Ստեփանակերտի պատմական թաղամասը եւս ոչնչացվել է. Ահազանգում է նախկին պատգամավորը
Թեմա«Ադրբեջանն ամեն օր մի հուշարձան կոչնչացնի ու կշարունակի իր գործը: Նախորդ միտքս ամբողջացնելով ասեմ, որ Ստեփանակերտի պատմական թաղամասը ևս ոչնչացվել է, այն գոյություն չունի, տեղն ինչ-որ Հաղթանակի պուրակ են կառուցել: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ոչնչացնում է մեր հետքերն Արցախում, ինչպես արել են Նախիջևանում»,-անդրադառնալով Արցախում մշակությային ցեղասպանությանը եւ դրա հետեւանքներին, նման դիտարկում է անում օկուպացված Արցախի նախկին պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը.
- Ասեմ նաև, որ այն եկեղեցիները կամ եկեղեցական համալիրները, որոնք իրենք աղվանական են հռչակել, օրինակ՝ Ամարասը, որտեղ փակցրել են Ադրբեջանի մշակույթի նախարարության ցուցանակը, թե «Պահպանվում է պետության կողմից» և այլն, չի խնամվում, տարածքը երբ նայում ես, ամբողջությամբ խոտով է ծածկված, այսինքն՝ անմխիթար վիճակում է: Ուզում եմ ասել, որ կարող են ցուցանակը դնել, չքանդել եկեղեցիները, բայց չխնամել, ու ժամանակի ընթացքում դրանք ևս կավերվեն:
Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, ու որևէ կառույց՝ նույն միջազգայինները լուռ են, որովհետև նախևառաջ չկա պետական համապատասխան վերաբերմունք: Նույն այդ միջազգային կառույցները, որոնց գործառույթը հենց հակամարտող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանումն է, Արցախ անգամ մշտադիտարկման խումբ չի ուղարկել, պատճառաբանելով, թե Ադրբեջանը չի թողնում, բայց նույն այդ կառույցները քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Եմենում գործիքակազմեր են կիրառում: Բայց բնական է, որ պահանջող չկա, դրա համար էլ իրենք ոչինչ չեն անում: Լրագրող եք, դիմեք ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժին, թող ասեն, թե իրենց գործառույթը ո՞րն է, ու ի՞նչ են իրենք արել դրա համար:

