ գլոբալիստ, ե՛ւ հակագլոբալիստ։
«Հայաստանի խելամիտ ուղին» անվան տակ ներկայացված է չափազանց հավակնոտ, բայց ներքին հակասություններով լցված մի ծրագիր, որտեղ իրականությունից կտրված տեխնոլոգիական ֆանտազիաները խառնված են հին քաղաքական մտածողությանը։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ այս ամբողջը ներկայացվում է որպես «իրատեսություն»։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼԱՎԱՐԻ
Ծրագրի առանցքային «մեգանախագիծը» Հայաստանն Իրանին կապող երկաթուղին է՝ TRIPP+BRICS նախաձեռնության շրջանակում։ Այո, ՀԱԿ-ը նույնպես կողմ է «Թրամփի ուղուն» եւ դրան գումարում է BRICS-ը: Սակայն ծրագիրը ոչ մի կոնկրետ հաշվարկ չի ներկայացնում՝ ո՞վ է ֆինանսավորելու բազմամիլիարդանոց նախագիծը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ռիսկերով եւ հատկապես՝ ի՞նչ աշխարհաքաղաքական պայմաններում։
BRICS-ի անվան օգտագործումը այստեղ ավելի շատ քարոզչական էֆեկտ ունի, քան գործնական բովանդակություն։ Հայաստանը նույնիսկ BRICS-ի հետ որեւէ ինստիտուցիոնալ ինտեգրման օրակարգ չունի, բայց ծրագրում արդեն խոսվում է միջազգային «մեծ կոալիցիայի» մասին։
ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրում անուղղակիորեն ասում է, որ իրենք շարունակելու են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. հարգելու են Հայաստանի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունները, շարունակելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ավելին, ըստ ՀԱԿ նախընտրական ծրագրի, հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, ե՛ւ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ: Նկատենք, որ իզուր չեն անցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի եւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարբերաբար հանդիպումները. ՀԱԿ-ը խոստանում է կառուցել 1.2 GW (Գիգավատ) հզորությամբ նոր ատոմակայան՝ Ռուսաստանի առաջարկած փաթեթի հիման վրա: Սակայն, բոլորի հետ լավ լինելու ցանկություններ արտահայտելով՝ այդպես էլ ՀԱԿ-ը չի մատնանշում, թե այսօրվա բեւեռացված աշխարհում որն է լինելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
ՍՈՎԽՈԶԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսության բաժինը հատկապես ուշագրավ է։ Այստեղ պետությունը որոշելու է՝ ով ինչ ցանի, որտեղ ցանի, ինչ քվոտայով ցանի եւ ինչպես վաճառի բերքը։ «Պետական օպերատորների» համակարգը, ըստ էության, վերաթողարկված սովխոզային տրամաբանությունն է՝ փաթեթավորված ժամանակակից բառապաշարով։
Պետությունն ընտրելու է «բարեխիղճ ֆերմերներին», տալու է արտոնություններ, կազմակերպելու է իրացում, սուբսիդավորելու է գներ։ Այս ամենը կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության եւ վարչական կամայականության բաց դարպաս է։ Այն նույն ՀԱԿ-ը, որը տարիներ շարունակ քննադատում էր օլիգարխիկ վերահսկողությունը, այժմ առաջարկում է տնտեսության գրեթե ձեռքով կառավարում։
ՀԱԿ-ը մի կողմից խոսում է տնտեսական աճից, մյուս կողմից առաջարկում է արգելել հանքարդյունաբերության հետագա զարգացումը։ Այսինքն՝ պետությունը, որը չունի բավարար արդյունաբերական բազա, պետք է հրաժարվի իր հիմնական արտահանման ճյուղերից մեկից՝ հույսը դնելով ապագայի տեխնոլոգիական հրաշքների վրա։ Ինչ խոսք, սա ոչ թե տնտեսական ռազմավարություն է, այլ ցանկությունների ցուցակ։
«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի ամենաանհանգստացնող հատվածներից մեկը թվային վերահսկողության վերաբերող բաժինն է։ Այստեղ արդեն խոսքը ոչ թե տեխնոլոգիական զարգացման, այլ գրեթե թվային հրեշ ստեղծելու մասին է։
