Ոչ թե ուղերձ, այլ հրապարակային ուրացում, այն էլ` ապրիլի 24-ին
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ իր հիմքում մեկ հիմնական իմաստ ուներ` ուրացում:
Նախ, ընդամենը խոսքի սկզբում կեսբերան «1915 թվականի Հայոց ցեղասպանութուն» տերմինն օգտագործելով, Նիկոլն անմիջապես էլ ուղղում է իրեն` ողջ խոսքը շարունակելով «Մեծ Եղեռն» արտահայտությունով: Մոտավորապես այնպես, ինչպես սովորաբար վարվում են ԱՄՆ նախագահները, երբ չեն ցանկանում Թուրքիային նեղացնել «Ցեղասպանություն» եզրույթով եւ տրամաբանությամբ:
Ապա, երկար-բարակ «փիլիսոփայելով», հասնում է իր հայտնի ծեծված մտքին. «Մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»։
Թե ինչու է այդ միտքը կործանարար եւ կեղծ, շատ է խոսվել եւ կխոսվի, այս անգամ չկրկնենք: Մեկ բան միայն այս դեպքում հաստատ է` Էրդողանին շատ դուր կգա, որ Հայաստանն ունի նման ղեկավար, ով նման «ուղերձներ» է հնչեցնում:
Մնացած մտքերը, որ եթե այսպես առաջ չգնանք, կկործանվենք, սովորական մանիպուլյացիա է: Հայաստանն այս պահին կործանման ուղու վրա է ոչ թե այն բանի համար, որ 111 տարի այս օրը հիշում է Ցեղասպանության եւ պահանջատիրության մասին, այլ, որ մեր երկրում Նիկոլ ու նիկոլիզմ կա, որը հետեւողականորեն ոչնչացնում է մեր պետականությունն ու պետությունը:

