Սա խոստովանություն էր. Բաբկեն Զաքարյանը՝ «ՆեԵսենին»-ի առաջնախաղի մասին
Մշակութային«Արմմոնո» 24-րդ միջազգային մոնոներկայացումների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «ՆեԵսենին» ներկայացման առաջնախաղը, որի հեղինակն ու կատարողը ԲԱԲԿԵՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ է, ում հետ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը:
«ՍԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶՐՈՒՅՑ, ՈՐԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՉԿԱՅԱՆԱԼ»
— Վերջերս կայացավ «ՆեԵսենին» մոնոներկայացման առաջնախաղը: Ի՞նչ զգացողություններ ունեցաք ներկայացումից անմիջապես հետո։
— Ներկայացումից հետո չկար այն զգացողությունը, որ ես խաղացել եմ։ Կարծես, ներսումս ինչ-որ բան իսկապես շարժվեց եւ մնաց բեմում։ Իմ երկրորդ կեսը, որը երկար ժամանակ ապրում էր իմ մեջ, վերջապես ինչ-որ ձեւ ստացավ եւ դադարեց ներսից ինձ քանդել։ Ավելի լուռ դարձավ։ Ավելի հեշտ չէ, այլ հենց լուռ։ Այդ լռության մեջ կարծես առաջացավ մի գիտակցում, որ սա ցուցադրություն չէր, այլ՝ անհրաժեշտ զրույց, որը չէր կարող չկայանալ։
— Կարելի՞ է այս ներկայացումը համարել Ձեր վերադարձը բեմ՝ տեւական դադարից հետո։
— Ես դա որպես վերադարձ չեմ ընկալում, որովհետեւ վերադառնում են այնտեղ, որտեղից հեռացել են։ Բայց ես դասական իմաստով թատրոնի դերասան չեմ։ Եթե դերասանն ասելու բան չունի, բեմում անելիք էլ չունի։ Իմ դեպքում այդպես է։ Հետեւապես, սա վերադարձ չէ։ Ես բեմ բարձրացա, որպեսզի շարունակեմ եւ հրաժեշտ տամ իմ մեջ երկար ժամանակ ապրող ռոմանտիկ, հուսահատ, խուլիգան տեսակին։ Դա կարեւոր փուլ էր, բայց այն ավարտվել է։ Այս ներկայացումը եղավ միջոց՝ հրաժեշտ տալու այդ «խուլիգանին», որպեսզի առաջ շարժվեմ արդեն այլ լեզվով, այլ վիճակով եւ այլ մակարդակով։
«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽՈՍԵԼ ՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՈՐՏԵՂ ՔԵԶ ՉԵՆ ԼՍՈՒՄ»
— Ի՞նչը Ձեզ դրդեց դադար վերցնել, եւ ինչո՞ւ հենց այս աշխատանքով որոշեցիք վերադառնալ։
— Դա որոշում չէր, այլ՝ հետեւանք։ Մի պահ զգացի՝ եթե շարունակեմ նույն ռիթմով, կդառնամ դասական դերասան։ Իսկ ես չեմ սիրում կրկնվել եւ չեմ էլ պատրաստվում՝ դա ամենավատն է, ոչ միայն դերասանական, այլ նաեւ դրամատուրգիական գործունեության մեջ։ Այդ ժամանակ դա այլեւս արվեստի մասին չի լինի, այլ իներտության։ Բացի այդ, կան նաեւ որոշ ոչ օբյեկտիվ բաներ թատերական միջավայրից, որոնք նույնպես ազդում են։ Միշտ չէ, որ ուզում ես խոսել մի տարածքում, որտեղ քեզ չեն լսում այնպես, ինչպես դու կուզենայիր... Իսկ այս աշխատանքը ծնվեց որպես անհրաժեշտություն. հենց այստեղ է հետաքրքրությունը, հենց այստեղ է ամբողջ գեղեցկությունը։ Սա այն կետն է, որտեղ հասկացա՝ եթե հիմա չասեմ, ապա այլեւս երբեք։
