Շպռոտն ամերիկյան կյանքի, ամուսնու, ընտանեկան արժեքների ու Հայաստանի կարոտի մասին
ՄշակութայինՀայրենիքի կարոտի, ընտանեկան արժեքների, մանկության հիշողությունների, զոհված հոր հիշատակի, առօրյայի, սովորությունների, ամուսնու եւ խոհարարական գաղտնիքների մասին «Իրավունք»-ը զրուցել է երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ (ՇՊՌՈՏ) հետ, ով արդեն 16 տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում։
«ԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ՈՒՇՔՆ ՈՒ ՄԻՏՔԸ ՓՈՇԻ ՄԱՔՐԵԼՆ Է, ԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԵՄ»
— Անի, առավոտյան ժամը քանիսի՞ն եք արթնանում։
— Առավոտյան ժամը 8-9-ին, բայց այսօր, օրինակ, 5-ին եմ արթնացել։ Դա նշանակում է, որ եթե ես շուտ եմ արթնանում, ուրեմն՝ պետք է Աստվածաշունչ կարդամ։ Շատ եմ սիրում, երբ արթնացել եմ, լռություն է եւ Սուրբ Գիրք եմ կարդում։
— Օրը սկսում եք սուրճո՞վ, թե՞ թեյով։
— Խմում եմ հայկական սեւ սուրճ՝ դառը։
— Օրը քանի՞ ժամ եք հեռախոսին նայում։
— Ցավոք սրտի, հեռախոսին հաճախ եմ նայում։ Գիտեմ, որ այդքան էլ առողջությանն օգտակար չէ, բայց թե՛ գործիս առումով հաճախ եմ լինում առցանց սոցիալական ցանցերում, եւ թե՛ Յություբով սիրում եմ հետաքրքիր թեմաներով տեսանյութեր դիտել։ Եթե ժամանակ ունեմ, կարող եմ ասել, որ բավականին շատ եմ հեռախոսի մեջ լինում, ճշգրիտ ժամերը չեմ կարող նշել։
— Մաքրության հանդեպ մոլուցք ունե՞ք։
— Մաքրության հանդեպ մոլուցք չունեմ։ Երանի ունենայի։ Կան աղջիկներ, որոնց ուշքն ու միտքը փոշի մաքրելն է։ Ես այդպիսին չեմ։ Սիրում եմ, որ մաքուր լինի, բայց ինքս չեմ սիրում մաքրել, սակայն ստիպված եմ։ Չնայած, եթե տարածքը մաքուր չէ, բզիկներ ունեմ, որ անպայման պետք է մաքուր լինի։ Ուղղակի եթե ինձ հարցնեք՝ սիրում եմ պատրաստել, թե՞ մաքրություն անել, կասեմ, որ ավելի շատ սիրում եմ լինել խոհանոցում եւ համեղ ուտեստներ պատրաստել։
«ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՇԱՏ ՀԱՄԵՂ ԵՄ ՀԱՐԻՍԱ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՆՐԱՆՑ ՀԵՏ»
— Ասացիք՝ պատրաստել շատ եք սիրում: Ամենահամեղը ո՞ր ուտեստներն եք պատրաստում:
— Տոլմա, բորշ, սպաս ու էլի շատ համեղ բաներ: Ասում են, որ ես շատ համեղ եմ հարիսա պատրաստում, եւ ես համաձայն եմ նրանց հետ։ Տատիկիս մոտ տոլման շատ համեղ էր ստացվում: Ես նրա նման եմ պատրաստում եւ շատ համեղ է ստացվում:
— Ո՞րն էր Ձեր տատիկի պատրաստած համեղ տոլմային գաղտնիքը:
— Տատիկս տոմատը մի քիչ շատ էր անում ու ջուրն էր շատ անում, այսինքն՝ չոր չէր, ջրալի էր։ Եվ երբ որ տոլմայի մեջ տոմատի մածուկը մի քիչ շատ ես լցնում (նայած ճաշակի, մենք այդպես ենք սիրում), շատ համեղ է ստացվում։
— Վերջին անգամ ի՞նչ եք գնել :
— Վերջին անգամ տեսահոլովակ եմ նկարահանել, աշխատանքի համար էին գնումները։ Եվ վերջերս կիսվել էի ֆեյսբուքով, որ այդ տեսահոլովակի համար վինտաժ խանութից գնել էի 80-ական թվականների հագուստներ։ Այնքան եմ սիրում 80-ականների ոճը, այդ ուսերին բարձրիկները, որ մեր մայրերը միշտ այդպիսի հագուստներ էին հագնում։ Այստեղ կա մի փողոց, որտեղ վինտաժային խանութներ կան, եւ այդտեղից մի քանի հագուստ եմ ինձ համար գնել տեսահոլովակի համար։ Ու նաեւ կհագնեմ։ Վերջերս նույնիսկ բեմում եմ հագել այդ վինտաժային հագուստները։ Չգիտեմ՝ հանդիսատեսն ինչպես ընդունեց, բայց ես ահավոր շատ եմ սիրում։
«ԱՄՈՒՍԻՆՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԿՌՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ Է»
— Կպատմե՞ք Ձեր ամուսնուց։
— Իմ ամուսինը հրաշալի անձնավորություն է, շատ աստվածավախ հայ է։ Նա, իհարկե, չի սիրում հանրային կյանքը, չի սիրում լինել հանրության մեջ, չի սիրում նկարվել, դրա համար ես հարգում եմ նրա ցանկությունը։ Մասնակցել է երկու պատերազմի, այսինքն՝ կռված տղամարդ է, որն ինձ համար շատ կարեւոր է, որ կողքիս տղամարդը լինի հայ եւ մանավանդ հայրենիքի համար պայքար տարած մարդ։ Ցավոք սրտի, իհարկե, հեռվում ենք ապրում, բայց երկուսիս վերջնական նպատակն էլ միանշանակ հայրենիք վերադառնալն է:
— Ո՞րն է ամենակարեւոր արժեքը Ձեր ընտանիքում:
— Իմ ընտանիքում ամենակարեւոր արժեքներից մեկը հենց ընտանիքն է, բայց յուրաքանչյուրիս կյանքում այսօր Աստված է, եթե կարելի է ասել, ամենակարեւոր արժեքը, որովհետեւ ամեն ինչի գլխում կանգնած է Աստված։ Եվ մենք Աստծուն ոչ թե ընդունում ենք որպես ինչ-որ վերացական բան, այլ Աստված մեզ համար անձնավորություն է, մեր Հայրն է, եւ շատ հավատքով ենք։ Եվ Աստված է միացնում ընտանիքը։ Այսինքն՝ երբ մարդիկ ընտանիք են ստեղծում, երրորդ անձնավորությունն Աստված է, երկուսին կապողը Աստված է։ Այդպես որ ամենակարեւոր արժեքը Աստված է, իսկ նրանից հետո արդեն գալիս է ընտանիքը, հայրենիքը, ինչը շատ կարեւոր է, որքան էլ որ մենք հեռվում ենք ապրում։
— Երբ լսում եք Հայաստան բառը, առաջինն ի՞նչ եք պատկերացնում :
— Երբ լսում եմ Հայաստան բառը, միանգամից Արարատ լեռն եմ պատկերացնում։ Ինչո՞ւ, որովհետեւ մեր պատշգամբից իմ ողջ կյանքի ընթացքում ես աչքերս բացել եմ ու Արարատն եմ տեսել։ Եվ Արարատը եղել է իմ սրտում հայկական եւ միշտ էլ կմնա հայկական։ Եվ երբ յոթ տարի չէի եկել հայրենիք (որովհետեւ չէի կարող, թղթեր չունեի), ինքնաթիռից տեսա Արարատ լեռը, սկսեցի լացել։ Դուք չեք պատկերացնի՝ իմ ամբողջ ներաշխարհն ինչ եղավ։ Ես ինձ միանգամից ապահով զգացի։ Յոթ տարի այդ ապահովությունը չէի զգացել։ Ինքնաթիռում կողքիս նստած կինը, սփյուռքահայ էր, ասաց. «Ամա՛ն, ինչո՞ւ ես լացում»։ Ասացի՝ Արարատը…. Ինքն էլ, թե. «Ես էլ չեմ տեսել 19 տարի»։ Պատասխանեցի. «Չգիտեմ՝ դու ինչպես, քույրիկ ջան, բայց իմ համար հրաշք է տեսնել Արարատը, որովհետեւ ուրիշ է մեր Արարատը»։ Այն հայկական է, մեր սրտում է ու չես կարող բաժանել։ Ո՞վ կարող է գողանալ իմ սրտից Արարատը:
— Հայաստանի ամենասիրած վայրը ո՞րն է։
— Հայաստանում բոլոր վայրերն ինձ համար շատ սիրելի են, բայց նախկինում այդպես չէր: Երբ Հայաստանում էի ապրում, չէի գնահատում: Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նոր սկսեցի գնահատել իմ հայրենիքը: Ամեն տեղ շատ եմ սիրում, եւ ինձ համար տոն է, երբ մեկ կամ երկու ամսով գալիս եմ հայրենիք: Գրեթե տանը չեմ լինում եւ միշտ հետաքրքիր տարբեր տեղեր ենք գնում։ Ինձ երբ հարցնում են՝ Անի ջան, ո՞ր ռեստորան տանեմ, որ հաց ուտես, ասում եմ՝ ինձ մի տարեք ռեստորան, տարեք գյուղ, որտեղ կա գոմ ու գոմի հոտ։ Որովհետեւ մանկությունից հիշում եմ, որ գնում էինք գյուղի տուն... Ես սիրում եմ գյուղ, հող, կենդանիներ, ավելի լավ է այնտեղ գնամ, քան ինչ-որ լյուքս ռեստորան, որն իմը չէ։
— Հայաստանի հետ կապված, ո՞րն է Ձեզ համար ամենաարժեքավոր եւ ամենաթանկ հիշողությունը։
— Ամեն ինչ, ինչ որ կապված է հայրիկիս հետ։ Շատերը գիտեն, որ հայրս զոհված ազատամարտիկ է, 90-ականներին է զոհվել, կամավոր է եղել։ Ես այն ժամանակ 11 տարեկան էի։ Մեր Մասիվի տունը, որտեղ ամեն ինչ ինձ հիշեցնում է հայրիկիս։ Ինչո՞ւ, որովհետեւ հայրիկն է ամեն ինչ սարքել։ Օրինակ՝ դռները, ես նույնիսկ հիշում եմ, թե ինքը դռները ինչպես էր խարտում։ Նույնիսկ միջանցքի պատերի գրությունները, որոնք քույրիկիս հետ միասին ենք գրել, դրանք մինչեւ այսօր կան, եւ դրանք ինձ համար ամենաթանկ հուշերն են։ Դրա համար, երբ խոսք է լինում այդ տունը վաճառելու մասին, մենք բոլորս միշտ դեմ ենք, որովհետեւ հայրիկիս ձեռքերը դիպչել են այդ տանը։ Եվ այնքան լավ հիշողություններ ունենք։ Իսկ հիշողություններն ամենաթանկն են։
«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԲԱՅՑ ԴԱ ԻՄԸ ՉԷ»
— Ունե՞ք իրեր ԱՄՆ-ում, որոնք Ձեզ Հայաստանն են հիշեցնում:
— Շատ իրեր ունեմ, որոնք Հայաստանից բերել եմ եւ պահում եմ, բայց չեմ օգտագործում։ Դա կարող է լինել պայուսակ, գոտի։ Պահում եմ, որովհետեւ այդ իրերի հետ կապված շատ լավ հիշողություններ կան։
— Ո՞րն է ամերիկյան եւ հայկական կյանքի տարբերությունը։
— Իմ կյանքի օրինակով կարող եմ ասել: Գլոբալ շատ տարբերություններ կան, բայց իմ կյանքն ինչո՞վ է տարբերվում: Միացյալ Նահանգներում տանից շատ քիչ եմ դուրս գալիս, իսկ Հայաստանում ես ուղղակի տանը չեմ լինում։ Շատ մեծ տարբերություն կա ինձ համար: Ինձ հետաքրքիր չէ այստեղ գնալ ինչ-որ վայր։ Գեղեցիկ է շատ Միացյալ Նահանգները. եթե պետք է գնանք օվկիանոս կամ ինչ-որ հետաքրքիր բնության վայր, մեծ սիրով գնում եմ։ Բայց գնալ ինչ-որ տեղ լավ ժամանակ անցկացնելու համար, ինձ համար միակ վայրը տունն է։ Հարազատների հետ ժամանակ եմ անցկացնում տանը։ Ինձ համար Միացյալ Նահանգներն ավելի ձանձրալի է, քան Հայաստանը։ Հայաստանը բավականին ուրախ է, եւ կյանքը հետաքրքիր է անցնում, որքան էլ մարդիկ նեղված լինեն փողից։ Միեւնույն է, Հայաստանում կյանքն ավելի է եռում, քան, օրինակ, Լոս Անջելեսում, որտեղ ես եմ ապրում։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։ Ամերիկացիներն ապրում են իրենց կյանքը հետաքրքիր, բայց դա իմը չէ, նրանց հետաքրքրություններն իմը չեն։ Ինչքան էլ ես 16 տարի է բնակվում եմ Միացյալ Նահանգներում, միեւնույն է, իմը Հայաստանն է։ Երբ ոտքս դնում եմ Հայաստանի հողի վրա, միանգամից մեջքս ուղղվում է:
— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
— Ինչ լավ հարց է: Հայաստանում այդ հարցն ինձ շատ էին տալիս, ու ես շատ պատասխաններ էի ունենում։ Միացյալ Նահանգներում այդպես չէ. այստեղ մաքսիմում, երբ ապագայի մասին ես մտածում, դա քո վաղվա օրն է։ Տեսահոլովակս էր, որ պլաններիս մեջ չկար, բայց շատ արագ նկարահանեցի, որովհետեւ երգը սիրեցին՝ ի զարմանս ինձ: Բայց հիմա կոնկրետ ոչինչ պլանավորված չունեմ։ Այսօրով ենք ապրում Միացյալ Նահանգներում։ Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում։
— Խոստովանեք մի բան, որ ոչ ոք չգիտի Ձեր մասին…
— Ես այն արտիստներից եմ, որոնք միշտ անկեղծ են եղել։ Նույնիսկ կիսվել եմ այնպիսի տեղեկություններով, որոնցով պետք չէր կիսվել հանրության հետ։ Չգիտեմ՝ ես կարծում եմ, որ շատ ավելի անկեղծ եմ եղել, քան պետք էր որպես արտիստ, որովհետեւ շատ անգամ, երբ դու անկեղծանում ես, մարդիկ քո անկեղծությունը թուլություն են համարում, եւ այն օգտագործում քո դեմ։ Դա արդեն մեծ տարիքում հասկացա։ Բայց եթե ասեմ, թե ինչ-որ բան կա, որ պահել եմ, եւ հիմա ուզում եմ կիսվել, այդպիսի բան չկա։ Եթե կա մի բան, որ թաքցրել եմ հանրությունից, դա նշանակում է, որ չեմ ուզում դրանով կիսվել։ Բայց ես միշտ առավելագույնս անկեղծ եմ եղել հանրության հետ։ Այնպես որ, չկա մի բան, որ հիմա կուզենայի ասել, բացահայտում անել կամ հայտարարել։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

