«Իրավունք». Հնարավո՞ր է Սամվել Կարապետյանի թիմին խաղից արհեստականորեն հանելու տարբերակը
Մամուլի տեսություն«Իրավունք»-ը գրում է.
«Ըստ որոշ աղբյուրների` իշխանական թեւում պարբերաբար քննարկվում է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին ընտրություններից դուրս թողնելու տարբերակը: Դա հնարավոր է իրականացնել դատարանի միջոցով, եթե ԿԸՀ–ն նման բողոք ներկայացնի, ասենք, ընտրակաշառքի մեղադրանով: Ամեն դեպքում, այդ ուղղությամբ ներկա փուլում գործեր պատրաստվում են, անհրաժեշտության դեպքում պատժիչ մեխանիզմը միացնելու համար:
Սակայն, ինչպես աղբյուրն է նշում, դեռ հարցին մեծ զգուշավորությամբ են մոտենում: Նախ, առաջիկայում եվրոպացիների հայաստանյան այցերն են, եւ եթե շտապեն Կարապետյանի հարցով, կարող է «անհարմար բան» ստացվել: Երկրորդը. իշխանական հատուկ հարցումները դեռ չեն ֆիքսում այնպիսի վտանգավոր իրավիճակ, որ Կարապետյանը կարող է բացարձակ հաղթանակ տանել: Չնայած դինամիկան, ըստ այդ ցուցանիշների, նրա օգտին է, եւ իշխանականները իրենց համար ծայրահեղ իրավիճակը չեն բացառում: Բայց նաեւ այն մտավախությունը կա, որ կարող են նաեւ նման իրավիճակի հասնել եւ շատ արագ. եթե Կարապետյանի վարկանիշը հասնի առավելագույնի, այն է` նրա օգտին համախմբվեն իշխանափոխություն պահանջող հիմնական ձայները եւ դա ազդի «ձայն փոշիացնողների» ցուցանիշների վրա, այդ դեպքում արդեն նման առաջատար ուժին դատարանով հեռացնելը կարող է անգամ «հեղափոխական մասշտաբի» անցումների պատճառ դառնալ: Այսինքն, իշխանավորները փորձում են շատ ուշադիր լինել նման կրիտիկական պահը բաց չթողնելու համար:
Բայց կա նաեւ այն վտանգը, որ նման քայլով կարող են անկանխատեսելի ռեակցիա առաջ բերել արտաքին աշխարհում: Անգամ եվրոպացիների հետ կապված չունեն այն վստահությունը, որ չեն աղմկի: Ամերիկացիների պարագայում աղմուկը շատ ավելի հնարավոր են համարում: Իսկ ահա ռուսների մասով վստահ են, որ մեծ աղմուկն անխուսափելի է:
Այդպիսով, «Կարապետյանի թիմին խաղից արհեստականորեն հանելու տարբերակը թեեւ դեռ «հեռու դարակում» է դրված, սակայն կրիտիկական իրավիճակում, եթե համոզված լինեն, որ իշխանությունը կորցնելու են, շատ հավանական է, որ այդ սցենարը կբերեն ավելի գործնական քննարկման: Այն գնահատումով, որ իշխանությունը կորցնելն ավելի մեծ վտանգ է, քան այդ սցենարից սպասվող բոլոր խնդիրները միասին վերցրած»,– կարծում է աղբյուրը»:

