Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը
ՎերլուծությունԹե քարոզչական ինչ օգուտ կամ վնաս ստացավ Փաշինյանը` եվրոպացիների այս հայաստանյան այցից, ինքը կիմանա: Սակայն, խոսում են, որ անգամ ՔՊ–ում այս հարցով լուրջ մտահոգություններ են խմորվում:
ՌԴ–Ի ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՆԻԿՈԼԸ ՉԷ
Եվրոպացիների գալու իմաստն ի ցույց դնելն էր, թե, տեսեք, հետեւողականորեն գնում ենք ԵՄ: Փաստացի «մի փոքր» անհարմար բան ստացվեց. եվրոպացիները նույնքան տեսանելիորեն ի ցույց դրեցին, թե ձեզ այնտեղ սպասող չկա: Այսինքն, եվրալիդերների մակարդակով, ըստ էության, հետեւյալ միտքն էր ընդգծված. կարող եք երազել, որքան ուզում եք, մի քանի մանր–մունր բաներով էլ միգուցե կօգնենք: Բայց դրա փոխարեն, ինչպես Օստապ Իբրահիմովիչը կասեր`կպահանջենք «բազում մանր ծառայություններ»:
Սա դեռ մի կողմ: Խորքային իմաստով, բայց արդեն երկրի համար, այլ ոչ թե Նիկոլի, հայաստանյան այս եվրահավաքը հետեւյալ արդյունքը տվեց: Ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ, առավել եւս, անվտանգային իմաստով եվրոպացիները Հայաստանին ոչինչ նույնիսկ չխոստացան: Բայց, ինչպես ցույց են տալիս ռուսական ուղղությունից եկող փորձագիտական գնահատումները, այդ երկու կարեւորագույն ուղղություններով էլ Հայաստանը ստացավ հավելյալ լրջագույն խնդիրներ:
Սակայն ռուսական ավելի խորքային փորձագիտական շրջանակներում խնդրին շատ ավելի գլոբալ մակարդակով են նայում: Այո, Փաշինյանին այս շրջանակները եւս համարում են արեւմտյան կատարածու: Բայց մինչ նրան հասնելը` շատ այլ եւ ավելի լուրջ խնդիրներ կան: Ընդհանրական իմաստը սա է. «Արեւմուտքը նոր Գորբաչովի կարիք ունի։ Ռուսաստանը աստիճանաբար հայտնվում է թակարդում՝ Հայաստան, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Կենտրոնական Ասիա։ Տնտեսական եւ քաղաքական ճնշման հետ մեկտեղ Արեւմուտքը ձգտում է զրկել ռուսական էլիտային Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելուց բացի ցանկացած այլընտրանքից եւ այդպիսով ընդունել նրա խաղի պայմանները...»: Այսինքն, որ Նիկոլը հետխորհրդային տիրույթում ընդամենը շատերից մեկն է, որոնց ներգրավել են հակառուսական մեծ խաղի մեջ: Ավելին, որ այդ ցանկում կան շատ ավելի վտանգավորները:
Մեր տարածաշրջանում բուն պատկերը գնահատում են այսպես. «Հարավային Կովկասում ձեւավորվում է կրկնակի օղակ, որի նպատակն է տարածաշրջանից դուրս մղել ռուսական ազդեցությունը: Մեկը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության վրա՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, մյուսը՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման վրա՝ Ֆրանսիայի կարեւոր դերակատարմամբ: Այս խմբերի միջեւ ներքին հակասություններից անկախ, նրանց ռազմավարական նպատակները մեծ մասամբ համընկնում են»:
Նաեւ, որ այդ մեծ խաղում հարավկովկասյան այս իրավիճակն ընդամենը դետալ է, այն ծավալվում է դեպի Կենտրոնական Ասիա: Ընդ որում, նույն շրջանակների առաջին դաշինքը` «Բրիտանիայի աջակցությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի» սխեման համարում են շատ ավելի վտանգավոր, քան միանգամայն խոցելի վիճակում գտնվող Մակրոնի եւ Նիկոլի կապերը: Ընդ որում, նաեւ ռազմական տեսանկյունից, քանի որ, ինչպես վերջերս ներկայացնելու առիթ ունեցել էինք, ռուսական ռազմական փորձագետները սկսել են միանգամայն կարեւոր հարցեր հնչեցնել ՌԴ խորքային շրջաններին հասցվող ուկրաինական անօդաչուների հարվածների հետ կապված: Փաստը, որ դրանցից մեկն օրերս ընկել էր