— «ՆեԵսենին»-ը խոստովանությո՞ւն է, ներքին պայքա՞ր, թե՞ մենամարտ։
— Կասեմ այսպես. մենամարտն արդեն եղել է։ Եթե ես բեմ եմ դուրս եկել, նշանակում է՝ այն ավարտված է։ Սա ընթացքի մեջ գտնվող պայքար չէ, այլ արդեն արդյունք։ Այդ պատճառով «ՆեԵսենին»-ն ավելի շատ խոստովանություն է՝ հանգիստ, տեղ-տեղ ցավոտ, բայց անկեղծ։ Սա զրույց է ինքն իր հետ, փորձ՝ չճնշելու սեփական ստվերը, այլ հասկանալու ու ընդունելու, ընտելացնելու, նրա հետ ընկերանալու։ Որովհետեւ քանի դեռ նրա դեմ կռվում ես՝ նա քեզնից ուժեղ է։ Իսկ երբ սկսում ես խոսել նրա հետ՝ այդ ներքին կերպարի հետ, հնարավորություն է առաջանում ապրել առանց այդ ներքին պառակտման։
«ՉԿԱ ԴԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅՈ՛, ՍԱ ԵՍ ԵՄ»
— Ինչո՞ւ է Ձեզ համար կարեւոր խոսել հենց «ՆեԵսենինի» միջոցով, այլ ոչ ուղղակիորեն՝ բանաստեղծի կերպարով։
— Որովհետեւ երկար ժամանակ այն ամենն, ինչ ես անում էի, ընկալվում էր Եսենինի պրիզմայով։ Նույնիսկ երբ դա ուղղակի կապ չուներ նրա հետ՝ մարդիկ լսում էին ինտոնացիան, տեսնում էին տրամադրությունը եւ անմիջապես ասում էին՝ «Ա՜հ, ինչպես Եսենինը»։ Նույնիսկ երբ չգիտեին, որ ես գրում եմ կամ նրա երկրպագուն եմ, երբ պարզապես ինչ-որ բան էի պատմում իմ կյանքից՝ միանգամից արձագանքը լինում էր՝ «Ինչպես Եսենինը»։ Մի պահ հասկացա, որ դա սկսում է շատ խանգարել ինձ։ «ՆեԵսենին»-ը ժխտում չէ, այլ հեռացում այդ կերպարից։ Փորձ ասելու՝ այո՛, դա եղել է իմ կողքին, բայց դա ես էի, ոչ թե Եսենինը։ Եվ գուցե սա նաեւ հրաժեշտ է այդ կերպարին։ Այս դեպքում նա իմ ստվերն էր։
— Որքանո՞վ է այս ներկայացումն անձնական․ դրա մեջ Դո՞ւք եք՝ առանց դիմակների։
— Այն առավելագույնս անձնական է՝ մաշկիս տակ, արյանս մեջ։ Սահմանը բեմի ու կյանքի միջեւ պարզապես վերացել է։ Այնքան անձնական էր, որքան ընդհանրապես կարելի է քեզ թույլ տալ։ Բեմը միշտ ֆորմա է, միշտ՝ հեռավորություն, բայց այս դեպքում այն նվազագույնն էր։ Ով տեսել է՝ կհասկանա։ Այստեղ չկա դերի հետեւում թաքնվելու ցանկություն։ Ավելի շուտ հակառակը՝ լինել առավելագույնս բաց, նույնիսկ եթե դա միշտ չէ, որ հարմար է հանդիսատեսին։ Այո՛, սա ես եմ՝ առանց սովորական պաշտպանությունների:
«ԵՍ ՉԷԻ ԽԱՂՈՒՄ… ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԷԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅԴ ՓՈՔՐ ԲԵՄՈՒՄ»
— Դուք միաժամանակ դերասան եւ դրամատուրգ եք․ այս աշխատանքում ի՞նչն էր առաջինը ծնվում՝ տե՞քստը, թե՞ բեմական զգացողությունը:
— Ինձ համար առաջնայինը զգալն է։ Սկզբում միշտ հայտնվում է մարդը՝ կերպարը, ոչ թե կերպարային պատկերն ընդհանրապես։ Նրա աշխարհընկալումը, ներքին ցավը, ռիթմը։ Եվ միայն հետո դրանից ծնվում է բառը, նրա շուրջ տարածությունը՝ միմիկան, տեմբրը, շարժումները։ Տեքստը հետեւանք է։ Կենտրոնում միշտ պետք է լինի մարդը։ Դրա համար ես շատ եմ սիրում Չեխովին. նա սկսում է մարդուց, նրա փիլիսոփայությունից, եւ հետո միայն մոտենում ֆորմային։ Ինձ համար կարեւոր է ոչ թե գրել, այլ նախ զգալ։ Սա վերաբերում է ոչ միայն «ՆեԵսենին»-ին, այլ ընդհանրապես ինձ՝ որպես դրամատուրգ եւ սցենարիստ։
— Փոխվե՞լ է Ձեր դերասանական էներգիան դադարից հետո՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ նախկինում էիք բեմում։
— Այս ներկայացման մեջ՝ այո՛։ Ավելի վաղ ավելի շատ արտաքին էներգիա կար։ Ռեժիսորները որքան էլ ասեն՝ «մի խաղա հանդիսատեսի համար», ֆորմայով ամեն ինչ կառուցվում է հենց հանդիսատեսի համար՝ միզանսցեններ, ամեն-ամեն ինչ։ Պետք է գրավել ուշադրությունը, ապացուցել, լսելի լինել։ Այստեղ դա այդ մասին չէր։ Առաջացավ լռություն, ճշգրտություն, խնայողություն։ Ես չէի խաղում։ Կինոյում ասում են՝ բեմում խաղում են, իսկ տեսախցիկի առաջ՝ գոյություն ունենում։ Այս անգամ ես գոյություն էի ունենում այդ փոքր բեմում։ Եվ որքան էլ զարմանալի է՝ դա ավելի ուժեղ ազդեցություն տվեց։
«ԵՐԲԵՄՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
— Ինչպե՞ս արձագանքեց հանդիսատեսը առաջնախաղին, զգացե՞լ եք երկխոսությունը։
— Շատ հետաքրքիր էր։ Նույնիսկ ամենամոտ մարդկանց հետ, որոնք տեսել էին ինձ բեմում, դա երկխոսություն չէր, այլ մենախոսություն, որտեղ նրանք լսեցին եւ ամփոփվեցին իրենց մեջ։ Մեկ-երկու օր անց շատերը սկսեցին գրել, զանգահարել՝ արդեն մարսած այն, ինչ տեսել էին։ Երկխոսությունը սկսվեց միայն հետո։ Երբեմն ամենաուժեղ երկխոսությունը դահլիճի լռությունն է, երբ հասկանում ես, որ մարդիկ չեն շեղվում, այլ ընկղմվում են իրենց մտքերի մեջ։ Դա հրաշալի է։ Այս անգամ հենց այդպիսի լռություն էր՝ նույնիսկ ծափահարությունների ներքո։ Դա շատ անկեղծ էր։
— Շատերը մինչ օրս վախենում են Եսենինի կերպարից՝ նրա ծուռ լինելուց, ծայրահեղություններից, ներքին մթությունից։ Իսկ Ձեզ համար «ՆեԵսենին»-ում նա վտա՞նգ է, գայթակղությո՞ւն, թե՞ հնարավորություն՝ անկեղծ խոսելու այն մասին, որի վերաբերյալ սովորաբար լռում են։
— Ես Եսենինից չեմ վախենում։ Ավելի շուտ վախենում եմ նրանից, որ ինձ մշտապես նրա հետ են համեմատում։ Նա իմ ընկերն է։ Ես քնել եմ նրա շիրիմի մոտ։ Տարիներ շարունակ նրա հետ խոսել եմ մտքումս։ Եվ դա բերեց նրան, որ նա դարձավ իմ ստվերը։ Պարզապես չեմ ուզում, որ այն ամենն, ինչ ես անում եմ, ընկալվի նրա միջոցով։ Այդ պատճառով անցնում եմ խուլիգանության ավելի հասուն մակարդակի։ Չեմ ուզում, որ դա ստեղծի տպավորություն, թե ես իրավունք չունեմ իմ սեփական ձայնի։ «ՆեԵսենին»-ը փորձ է վերադարձնելու իմ ձայնը։ Այս ներկայացման մեջ բեմում ավելի շատ ես եմ, քան Եսենինը։ Պարզապես հանդիսատեսին երբեմն ավելի հեշտ է ճանաչել ծանոթը, քան տեսնել նորը։ Բայց նրանք, ովքեր իսկապես ուշադիր նայել են, զգացել են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

