Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով
ՆերքաղաքականԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանը պետք է ընդամենն իբրեւ Ռուսաստանի դեմ պլացդարմ:
— Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա, իսկ եվրոպական որեւէ կառույց, որեւէ պաշտոնյա անգամ ակնարկ չեն արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում: Դա փուչիկ է: Եվրոպական միությանն անդամակցելու օրակարգային հարց չկա՝ ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հայաստանում. դա բոլորն էլ գիտեն։ Որ ասում են՝ գնում ենք Արեւմուտք, այդ «Արեւմուտքը» Թուրքիան է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա։
— Ի դեպ, Երեւանում տեղի ունեցող եվրահամաժողովում Ադրբեջանի նախագահի հեռահար ելույթի ժամանակ, Ալիեւը հայտարարեց, որ Արցախի հայաթափմամբ լուծել են «սեպարատիզմի» հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Եվրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ՝ այն դեպքում, երբ Եվրոպայի սրտում Կոսովոն ինքնորոշվել է: Ալիեւը Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործն ինքն է, իրեն կասետային զենք տվողները:

