Ապացուցեցինք, որ ՔՊ-ի պրոյեկտ չենք եւ չէինք կարող լինել․ Ինչու նախկին ՔՊ-ական պատգամավորները չգրանցվեցին
АРМЕНИЯ.Ներդիր ,,Комсомольская Правда в Армении,, թերթում
Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ը (ՄԱՍԿ) գրանցումների վերջին օրը որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին։ Կուսակցության համահիմնադիրներից Հակոբ Ասլանյանը նշեց, որ ներքին հարցումներ են իրականացրել և պարզել, որ անցողիկ շեմը չեն հաղթահարում․
-Հարցումների համաձայն՝ մենք 2-2,5 տոկոսից ավելի չէինք հավաքելու, իսկ դա լինելու էր քվեների փոշիացում։ Այդ փոշիացումն օգուտ էր ՔՊ-ին, իսկ ՔՊ-ին մենք չէինք կարող օգնել։ Այս մեր որոշմամբ մենք մեկ անգամ եւս ապացուցեցինք, որ ՔՊ-ի պրոյեկտ չենք եւ չէինք կարող լինել։
-Իսկ, ինչո՞ւ այդ որոշմանը հանգեցիք վերջին օրոո, ինչը հիմք հանդիսացավ Ձեր որոշմանը։
-Մինչ այդ մենք բավականին ակտիվ բանակցում էինք տարբեր ուժերի հետ, բայց հասկացանք, որ որեւէ ընդդիմադիր ուժ չմիացավ մեր առաջարկած ընդհանուր ճակատ ձեւավորելու հասկացողությանը, որովհետեւ դա է միակ ճանապարհը ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու։ Սակայն դա չստացվեց, մենք երկու անգամ մեր համագումարը հետաձգեցինք, փորձելով տարբեր ուժերի հետ գալ ընդհանուր հայտարարի, բայց փաստորեն որեւէ ընդդիմադիր ուժ չհամաձայնեց ընդհանուր ճակատով պայքարելու այս ազգակործան վարչակարգի դեմ։
-Պարոն Ասլանյան, իսկ ինչո՞ւ խզվեց Ձեր եւ Էդմոն Մարուքյանի քաղաքական ապահարզանի պատճառը։
-Այսպես կպատասխանեմ․ պատճառը մենք չէինք համենայնդեպս։
-Լավ, ի՞նչ սպասել հունիսի 8-ին։
-Փաշինյանը ոչինչ չի խնայում՝ անգամ ընտանիքը, նրան պետք է վերընտրվել ցանկացած գնով։ Ինքս ժամանակին հավատացել եմ նրանց, ու կանգնել նրանց կողքին, ես չեմ գնացել որեւէ միտումով՝ 66-67 տարեկան մարդը չէր կարող գնալ ամբիցիաների հետեւից, ես գնացել եմ գաղափարի համար։ Նա նույն ձեւերով հավատ էր ներշնչում, որ նրա նպատակները ազնիվ են, բայց ժամանակի ընթացքում ինքը սպառվեց, եւ մենք հասկացանք, որ նրա համար միայն մի սուրբ նպատակ կա՝ ամեն գնով լինել իշխանության գլխին։
Հիշում եք՝ Ձեզ հետ զրույցում ասել էի, որ առավել քան համոզված եմ, որ Նիկոլի եւ Աննայի բաժանությունը ՔՊ-ի քաղաքական խաղի մաս է, ինչո՞ւ․ որովհետեւ նրանց հիմա առավել քան երբեւէ պետք է ուշադրության կենտրոնում մնալ, լինել առաջնագծում, ու կապ չունի ինչպես։ Ու տեսաք, թե ինչ եղավ, նրանք կրկին եկան արենա, ցույց տալու, թե տեսեք մենք ամեն դեպքում ընտանիք ենք փրկում, այն ինչ նրանց պետք է ամեն գնով լինել ուշադրության կենտրոնում, ու փաստորեն նրանց մոտ ստացվում։ Իսկ հունիս 8-ին, եթե մինչ այդ ընդդիմությունը խելքը գլուխը չհավաքի ու միասնական ճակատ չկազմի, ապա Նիկոլը կվերընտրվի անխոս։
Այս տարիների ընթացքում մեզ մոտ ավելի է ամրապնդվել այն համոզմունքը, որ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող է ունենալ անդառնալի և վտանգավոր հետևանքներ մեր պետության և պետականության ապագայի համար։ Այսօր մեր պետությունը Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է դժվարին ու բարդ իրավիճակում, և այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալն է։