Արհեստական բանականությամբ վերահսկվող ոստիկանություն, վարքագծային մոնիտորինգ, կասկածելի անձանց ավտոմատ հետագծում, խաղամոլների ֆինանսական կյանքի ամբողջական վերլուծություն, պետական ալգորիթմներով որոշումների ընդունում: Սա արդեն ավելի շատ հիշեցնում է չինական սոցիալական վարկանիշային համակարգի տեղական տարբերակ, քան ժողովրդավարական պետության մոդել։
ՀԱԿ-ը մի կողմից խոսում է մարդու իրավունքներից, մյուսով առաջարկում է քաղաքացիների կյանքի համատարած թվային վերահսկողություն՝ «խելացի մուտքի» եւ «սուվերեն ԱԲ»-ի անվան տակ։ Հարց է առաջանում՝ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին։
Ծրագրում բացակայում է ամենակարեւորը՝ մարդկային ռեսուրսի, պետական կարողությունների եւ ֆինանսական իրատեսության հաշվարկը։ Հայաստանը նույնիսկ գործող թվայնացման համակարգերն ամբողջությամբ չի կարողանում արդյունավետ կառավարել, բայց ծրագիրը խոսում է «սուվերեն արհեստական բանականության» մասին։
ՀԱԿ-Ը ՀԵՆՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ծրագիրը բացահայտորեն առաջարկում է վերադարձ կիսանախագահական համակարգին՝ այն հիմնավորմամբ, թե խորհրդարանական մոդելը ձախողվել է։ Երկու տարվա ընթացքում կանցկացվի Սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։ Նոր Սահմանադրության հիման վրա, հաջորդ մեկ տարվա ընթացքում կանցկացվի ՀՀ Նախագահի ընտրություն։ Ըստ էության, փաստացի սա քաղաքական իշխանության կենտրոնացման փորձ է։
ՀԱԿ-ը, որը տարիներ շարունակ պայքարում էր «սուպերնախագահական» համակարգի դեմ, այժմ կրկին վերադառնում է նույն տրամաբանությանը։ «Ազգային անվտանգության արդյունավետ կառավարում» ձեւակերպման տակ թաքնված է հին քաղաքական մտածողությունը՝ պետությունը պետք է կառավարի ուժեղ կենտրոնը, ոչ թե պետական ինստիտուտները։
Ծրագրի քաղաքական բաժիններում աչքի են զարնում «քաղբանտարկյալներ», «քաղաքական հալածանքներ», «անձնիշխանություն» եւ այլ ձեւակերպումները, կարծես, բոլոր ընտրողները ծնվել են 2000-ականներին եւ չեն հիշում 90-ականների ՀՀՇ-ՀԱԿ իշխանության «բեզպրիդելը»։ Որքան էլ զավեշտ է, հիմա ՀԱԿ-ն է բարոյախոսական տոնով հանդես գալիս, թե՝ «մենք գիտենք՝ ինչպես փրկել Հայաստանը»:
ՀԱԿ-Ը ՏՎԵԼ Է ՆԱԵՎ ԱԿԱՆՋԱՀԱՃՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Հանուն արդարության՝ նկատենք, որ, օրինակ, ի տարբերություն «Հանրապետություն» կուսակցության՝ ՀԱԿ-ն անդրադարձել է Արցախի եւ արցախցիների խնդիրներին: Բայց ոչ այն համատեքստում, ինչ երազում են արցախցիները: ՀԱԿ-ի կարծիքով՝ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանելով՝ պետությունն այս ժամանակաշրջանում պետք է ընդամենը կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալտնտեսական ինտեգրման վրա, արտոնություններ տա եւ պաշտպանի նրանց գույքային ու այլ իրավունքները միջազգային ատյաններում եւ դատարաններում։
Ծրագրում ՀԱԿ-ը տվել է նաեւ ականջահաճո խոստումներ. թոշակների եւս 10 հազար դրամով բարձրացում, հոգեւորականների հանդեպ ցանկացած ապօրինի հետապնդման բացառում, Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտությանն ամբողջությամբ դադարեցում: Ինչպես նաեւ ըստ ՀԱԿ-ի, կդադարեցվեն բոլոր քաղաքական հալածանքները, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները, կերաշխավորվեն խոսքի, խղճի ու քաղաքացիական բոլոր ազատությունները։ Ստացվում է, որ ՀԱԿ-ը երկու հարցում է իշխող ՔՊ-ին դեմ՝ եկեղեցու դեմ հալածանքների եւ պնդում է, որ Սահմանադրության մեջ պետք է պահպանվի հղումն Անկախության հռչակագրին, ինչը փորձում է չեղարկել նիկոլական իշխանությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

