Հայ-ռուսական հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ Շարմազանով
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր պատմական մինիմումի վրա են։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Плинтус-ից (շրիշակ խմբ․) ցածր են, և դրա մեղավորն էս անձնավորությունն է (Նիկոլ Փաշինյան խմբ․)»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նախկին 3 իշխանությունների օրոք, երբ հայ-ռուսական հարաբերություններն իսկապես դաշնակցային մակարդակի էին, մենք հայկական երկու պետություն ունեինք, ու դա նաեւ այդ հարաբերությունների շնորհիվ էր։
Շարմազանովի համար անընդունելի է, երբ դաշնակից երկրի թշնամուն քո երկրում ես հյուրընկալում, որտեղ վերջինս նաեւ ագրեսիվ հայտարարություններ է անում դաշնակցիդ հասցեին։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-ր գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի: Դրանից հետո հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։

