«Հանրապետություն»-ն առաջարկում է հակառուսական մանիֆեստ՝ պետական ծրագրի փոխարեն

Ներքաղաքական

«Իրավունք»-ը սկսում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի ուսումնասիրությունը: Այսօրվանից ՀՀ ընտրողների համար մենք կբացահայտենք ոչ միայն յուրաքանչյուր քաղաքական ուժի իրական դեմքը, այլեւ թե ինչ ապագա են առաջարկում ՀՀ քաղաքացուն նրանք՝ խորհրդարան անցնելու դեպքում:

Այսպիսով՝ մեր դիտակետում է «Հանրապետություն» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է 11 համարի ներքո: Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն ու վարչապետի թեկնածուն Արամ Զ. Սարգսյանն է: Նախորդ խորհրդարանական ընտրություններին՝ 2021 թվականին, այս կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3,03 տոկոսը՝ չհաղթահարելով նախընտրական շեմը: Սակայն, նրանց բախտը ժպտաց 2023 թվականին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: «Հանրապետություն»-ն առ այսօր Երեւանի ավագանիում իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկերն է, ստացած մանդատներին էլ համապատասխան կիսում է քաղաքային իշխանության պորտֆելները: Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցած ու քաղաքային իշխանություն կիսած Արամ Զավենիչը, թե ինչու որոշեց առանձին մասնակցել ընտրություններին, ակնհայտ է՝ 2023-ի կրկնության հույսով:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրիը, այն ավելի շատ քաղաքական ֆանտաստիկայի ժանրից է, քան պետական կառավարման փաստաթուղթ։ Ծրագիրը գրված է ոչ թե Հայաստանի հնարավորությունների, այլ արտաքին կենտրոնների սպասելիքների տրամաբանությամբ՝ վտանգավոր փորձարարությունների, չհաշվարկված խոստումների եւ աշխարհաքաղաքական արկածախնդրության խառնուրդով։

Սկսենք «անվտանգությունից». ծրագիրը բաց տեքստով առաջարկում է դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից եւ ՀԱՊԿ-ից՝ այն պայմաններում, երբ Հայաստանը դեռ պատերազմի սպառնալիքի տակ է, իսկ բանակը, մեղմ ասած, վերականգնման փուլում է։ Սա ոչ թե անվտանգային ռազմավարություն է, այլ՝ «կամիկաձե» քաղաքականություն։ Իսկ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ «փոխօգնության պայմանագրեր» խոստանալը մանկական միամտություն է. ո՞վ է երաշխավորելու, որ Վաշինգտոնը կամ Փարիզը Հայաստանի համար հարկ եղած դեպքում կմտնեն պատերազմի մեջ… Ոչ ոք։ Փոխարենը՝ Ռուսաստանին հրահրելը եւ գործող համակարգերը քանդելը կարող է Հայաստանին թողնել լրիվ միայնակ։ 

Պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին կետն էլ հնչում է գեղեցիկ, բայց իրականությունից կտրված։ 90-օրյա ծառայությա՞մբ բանակ։ Սա ի՞նչ է՝ սկաուտական ճամբա՞ր։ Երբ տարածաշրջանում Ադրբեջանը միլիարդներ է ծախսում բանակի վրա, «Հանրապետություն»-ը, փաստորեն, առաջարկում է զորակոչը վերացնել ու հույսը դնել «տեխնոլոգիական սարքերի» վրա։ Այդ սարքերը ո՞վ է արտադրելու, ո՞վ է սպասարկելու, ո՞ր գումարով՝ ծրագիրը լռում է։ 

Տնտեսական բաժինը եւս լի է «քամիներով»։ «Հանրապետություն»-ը խոստանում է միանգամից երկու ատոմակայան՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, կիսահաղորդչային արդյունաբերություն, 150 հազար բնակչությամբ տեխնոքաղաք, գործազրկություն՝ 3 տոկոս։ Եթե սա նախընտրական ծրագիր չէ, կարելի էր կարծել՝ «Սիլիկոնյան հովտի» (ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող տեխնոլոգիական կենտրոնն է, որտեղ կենտրոնացած են աշխարհի խոշոր ՏՏ եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունները) գովազդային բուկլետ է։ Ո՛չ մի հաշվարկ, ո՛չ մի ֆինանսավորման աղբյուր, ո՛չ մի իրատեսական ճանապարհային քարտեզ։ Հայաստանը դեռ գործող ենթակառուցվածքների խնդիր ունի, բայց այստեղ արդեն «ռոբոտային տնտեսություն» են կառուցում։ Ավելին՝ հանքերի «պետականացման» մասին խոստումները վտանգավոր պոպուլիզմ են։ Մի կողմից խոսում են ազատ շուկայից ու արեւմտյան ներդրումներից, մյուս կողմից՝ ներդրողներին վախեցնող պետականացումից։ Ո՞ր միջազգային ընկերությունն է գալու մի երկիր, որտեղ իշխանությունը կարող է ցանկացած պահի խլել ակտիվները։

«Հանրապետություն»-ն իր նախընտրական ծրագրում առանձնացրել է «արժեքների» բաժին: Այստեղ կուսակցությունը փորձում է միաժամանակ հաճոյանալ թե՛ լիբերալներին, թե՛ պահպանողականներին։ Մի կողմից հայտարարում են «ժողովրդավարություն», մյուս կողմից խոսում եկեղեցու հատուկ դերի մասին։ Բայց ամենազավեշտալին այն է, որ նույն ուժը, որը տարիներ շարունակ քննադատում էր ազգային-պահպանողական հռետորաբանությունը, հիմա սկսել է խոսել «4000-ամյա մշակույթից» ու «ազգային արժեքներից»՝ հասկանալով, որ հասարակությունն այլեւս չի հավատում արմատական արեւմտականությանը։

Արդարադատության բաժնում արդեն բացահայտ ընտրակաշառքի հոտ է գալիս։ Ամեն 5 տարին մեկ համաներում՝ նույնիսկ ծանր հանցագործությունների համար։ Այսինքն՝ մարդիկ պետք է սպասեն ընտրություններին, որ հերթական իշխանությունը ների՞ իրենց։ Սա իրավական պետություն չէ, սա քրեական ռոմանտիզմ է։ Իսկ նախագահական համակարգի անցնելու գաղափարը հակասում է հենց իրենց հռչակած ժողովրդավարական արժեքներին. ստացվում է՝ իշխանությունը կենտրոնացնելու փորձ՝ «ժողովրդավարության» փաթեթավորմամբ։

Արտաքին քաղաքականության հատվածը ծրագրի ամենավտանգավոր մասն է։ ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալ, Ռուսաստանի հետ բոլոր հին պայմանագրերը չեղարկել, միաժամանակ հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ «Հանրապետություն»-ը մտադիր է փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ հաստատել Իսրայելի եւ արաբական աշխարհի այն պետությունների հետ, որոնց հետ ունենք շահերի համընկնում: Այս ամենը ներկայացվում է իբրեւ «ինքնիշխանություն», բայց իրականում կարող է վերածվել տնտեսական փլուզման եւ անվտանգային վակուումի։ Հայաստանի տնտեսության զգալի մասը կապված է ռուսական շուկայի եւ տրանսֆերների հետ։ Այդ կապերը կտրելու հետեւանքների մասին ծրագիրը ոչինչ չի ասում։

Ինչպես նկատեցիք, իշխող ՔՊ-ի վարած քաղաքականությանը Արամ Զավենիչի նախընտրական ծրագիրը լիովին համահունչ է: Այստեղ եւս կգտնեք կետեր, որ TRIPP-ի իրականացումը հնարավորինս պետք է արագացնել, ամրակայել օրենսդրական եւ տնտեսական նախադրյալները ԵՄ անդամակցության համար մինչեւ 2032 թվականը: Այսինքն՝ «Հանրապետություն»-ը ուզում է անել նույնը, ինչ առնվազն ցանկանում է ՔՊ-ն՝ առանց ծանրութեթեւ անելու դրա հետեւանքները:

Իսկ «2040-ի Հայաստանը» բաժինը հիշեցնում է մոտիվացիոն սեմինարի տեքստ՝ «պետություն, որը գիտի երազել» ոճով: Բայց պետությունը երազներով չի կառավարվում։ Պետությունը կառավարվում է հաշվարկով, ռեսուրսներով եւ պատասխանատվությամբ։ Այդ երեքից այս ծրագրում գրեթե ոչինչ չկա։

Ամփոփելով «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը` պետք է նկատենք, որ այն կառուցված է երեք վտանգավոր հենասյուների վրա՝ հակառուսական ռադիկալիզմ, չիրականանալի տնտեսական խոստումներ եւ աշխարհաքաղաքական արկածախնդրություն։ Այն ավելի շատ նման է արտաքին խաղացողների համար գրված ցանկությունների ցուցակի, քան` Հայաստանի Հանրապետության իրատեսական զարգացման ռազմավարության։ Ի դեպ, ծրագրում չկա գեթ մեկ խոսք ո՛չ Արցախի, ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության մասին: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: 

«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է գալիս «Քեզ համար, Հայաստան, քեզ համար» կարգախոսով։ Միայն թե այս ծրագրից հետո արդեն դժվար է հասկանալ՝ հենց Հայաստանի համա՞ր, թե՞ Հայաստանի հաշվին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում