Մուստաֆաեւը ծննդավա՞յրն էր կարոտել, թե՞ նոր խաղ են սարքում Հայաստանի գլխին
ՎերլուծությունԱյն, որ թուրք–ազերիական տանդեմի հետ Հայաստանի, ավելի ստույգ` նիկոլական թիմի հարաբերություններում ինչ–որ արտառոց ակտիվություն կա, դժվար չէ նկատելը: Ընդամենը օրեր առաջ Կարսում էր ինչ–որ միջոցառում, որտեղ խոսում էին հայ–թուրքական սահմանը բացելու «հրատապ անհրաժեշտության» մասին: Անմիջապես էլ հետեւեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի աղմուկ հանած հայաստանյան այցը:
ԻՆՉՈՒ ԵԿԱՎ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԸ
Թե ինչու էր Նիկոլն ընտրությունների շեմին համաձայնվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հայաստանյան այցի հետ, տարբեր խոսակցություններ են պտտվում: Ընդ որում, գործնականում նախ այն մասին, որ դա պետք է քարոզչական ակցիա համարել` նիկոլյան «խաղաղություն» գովազդվող սցենարի համատեքստում: Սակայն այս վարկածը հարց է առաջացնում. եթե քարոզչություն էր, ապա դա պետք է գոնե իշխանությունների կողմից առավելագույնս գովազդվեր: Մինչդեռ հայաստանյան հանրությունն այդ այցի մասին առաջին տեղեկությունը ստացավ ոչ թե մեր պաշտոնական աղբյուրներից, այլ ազերիական լրատվամիջոցներից: Իսկ դա տարօրինակ է, եթե Մուստաֆաեւը եկել էր ցույց տալու համար, թե, տեսեք, Փաշինյանն ինչ աննախադեպ ձեռքբերումներ ունի:
Բացի այդ, աստիճանաբար հայտնի դարձավ, որ Մուստաֆաեւի գալը ընդամենը սահմանազատման հարցերով հերթական հանդիպումը չէ, որը նա եւ Մհեր Գրիգորյանը պարբերաբար անցկացնում են, եւ այդ հանդիպումների արդյունքում միայն Տավուշում է մի փոքր հատված սահմանազատվել: Ընդհակառակը, Մուստաֆաեւի այս այցն ավելի լայն էր. խոսակցություններ կան հայաստանյան ինչ–որ գործարար խմբի հետ քննարկումների մասին, այդ թվում` ապրանքների եւ ծառայությունների փոխադարձ մատակարարումների, տարանցիկ բեռնափոխադրումների եւ այդ կարգի այլ հարցերի հետ կապված: Լավ բան է սա, թե` ոչ, այդ մասին չէ խոսքը, այլ նրա, որ այդ դեպքում հայաստանյան իշխանությունները նախ պետք է հանգամանորեն հանրությանը բացատրեին, թե նման գործընթացներ կան, դրանք բխում են «խաղաղության օրակարգից» եւ մեզ այս–այս օգուտներն են խոստանում: Ի վերջո, խոսքը ոչ թե մի սովորական պետության հետ հարաբերությունների մասին է, այլ այն երկրի, որի հետ ունենք տասնամյա թշնամություն, եւ որն այս պահին էլ օկուպացված է պահում հայաստանյան հողերը: Վերջապես, այս համատեքստում նաեւ խոսվում է այն մասին, որ Մուստաֆաեւի այցի ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստան 300 հազար ազերի բերելու թեման: Ընդ որում, նման ընկալում առաջացրեց նաեւ Մուստաֆաեւի ցանկությունը` գնալ Տավուշի իր ծննդավայր գյուղը: Ու երբ նման իրավիճակում ամեն բան գաղտնի են պահում, ապա դա, թերեւս, այնքան էլ նման չէ Նիկոլին «գովազդող» այցի: Ավելին, կարելի է հակառակի մասին եւս խոսել, թե այդ այցը, իր ողջ գաղտնիությամբ հանդերձ, կարելի է նաեւ ընկալել, որպես ոչ թե նախընտրական օգուտ, այլ Նիկոլին ուղղված եւս մեկ հարված: Ու վերադառնում ենք նախնական հարցին. եթե ակնհայտ օգուտը տեսանելի չէ, ու փոխարենը կարող ենք խոսել հնարավոր նախընտրական վնասների մասին, ապա ինչո՞ւ այս պահին նման այց եղավ:
ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ԽԱՂԵՐԸ
Ընդ որում, նաեւ արտաքին քաղաքականության իմաստով եւս տվյալ պահին նման այցը Հայաստանի համար առնվազն ցանկալի չէր: Նկատի ունենք այս հերթական սրացումները, որ վերջին օրերին սկսել են նկատվել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Այսինքն, որոշակի պաուզայից հետո Թեհրանը նորից առաջին պլան է բերում թեման, թե Բաքուն շատ կոնկրետ աշխատանք է տանում Իրանի դեմ: Նախ, իրանական քաղաքագիտական շրջանակներն են առաջնային պլանում պահում Բաքվի հետ իսրայելյան «Մոսսադի» հետ գերակտիվ կապերը, եւ շարունակվում են Իսրայելից Ադրբեջանին զենքի ակտիվ մատակարարումները: Դրան էլ ավելացան նույն փորձագիտական շրջանակների այն պնդումները, որ սպասելի է Ադրբեջանից Իրան ցամաքային ներխուժում, ասենք այն սցենարով, որը տեղի ունեցավ Սիրիայում: Իսկ արդեն պաշտոնական մակարդակով` Բաքվին ուղղված լուրջ մեղադրանքներ ներկայացրեց Իրանի նախկին արտգործնախարար (Մահմուդ Ահմադինեդջադի նախագահության ժամանակ), ներկայումս խորհրդարանի անդամ եւ իրանական կոշտ ազգայնական թեւի կարկառուն ներկայացուցիչ Մանուչեհր Մոթաքին, թե պատերազմի փուլում Ադրբեջանը օգնել է Իսրայելին` Իրանի վրա հարձակումներում: Այդ թվում, որ Իրանի հյուսիսային գոտու վրա հարձակումների ժամանակ օգտագործվել Ադրբեջանի օդային տարածքը եւ օդանավակայանները: Ավելին, որ կան հաղորդագրություններ, որ ադրբեջանական օդանավակայանները «գտնվում են սիոնիստական ռեժիմի վերահսկողության տակ»:
Իհարկե, այս ֆոնին կարելի է հիշեցնել Ադրբեջանին, այդ թվում` Նախիջեւանին պատերազմի ժամանակ հասցված իրանական մի քանի հարվածների մասին, որի հետ կապված Բաքուն հիստերիա սարքեց, բայց նույնքան արագ էլ աղմուկը դադարեցրեց: Նման էր, որ էն գլխից Հեյդարովիչին բացատրեցին, որ այդ խաղը շարունակելը կարող է բարդ հետեւանքների տանել, եւ նա էլ, թերեւս ընթացքից կռահելով, որ Իրանին մի քանի օրում հաղթելու սցենարը չի աշխատում, որոշեց շատ աչքի չընկնել: Բայց ահա հիմա, երբ օրակարգում է մնում Իրանի դեմ ցամաքային օպերացիայի հարցը, որի մեկնարկը կարող է ցանկացած պահի տրվել, Ալիեւն արդեն ընտրություն կատարելու պարտադրանքի առաջ է. մտնե՞լ այդ խաղի մեջ, ինչին նրան ակնհայտորեն Իսրայելը մղում է, թե՞ դա դեռ շատ վտանգավոր է: Ու ահա այս ֆոնին մեղադրանքների տարափը, որը սկսվեց Իրանից, նման է Ալիեւին ուղղված նոր զգուշացման, որ այս անգամ ամեն բան կարող է մի քանի անօդաչուի հարվածով չսահմանափակվել:
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԵՎՍ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Մյուս կողմից էլ, վերջին օրերին նկատվում է նաեւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների նոր սրացման հավանականություն: Ամեն բան սկսվեց նրանից, որ վերջին ժամանակներս ուկրաինական անօդաչուները սկսեցին հարվածել Ուրալի գոտուն: Այն դեպքում, երբ Ուկրաինայից անօդաչուները նման հեռավորության հասնել չեն կարող:
Իրավիճակը փաստացի բացատրություն ստացավ նախօրեին, երբ Ղազախստանի Ակտյոբինսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք կործանվեց: Դա հիմնավորում է, թե կոնկրետ որ ուղղությունից են հարվածում Ռուսաստանի խորքերին: Ըստ այդմ, ռուսական փորձագիտական աղբյուրը միանգամայն տեղին գնահատում է նման պատկեր. «Թե կոնկրետ որ երկրից` Ղազախստանի՞ց, Կասպից ծովի գոտու այլ երկրի՞ց, ասենք` Ադրբեջանից, դեռ հիմնավորում է պահանջում: Սակայն մեկ բան այս պահին հաստատ է` դրանք թռչում են ՀԱՊԿ անդամ Ղազախստանի օդային տարածքով՝ դեպի Վոլգայի շրջանի քաղաքներ եւ Ուրալ»:
Ընդ որում, Ղազախստանից հարվածներ հասցնելու տարբերակի հետ կապված ռուսական փորձագիտական աղբյուրները վերապահումներ ունեն. դա Տոկաեւի կողմից չափազանց կոպիտ քայլ կլիներ: Ղազախստանի օդային տարածքն օգտագործելու տարբերակն ավելի իրատեսական են գնահատում. այդ դեպքում ղազախները կարող են գոնե արդարանալ, թե մեծ տարածք ունեն, օդային ամբողջ տիրույթի նկատմամբ ամբողջական հսկողություն չկա, առավել եւս, դեպի ռուսական ուղղությամբ, քանի որ այնտեղից որեւէ վտանգ չեն սպասում: Դրանից էլ օգտվել են իրական հարվածողները: Իսկ դա ակնարկ է այն մասին, որ ռուսական փորձագիտական աղբյուրներն ավելի հակված են Ադրբեջանի տարածքից հարվածների վարկածի օգտին: Առավել եւս, այն ջերմ շփումներից եւ Զելենսկու հետ համատեղ ռազմական արդյունաբերություն հիմնելու մասին Ալիեւի վերջին հայտարարություններից հետո: «Հարմար կստացվի, հենց Ադրբեջանում համատեղ արտադրության տակ անօդաչուներ կհավաքեն եւ այնտեղից էլ դրանք կարձակեն»,– ենթադրում է ռուսական փորձագետներից մեկը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆԱԼ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
Այսպիսով, մեկ միտք գնալով ավելի ու ավելի հաստատուն է դառնում. Ալիեւն ակնհայտորեն ինչ–որ բարդ կոմբինացիաների մեջ է, որը կարող է նաեւ շատ վտանգավոր դառնա ու շատ արագ: Միայն թե Բաքվի համար մեկ էական խանգարող գործոն այս պահին կա: Նման բոլոր կասկածելի օպերացիաները ենթադրում են Ադրբեջանից դեպի արեւմտյան ուղղությամբ կայուն լոգիստիկայի առկայություն: Բայց ահա Վրաստանը, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի հիմնական ճանապարհն է, իրեն չափազանց զգույշ է դրսեւորում: Թբիլիսին դեռ էն գլխից հասկացավ, որ արեւմտյան ծրագրերը ենթադրում են Վրաստանին, որպես մսացու, ուղղորդել Ռուսաստանի դեմ, եւ դա չեզոքացնելու համար ծանր ճանապարհ անցան, ընդհուպ` նոր հեղաշրջման շեմին հասնելով: Ու հիմա հազիվ թե նույնիսկ լոգիստիկաներ տրամադրելով, կցանկանան նման խաղերի կիզակետում հայտնվել: Առավել եւս, որ ռուս–վրացական հարաբերություններում, հատկապես` տնտեսական հարթակում կա շատ լուրջ դինամիկա: Ասենք, ռուսական նավթը Վրաստանում վերամշակելու տեսքով, որը արդի աշխարհում կարող է լրջագույն առավելություն դառնալ:
Սա նշանակում է, որ կրիտիկական պահին կարող է անգամ վրացական երկինքը փակվել Ադրբեջանի համար, որի դեպքում Հայաստանը կմնա օդային միակ կամուրջը դեպի, ասենք, Իսրայել: Ընդ որում, Հայաստանով լոգիստիկա կառուցելու ռազմական տարբերակն այս պահին քիչ իրատեսական է: Հայաստանի հարավում նման ճեղքումը Իրանի կողմից ոչ թե պարզապես «կարմիր գիծ» է գնահատվում, այլ պատերազմական իրավիճակում անվտանգային ուղիղ սպառնալիք: Իսկ ահա հյուսիսում ռուսական ռազմաբազան է, որը հաշվի չառնել, անգամ Նիկոլի ներկա կուրսը հաշվի առնելով, հնարավոր չէ: Փոխարենը, կարելի է լոգիստիկաներ ստեղծել տնտեսական կապերի անվան տակ, թեկուզեւ` օդային: Մուստաֆաեւի այցի շրջանակներում գործարարների հետ շփումները կարո՞ղ են նման հեռանկար ձեւավորել. իհարկե:
Բայց, ամեն դեպքում, շատ բան մնում է կախված, թե իրանական պատերազմի հարցով ինչ գործնական ծրագրեր այս պահին ունի Թրամփը: Եվ այն, որ Նեթանյահուն պատրաստվում է հերթական անգամ Վաշինգտոն մեկնել, թերեւս ակնարկ է, որ Թրամփի «վճռականության» հարցում, այնուամենայնիվ, կասկածներ կան: Իսկ այդ դեպքում, Ալիեւը հաստատ կամիկաձե չէ, որ իր ներկա «մանր–մունր» գործողությունները հասցնի Իրանի հետ բախման աստիճանի:

