Եվ այս մարդիկ այսօր պետական պաշտոն են զբաղեցնում. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ «Ասենք արեցինք եւ ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։ Ըստ նրա` եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի, կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։ Այսինքն՝ երբ օտար երկրի իշխանությունները քանդում են հայկական եկեղեցի՝ մեր պատմության, հավատքի ու ինքնության խորհրդանիշը, Հայաստանից պետք է հնչի լռությո՞ւն, որովհետեւ «օգուտ» չկա՞։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ․ սա մտածողության խնդիր է։ Եթե ազգային արժանապատվությունը չափվում է միայն կարճաժամկետ «օգուտով», ապա վաղը ի՞նչը պետք է համարվի պաշտպանելի։ Մշակութային ժառանգությո՞ւնը, պատմական հիշողությո՞ւնը, թե՞ դրանք էլ են «անօգուտ» կատեգորիաներ: Եվ այս հայտարարությունը ստանում է առավել մտահոգիչ երանգ, երբ հնչում է հիմնավորումը, թե նման արձագանքը կարող է «վերակենդանացնել Ղարաբաղյան շարժումը»։ Այսինքն՝ նույնիսկ սեփական պատմության ու արժեքների պաշտպանությունը ներկայացվում է որպես վտանգավոր գործընթաց, որից պետք է խուսափել։ Եվ այս մարդիկ այսօր պետական պաշտոն են զբաղեցնում:
ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ իր հարցազրույցներից մեկում պնդում է, թե մենք հիմա ունենք եւս մեկ ճանապարհ, որով կարողանում ենք ապրանք ներկրել Հայաստան. «Օրինակ, շատ կարեւոր, ռազմավարական նշանակության ապրանք՝ հացահատիկ Ադրբեջանից»: Լրագրողը փորձումէ ուղղել պատգամավորին եւ նշում է, որ Վրաստանի տարածքով է ապրանքը գալիս, ոչ թե ուղիղ, բայց Հասմիկ Հակոբյանը հակադարձում է. «Ոչ-ոչ Ադրբեջանի տարածքով ենք բերում: Ապաշրջափակումը բա ինչի՞ մասին է»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Կա՛մ սույն քայլիստուհին մարտնչող տգետ է ու չգիտի, որ Հայաստան-Ադրբեջան ոչ մի երկաթգիծ չկա` քանդված են եւ անմիջական Ադրբեջանից երկաթուղով Հայաստան որեւէ բան ներկրել հնարավոր չէ, կա՛մ թող բացատրի` ինչ նկատի ունի...»:
Զարմանք է առաջացնում նաեւ այն լռությունը, որը տիրում է բնապահպանական դաշտում: Ո՞ւր են նայում բնապահպանները, էկոակտիվիստները, երբ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարում է հետեւյալը. «Հայաստանի լեռները լի են օգտակար հանածուներով եւ քաղցրահամ ջրերով։ Հայ մարդը հայտնի է իր աշխատասիրությամբ եւ գիտության մեջ խորանալու ունակությամբ։ 10 տարում 80 միլիարդ բյուջե ունենալը ոչ միայն իրատեսական է, այլեւ` պարտադիր։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը խելացի օգտագործել ունեցածը, եւ 4-5 տարի հետո կունենանք արագ զարգացող, հզորացող եւ անվտանգ ապագա ունեցող Հայաստան»: Համարենք, թե Հայաստանը հարուստ է՝ լեռները լի են օգտակար հանածոներով, ունենք քաղցրահամ ջրի պաշարներ, ունենք աշխատասեր եւ գիտակ ժողովուրդ։ Բայց արդյո՞ք այդ «խելացի օգտագործումը», որի մասին խոսվում է, չի վերածվելու հանքարդյունաբերության անզուսպ ընդլայնման, անտառահատումների եւ ջրային ռեսուրսների գերշահագործման։ Որտե՞ղ է այն կարմիր գիծը, որը պետք է բաժանի տնտեսական աճի ձգտումը բնապահպանական աղետից։ Երբ հայտարարվում է, թե ընդամենը 4-5 տարի հետո կունենանք արագ զարգացող եւ հզորացող երկիր, տրամաբանական է հարց տալ՝ ինչի՞ հաշվին։ Բնապահպանների լռությունը այս համատեքստում իսկապես մտահոգիչ է. եթե այսօր չեն հնչում հարցերը, վաղը կարող է ուշ լինել պատասխաններ պահանջելու համար։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