Ղազախստանի տարածքում, շատ բան հաստատեց: Նաեւ առաջին պլան բերելով հարցը, թե դրանք Ղազախստանի՞ց են արձակվում, թե՞ միայն օգտագործվում է Ղազախստանի օդային տարածքը: Եվ ահա, սկսել է գերիշխել երկրորդ վարկածը: Այսինքն, եթե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ազատորեն արձակվեին Ղազախստանի նոսր բնակեցված տարածքին, ապա դրանք արդեն զանգվածաբար կհարվածեին ռազմաարդյունաբերական եւ տնտեսական կարեւորագույն թիրախներին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Տյումենը, Օմսկը, Նովոսիբիրսկը, Բարնաուլը, Տոմսկը, Նովոկուզնեցկը, Չելյաբինսկը, Եկատերինբուրգը եւ այլն: Դրանք գտնվում են Ղազախստանի սահմանին բավականին մոտ եւ կդառնային առաջնահերթ թիրախներ, եթե ուկրաինական «դրոնշչիկները» կարողանային ազատորեն տեղաշարժվել Ղազախստանի տարածքում: Սակայն նման բան չկա, Չելյաբինսկին եւ Եկատերինբուրգին հարվածելու փորձեր եղել են, բայց բացառիկ: Փոխարենը հաճախակի հարվածներ կան Սամարա–Վոլգոգրադ ուղղությամբ, եւ, ճիշտ է, ֆիքսվել է, որ անօդաչուներն անցել են Ղազախստանի օդային տարածքով, բայց շատ ավելի ռեալ է, որ դրանք հիմնականում արձակվում են Կասպից ծովի հատվածից: Իսկ դա առաջ է քաշում նման տրամաբանություն. «Կասպից ծովից հարվածելու համար անօդաչուները նախ պետք է հայտնվեն Կասպից ծովում: Որտեղի՞ց: ՌԴ–ից եւ Իրանից հազիվ թե: Ղազախստանից` նույնպես. իմաստ չկա, կարող էին հենց Ղազախստանի տարածքից էլ հարվածել: Թուրքմենստանը նման խաղերի մեջ չի մտնում: Մնում է Ադրբեջանը...»:
ՀԱՐՎԱԾՆԵՐ ՌԴ–ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ց
Այսպիսով, ռուսական ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական փորձագետներն են հանգել մտքին, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ նրա տարածքից մուտքով` Կասպից ծովը դարձել է Ռուսաստանին հարվածող թշնամական գոտի, եւ դրանում, իհարկե, լուրջ տրամաբանություն կա (բավական է միայն նայել անօդաչուների հավանական ուղղությունները ներկայացնող սխեմային): Ու այդ կասկածները շատ ավելի են սրում փաստը, որ Ալիեւն արդեն բացահայտ է առաջարկում Զելենսկուն` համատեղ ռազմական արդյունաբերություն ստեղծել: «Ինչու անօդաչուները բերեն–հասցնեն Ադրբեջան, եթե կարող են հենց այնտեղ էլ հավաքել»,– ընդգծում է ռուսական աղբյուրներից մեկը:
Եթե սրան ավելացնում ենք նաեւ Իրանից Ադրբեջանին հղված մեղադրանքները, որ այդ երկիրն իր տարածքը տրամադրել է Թեհրանի գոտուն եւ Իրանի արեւելյան հատվածներին հարվածելու համար, ապա սա տանում է այն մտքին, որ Ալիեւն այս աշխարհաքաղաքական մեծ փասիանսում արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական իմաստով է հստակ կողմնորոշվել: Եվ, բնական է, ոչ առանց երկու «մեծ եղբայրների»` Թուրքիայի եւ Իսրայելի «դաբրոյի»:
Գումարած սրան, եթե այդ անօդաչուների թեկուզեւ մի մասը Ռուսաստանին են հարվածում Ղազախստանի երկնքով թռչելով, ապա հարց է ծագում` ինչո՞վ է զբաղված Տոկաեւը: Չի՞ տեսնում, թե չի ցանկանում տեսնել. սա Մոսկվայի համար լուրջ հարց է:
ՈՐՆ Է ԵԼՔԸ
Սակայն անգամ սա չէ այս պահին հիմնական հարցը: Այն, որ Տոկաեւը, Ալիեւը, Փաշինյանը, էլ չասած` Սանդուն եւ Զելենսկին, նաեւ հետխորհրդային տիրույթից` Բալթյան երկրները, որոնք, թեեւ, ՆԱՏՕ–են, խաղում են եվրագլոբալիստական թեւի օգտին, Մոսկվայի համար, իհարկե, նոր բան չէ: Այսինքն, այստեղ խնդիրը, կրկնենք, ոչ թե պարզապես Նիկոլն է, այլ այն, որ հերիք չէ Ռուսաստանը շրջապատված էր գլոբալիստական ցանցով, հիմա էլ հերթը հասել է այդ երկրներից կամ դրանց տարածքի օգտագործմամբ Ռուսաստանին հասցվող ռազմական հարվածներին: Ճիշտ է, դրանք շարունակում են գրվել «ուկրաինական հարվածներ» անվան տակ, բայց երբ, օրինակ, Բալթյան երկրների երկնքով սկսեցին հարվածել Սանկտ Պետերբուրգի կարեւորագույն նավահանգիստներին, ապա նաեւ ռուսական վերին օղակները ֆիքսեցին, որ դա ոչ թե միայն Ուկրաինայի, այլ նաեւ այդ երկրների կողմից է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներգրավվածության փաստ:
Ու այստեղ առաջ է գալիս ամենապարզ հարցը. եթե եվրագլոբալիստները ոչ թե սառեցնում են հետխորհրդային մի շարք երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ արդեն նրանց հասցրել են չհայտարարված պատերազմի աստիճանի, ինչո՞վ է պատասխանելու Մոսկվան: Հաշվի առնելով, որ դրդող, նման ավանտյուրան կազմակերպող եւ ղեկավարող կողմը Եվրոպան է, անօդաչուների մեծ ծավալներ Ուկրաինայի համար արտադրվում են Եվրոպայում: Բայց ձեւականորեն, այդ նույն Եվրոպան կողքի քաշվածի դեմք է վերցրել, թե կարող եմ Ուկրաինայի հետ համատեղ ռազմական արդյունաբերություն կազմակերպել, դա միջազգային օրենքի խախտում չէ, բայց Ռուսաստանին հասցված հարվածների հետ կապ չունեմ: Թեեւ ակնհայտ է, որ Մոսկվայի հիմնական խնդիրը հենց եվրագլոբալիստների կամ, ավելի ճիշտ` նրանց վերին տերերի հետ է: Ուրեմն, ի՞նչ կարող է անել նման իրավիճակում Մոսկվան:
Նկատենք, որ նույն ռուսական փորձագիտական շրջանակների մոտ եւս այս կարգի հարցադրումները դառնում են առաջնային: Գործնականում բոլորն են այն կարծիքին, որ պետք է շատ արագ հստակ քայլերի դիմել, հաշվի առնելով, որ, ըստ աղբյուրներից մեկի. «Միայն քաղաքական եւ ռազմական ներկայության ավանդական գործիքներին հենվելը այլեւս չի ապահովում ազդեցության նույն մակարդակը»: Փորձագետը ելքերից մեկը տեսնում է այսպես. «Մեղմ ուժը, տնտեսական փոխազդեցությունը, մարդասիրական նախագծերը եւ տարածաշրջանի հասարակությունների հետ երկարաժամկետ կապերի ձեւավորումը դառնում են ավելի ու ավելի կարեւոր...»: Հեռանկարային առումով դա միգուցե աշխատի: Սակայն այս պահին խնդիրը առաջին հերթին ռազմական հարթությունում է, այսինքն` առաջնային լուծումներ են պետք:
Այսինքն, Ռուսաստանը պետք է արագ փոխի պատասխանի իր մեխանիզմները, այդ թվում` ուկրաինական պատերազմում: Բայց առաջնային, հենց Եվրոպայի ուղղությամբ, ինչի մասին, ի դեպ, մինչեւ իսկ Մեդվեդեւի մակարդակով հայտարարություն հնչեց, թե` Ռուսաստանի շահերը կարող են ապահովվել միայն ուժի ցուցադրմամբ եւ Եվրոպայում «մեծ կոտորածի» հանդեպ «անասնական վախ» սերմանելով` «Բարբարոսա 2.0» թույլ չտալու համար:
Միգուցե: Բայց ո՞րն է «անասնական վախ» սերմանելու գործնական մեխանիզմը: Օրինակ, կարո՞ղ է ընդունելի դառնալ իրանական փորձը, որը շատ արագ սկսեց հարվածել այն երկրներին, որոնք դարձել էին Իրանի վրա հարձակման պլացդարմ: Գումարած դրան Արեւմուտքի տնտեսական անվտանգության վրա հարվածը` Հորմուզի նեղուցի փակման տեսքով, եւ իրավիճակը շուռ եկավ Թեհրանի օգտին:
Մի խոսքով, որ Մոսկվային պետք է նման մի նոր մեխանիզմի անցում կատարել, ընդ որում, առաջին հերթին Եվրոպային լիովին զրկելով ռուսական էներգամատակարարումներից, ինչն այս պահին կարող է լուրջ հարված դառնալ, հասկանում են ռուսական փորձագիտական շրջանակները: Նաեւ, որ հակառակ դեպքում կարող են մտնել պատերազմի տասնամյա փուլ, որի հետեւանքները ծայրահեղ անորոշ են: Մեդվեդեւի հիշատակած եւ այլ հայտարարություններ հուշում են, որ ռուսական վերնախավում եւս տեսնում են այդ իրավիճակը: Տեսնենք, թե համապատասխան ռեակցիան կլինի՞:

