Արաղչիի այցը Ռուսաստան կդառնա՞ իրանական պատերազմի ավարտը
ՎերլուծությունՇատ նման է, որ իրանական եւ ուկրաինական պատերազմները, այսպես ասենք, շոշափման մեկ ընդհանուր կետ են ձեռք բերում: Ամեն դեպքում, Իրանի արտգործնախարար Արաղչիի ռուսաստանյան այցը եւ Պուտինի հետ հանդիպումը նման տպավորություն թողնում է:
Թե կոնկրետ դետալային իմաստով ինչ են խոսել եւ պայմանավորվել ռուսական եւ իրանական կողմերն այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, կարելի է միայն ենթադրել: Բայց ընդհանրական իմաստով պատկերը, թերեւս, բավականին հասկանալի է: Նախ այն, որ այդ հանդիպումը Արաղչիի ընդնահուր այցերի համատեքստում էր` Պակիստան-Օման-Ռուսաստան ուղղությամբ, արդեն իսկ հիմք էր տալիս ենթադրելու, որ դրա ուղղվածությունը ԱՄՆ-ի հետ լեզու գտնելու հարցն է: Բուն ռուսական այցի շրջանակներում եւս շատ խոսվեց պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, որը եւս այդ մասին է ակնարկում: Վերջապես, ՌԴ նախագահի խոսնակը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան կարող է միջնորդ դառնալ, եթե կողմերն ունեն նման ցանկություն: Եթե հաջողվի, ապա հենց դա էլ կդառնա իրանական եւ ուկրաինական պատերազմների հիշատակված շոշափման ընդհանուր կետը. ԱՄՆ-ն այն մեկում է միջնորդում, ՌԴ-ն` այս մեկում, եւ ձեռքի հետ էլ իրար մեջ ընդհանրական պայմանավորվածությունների հարց են լուծում:
Այստեղ ամբողջ հարցը մի փոքր այլ է: Այն, որ իրանական թեման կար ի սկզբանե, եւ այն էապես շոշափում էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ` ՌԴ-ի շահերը, ակնհայտ էր դեռ անցած տարի` Ալյասկայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ուկրաինայի հետ կապված կան կոնկրետ պայմանավորվածություններ: Իսկ Իրանի հարցով պայմանավորվե՞լ էին, դա է, որ դեռ հստակ պատասխան չունի: Եթե պայմանավորվել էին, ապա այդ պայմանավորվածությոնը կարո՞ղ էր պատերազմի տարբերակը լինել. ֆանտաստիկ է թվում, բայց ինչու ոչ: Առավել եւս, որ, ինչպես արդեն ենթադրելու առիթներ ունեցել ենք, այդ պատերազմը Իրանին տալիս է գերտերության կարգավիճակ, դրանով նաեւ հիմքից փոխելով Մերձավոր Արեւելքի այն կառուցվածքը, որը Բրիտանիան «կարել» էր «իր հագով» դեռ 19-իդ դարում: Ու եթե փորձենք առաջ գնալ այդ ֆանտաստիկ տարբերակով, ապա ներկա իրավիճակը մեկ բան է նշանակում` հասել է խաղավարտի պահը, որը կարող է ֆիքսվել ԱՄՆ-Իրան պաշտոնական պայմանավորվածությունների տեսքով:
Այսպիսով, հնարավո՞ր են այդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի համար պատերազմը շարունակելը մի շարք իմաստներով մեծ խնդիր է: Ու այդ խնդիրը միայն մեծանալու է. արդեն մայիսին ծրագրված է ԱՄՆ-Չինաստան գագաթաժողովը, հետո ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է ԱՄՆ-ում: Միջոցառումներ, որոնք ավելի կծանրացնեն Թրամփի վիճակը, եթե զուգահեռաբար պատերազմ վարի: Իրանին եւս արդեն որեւէ պատերազմ պետք չէ. նրան արդեն աշխարհում ընդունում են, որպես գերտերություն, ընդամենը պետք է այդ կարգավիճակը պահել: Չինաստանի համար եւս բավականին հարմարավետ վիճակ է. Թրամփն իր բազում ներքին եւ արտաքին խնդիրներով արդեն դժվար թե մաքսիմալիստության գնա:
Կա նաեւ Նեթանյահուի հարցը: Միայն թե արդեն այս հոկտեմբերին Իսրայելում ընտրություններ են, Նեթանյահուն հազիվ թե կարողանա վարչապետի աթոռը պահել: Չնայած, վերջերս Իսրայել եկավ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն: Այս այցի ֆոնին տարածվել են ծանրակշիռ խոսակցություններ մինչեւ 300 000 հրեայի Արգենտինայում տեղավորելու եւ նրանց համար երկրի հարավային գոտում` Պատագոնիայում առանձին ինքնակառավարվող տարածք ստեղծելու ծրագիրը: Թե ինչ կարող է սա իր տակ ենթադրել, խոսակցության այլ թեմա է: Բայց եթե նման միավոր կարող է ստեղծվել, ի՞նչն է խանգարում, որ այն Նեթանյահուն ղեկավարի. իսրայելական եւ այլ երկրների դատարաններից հեռու, «Մեծ Իսրայելի» գաղափարախոսությամբ: Երուսաղեմից մի քիչ հեռու է, բայց դե կլիման անհամեմատ լավն է: Եթե հրեական մեծ փողեր գան, կարող է շատ հետաքրքիր բան ստացվել: Առավել եւս, որ դոլարի հեգեմոնիան հաստատ երկար պահել այլեւս հնարավոր չէ, պետք է մի այլ բան գտնել:
Այսինքն, նման է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Մոսկվայի միջնորդության առաջարկն արված է ճիշտ պահին: Ու, թերեւս, եթե առաջիկա մեկ-երկու շաբաթներին պատերազմը չվերսկսվի, այս մեխանիզմը կարող է աշխատել:
Ինչ վերաբերում է ուկրաինական ճակատին, ապա այստեղ արդեն գործնականում սկսվել է ռուսների գարնանային կոմպանիան, եւ այն կարող է բոլորովին նոր իրողություններ առաջացնել:

