Կլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ։
— Պարոն Քեռյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:
— Եվրոպական քաղաքական համայնքային այս կառույցը նոր ձեւաչափ է միջազգային հարաբերությունների համակարգում: Բավականին երիտասարդ, մի 4 տարվա պատմություն ունի այս Եվրոպական համայնք կոչվող ֆորումը: Այն ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ: Սա միջազգային կազմակերպություն չէ, տնտեսական, ռազմական կառույց չէ: Մի հարթակ է, որտեղ ԵՄ անդամ պետությունները եւ հարեւան պետությունները, որոնք Եվրոպական միության ղեկավարությունը համարում է նաեւ իր ազդեցության կամ շահերի գոտի, հրավիրում են շփվելու, ընդհանուր կարծիքներ հայտնելու ու բարիդրացիական մթնոլորտ ստեղծելու միջավայր, որն առիթ է տալիս երկկողմանի հանդիպումներ կազմակերպել եւ ընդհանուր քննարկումներ անցկացնել:
Այս ֆորումը չունի նաեւ կանոնադրություն, ինչպես նաեւ չունի որոշումներ ընդունելու իրավունք եւ դրանք ինչ-որ մեխանիզմներով ի կատար ածելու հնարավորություն: Սա կարելի է համարել ուղղակի մի դիսկուսիոն ակումբ: Իհարկե, սա ունի նաեւ լուրջ քաղաքական հեռանպատակներ եւ հենց այնպես չի ստեղծվել:
Հարցն այն է, որ այս ֆորումին հրավիրվում են ոչ միայն Եվրամիության անդամ պետություններ, այլ նաեւ հրավիրվում են այնպիսի պետությունների առաջնորդների, կառավարությունների առաջին դեմքերի, որոնք ապագայում դիտարկվում են որպես Եվրամիության ազդեցության գոտի: Նման երկրների մեջ են, օրինակ, Հարավկովկասյան պետությունները՝ Մոլդովան, Ուկրաինան, Թուրքիան: Իհարկե, այս հրավիրվող երկրները որեւիցե շանս չունեն Եվրոպական միաւթյան անդամ դառնալու, բայց ներքաշելով Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումներում, Եվրամիության քաղաքական վերնախավը հույս ունի միանշանակ չզոքացնել եւ զրոյացնել ռուսական ազդեցությունը: Հատկապես նրանց ուշադրությունը բեւեռված է Հարավային Կովկասի, կենտրոնական, միջինասիական պետությունների վրա: Եվ ամեն մի առիթ նրանք օգտագործում են, որպեսզի այս երկրներից դուրս բերեն ռուսական ազդեցությունը: Օրինակ, երեք երկիր՝ Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, դիտարկվու են առաջնային այս առումով: Վրաստանում Արեւմուտքը կրեց որոշակի անհաջողություն ու, ինչպես գիտենք, Վրաստանը հիմա առավել անկախ ու կենտրոնամետ դիրքորոշում ունի միջազգային կառույցներում: Նույնիսկ օրակարգի հարց չի դարձնում հիմա Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամակցությունը, թողել է նրանց խղճին եւ չմասնակցեց Ուկրաինայի դեմ մղվող կոմպանիանին: Այնպես որ, սա առայժմ ֆորում է, որն ունի լուրջ քաղաքական ռազմավարական նպատակներ:
—Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան: Սակայն ինպես գիտենք, Հայաստան է ժամանել Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը:
Սա ինչպե՞ս կորակեք, Մակրոնի մոտ հիշողություն կորուստ է, թե` երեսպաշտություն:
—Կարծում եմ` նա ընդամենը ինֆորմացիա չի ունեցել, թե իրենից առաջ ովքեր են ժամանել: Ես սա կարող եմ խոսքի սխալ համարել կամ ինֆորմացիայի պակաս: Կարելի է ենթադրել, որ նա, դա ասելով նկատի ունի ոչ միայն Ֆրանսիայի լիդերներին, այլ նման մեծ ընգրկվածությունը: Հասկանալի է, որ մինչ 2018 թվականը նա Հայաստանի իշխանություններին համարում է պրոռուսական, որի նկատմամբ Արեւմուտքը չի ունեցել համակրանք եւ բացի այդ նկատի է ունեցել այն, որ մինչ 2018 թվականը Հայաստանը ավելի կոշտ կիսապատերազմական հակամարտության մեջ է եղել: Եվ կարծում եմ` նա նկատի է ունեցել, որ ոչ մի պետությունների ղեկավարներ չէին գա մի երկիր, որտեղ պատերազմի վտանգ կար:
—Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկու այցը որքանո՞վ կազդի Հայաստան Ռուսաստան քաղաքականության վրա:
—Կարծում եմ ամեն դեպքում բացասական ազդեցություն կունենա, քանի որ այն ատելությունը, որն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը եւ իր շրջապատը Զելենսկու նկատմամբ, ակնհայտ է: Դա անգամ ներկայացնելու կարիք չունի: Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը բազմաթիվ ջանքեր գործադրեց, որ կարողանա կազմակերպել Պուտին եւ Զելենսկի հանդիպումը, եւ կարգավորում լինի ինչ-որ երկողմանի ձեւաչափով, ավարտվեց անհաջղությամբ: Ռուսական կողմը հստակ դնում է, որ Ուկրաինայում պետք է տեղի ունենան ընտրություններ, ձեւավորվի նոր լեգիտիմ կառավարություն: Ռուսաստանը Զելենսկուն չի համարում լեգիտիմ, որովհետեւ նրա ժամկետը անցել է ու ընտրություններըստ էության տեղի չեն ունենում: Այս բոլոր իրավականության եւ լեգիտիմության հարցը դնենք մի կողմ ու ասենք, որ թիվ մեկ թշնամի համարվող՝ պատերազմող երկրի ղեկավարի այցը անշուշտ ազդեցություն կունենա հայ ռուսական հարաբրության վրա: Որքան էլ ներկայացվի, որ դա Ռուսաստանի դեմ ուղված չէ, բայց ներկայացնելը ուրիշ բան է, իրականությունը` բոլորովին այլ բան:
— Այդ դեպքում, ի՞նչ քայլեր սպասել Ռուսաստանից:
— Կարծում եմ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում, Ղազախստանում, Միջին Ասիայում դեռեւս արմատական ակտիվություն չի ցուցաբերի, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական պատերազմը: Պատերազմից հետո Վ. Պուտինը ավելի ջանադրաբար կձեռնարկի ռուսական ազդեցության եւ շահերի գոտու վերականգնման ռազմավարական գիծը: Երբ 2000-ականների սկզբին նա եկավ, ուղղակիորեն, շեշտեց, որ մեր խնդիրն է վերականգնել ռուսական ազդեցության գոտին հետխորհրդային տարածքում: Սակայն, այստեղ մի բայց կա. եթե նա, իհարկե, ուկրաինական պատերազմից դուրս գա շահած, հաղթանակած կամ շատ ուժեղ դիրքավորված: Բացառված չէ, որ պատերազմից Ռուսաստանը դուրս գա ավելի թուլացած եւ զիջումներով: Ես չեմ կարող ասել` հիմա ինչպիսի զիջումներ դա կլինի՝ տարածքային, տնտեսական, էներգետիկ, թե այլ ոլորտներում:
Այստեղ շատ մեծ նշանակություն ունի հետեւյալ հարցը՝ առաջինը. ուկրաինական պատերազմի ավարտ, երկրորդ՝ թե ինչպես դրա միջից դուրս կգա Ռուսաստանը: Ենթադրենք, որ հաղթանակած դուրս եկավ, այդ դեպքում ռուսական ճնշումը Մոլդովայի, Հարավկովկասյան երկրների եւ կենտրոնասիական երկրների վրա, կարծում եմ՝ ուժեղանալու է: Ոչ թե այստեղ կրկնվելու են 2020-21 թթ. սցենարները, որը մենք անվանում ենք ռուսական կայսրությունում ձեւավորված ազգային պետությունների խորհրդայնացում, այլ պարզապես կլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր՝ ե՛ւ փափուկ ուժի կիրառմամբ, ե՛ւ կոշտ ուժի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

