Կա ընդդիմության կողմից իրենց վարկանիշի գերագնահատում. Արման Վարդանյան
Ներքաղաքական19 քաղաքական ուժ կպայքարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանության գալու համար: Թե որքանով ներկա ընդդիմությունը ճիշտ դիրքավորվեց այս ընտրապայքարում, «Միասնություն» շարժման ղեկավար ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ փակագծեր է բացում:
— Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական բանտարկյալներ, կան մարդիկ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների, ազատ մտածողության համար, կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր հետապնդվում են այն բանի համար, որ ընդամենը համաձայն չեն իշխող համակարգի հետ: Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք ավելի արդյունավետ նախընտրական միավորումներ էինք ակնկալում, որ կլինեն: Ցավոք սրտի, մեր ակնկալիքներն այդքան էլ չարդարացան եւ մեծ միավորումներ չստեղծվեցին ու չներկայացրեցին իրենց օրակարգը։
Միգուցե որոշ քաղաքական դերակատարներ գերագնահատեցին իրենց ռեսուրսը, միգուցե անփորձությունից է, տարբեր անձնական եւ սուբյեկտիվ մոտեցումներից, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կա ընդդիմության կողմից իրենց վարկանիշի, դերի որոշակի գերագնահատում, ինչը շատ վատ է: Ավելի լավ կլիներ ընտրություններին գնալ ռեալ օրակարգով՝ այն գիտակցումով, որ դիմացդ ավտորիտար համակարգ է: Իսկ ավտորիտար համակարգերի դեմ պայքարում են շատ ավելի էֆեկտիվ` գնահատելով սեփական ռեսուրսները: Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի եւ վերագնահատի իր ուժերը եւ կարողանա ստեղծել մի հարթակ, որտեղ ավելի արդյունավետ կլինի պայքարել այսօրվա իշխանության դեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

