Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կրթության ներկա վիճակը վերջին տարիների փոփոխությունների ֆոնին, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ մենք գործ ունենք որակական լուրջ հետընթացի հետ։ Ըստ փորձագետի՝ դպրոցական շենքերի կառուցումը, որքան էլ գովելի է, ավտոմատ կերպով չի հանգեցնում գիտելիքի աճի։ «Եթե դու շենքը վերանորոգում ես, դա դեռ չի նշանակում, որ ուսուցիչը սկսում է ավելի լավ դասավանդել, իսկ երեխան՝ ավելի լավ սովորել»,- նկատում է նա՝ հավելելով, որ արդեն անցել է ութ տարի, և ժամանակն է խոսելու ոչ թե ծախսված միլիարդներից, այլ արդյունքներից, որոնք այսօր հուսադրող չեն։ Աշակերտների գրագիտության մակարդակի անկումն ու կենտրոնացման կարողության թուլացումն արդեն դարձել են համակարգային ախտանիշներ։
Ավելին, ոլորտում տիրող բարոյահոգեբանական վիճակը փորձագետը բնորոշեց որպես մի անելանելի «մեղադրական խաղ» (blame game)։ Անդրադառնալով ներքին մթնոլորտին՝ Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ այսօր կրթության ոլորտում բոլորը բոլորին մեղադրում են. ուսուցիչները դժգոհ են ծնողներից, ծնողները՝ ուսուցիչներից, իսկ աշակերտները հաճախ չեն կարողանում տարրական հաղորդակցություն հաստատել։ Այս փոխադարձ դժգոհության մեջ բացակայում է ամենակարևորը՝ սեփական սխալների ընդունումն ու ինքնաքննադատությունը, ինչն իսպառ բացառում է որևէ առաջընթաց։ Խոսելով դպրոցներում տիրող արժեքային քաոսի մասին՝ փորձագետը քննադատության ենթարկեց քաղաքացիական կրթության հայեցակարգի բացակայությունը։ «Այսօր կրթության ոլորտում արժեքային քաոս է»,- արձանագրեց նա՝ շեշտելով, որ քանի դեռ չկա միասնական ճանապարհային քարտեզ, յուրաքանչյուր ուսուցիչ դասարան է մտնում իր անձնական պատկերացումներով՝ երեխաներին հաճախ մատուցելով իրարամերժ ու հակասական արժեքներ։
Ակնհայտ է, որ գործող իշխանության համար կրթությունը ոչ թե ազգային զարթոնքի հիմք է, այլ սոսկ «ասֆալտապատման» տրամաբանության շարունակություն։ Փորձելով կրթական համակարգի խորքային ձախողումները լվանալ նորոգված պատերի ներկով՝ նրանք իրականում զբաղված են սերունդների ապազգայնացմամբ և դպրոցը սեփական քաղաքական քարոզչության գործիք դարձնելով։ Երբ կրթության ոլորտում գիտելիքին փոխարինելու է գալիս պարզունակ շահը, իսկ ազգային հերոսների պատկերները հանվում են դպրոցի պատերից, դա այլևս բարեփոխում չէ. դա պետականության հիմքերի հետևողական քանդում է։ Իշխանությունը պետք է վերջապես հասկանա՝ դատարկ պատերով ու դատարկվող գյուղերով հզոր երկիր չես կառուցի, իսկ կրթության այսօրվա տխուր պատկերը վաղը դառնալու է հենց այս վարչախմբի գործունեության ամենախայտառակ դատավճիռը։
Հեղինակ ` Սիրանուշ Մանթաշյան

