Հայաստանում ՄԻՊ-ը միֆի նման մի բան է դարձել չգիտենք՝ կա՞, թե՞ չկա. բաց նամակ Ռուբեն Վարդանյանին՝ հայաստանյան բանտից
ՆերքաղաքականԱրմավիրի ՔԿՀ-ում բանտված ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ բաց նամակ է գրել ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին:
Չնայած նրան, որ ես գտնվում եմ հայկական բանտում, կարող եմ ասել, որ իմ կարգավիճակն ինչ-որ չափով նման է ռազմագերու կարգավիճակի։
Մի քանի օր առաջ լուրերով ասացին, որ Բաքվի բանտում Ձեզ այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը։
Ասեմ քեզ, հարգելի Ռուբեն, որ արդեն 2 տարի է ինչ բանտում եմ կեղծ, ապօրինի և ուղղորդված դատավճռի հիման վրա, բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետքն անգամ չեմ տեսել։ Քո ուղերձը լսելիս հիշեցի հին հայկական ասացվածքը. «Մի տանից չենք, բայց մի հալի ենք»։
Հավատա, որ արդեն շուրջ մեկ տարուց ավելի է, ինչ առողջական խնդիրներ ունենալով, կենաց ու մահու պայքար եմ մղում հայկական բանտում` չմեռնելու համար։ Միգուցե քեզ մոտ ստացվի՞ տեսնել կամ տեղեկություն ստանալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից։ Հայաստանում `մեզ մոտ, մարդու իրավունքների պաշտպանը միֆի նման մի բան է դարձել չգիտենք՝ կա, թե՞ չկա։ Ասեմ ավելին՝ երևի շուտով Հայաստանում արդարության կույր արձանի կողքին կտեղադրվի մարդու իրավունքների պաշտպանի կույր, խուլ ու համր արձանը։
Ինչևէ, անկախ այս իրավիճակից հույս ունեմ, որ մի օր արդարությունը կհաղթի, իսկ ձեզ` բոլոր մեր ռազմագերիներին, առողջություն, համբերություն և ազատություն եմ մաղթում։ Հույս ունեմ, որ կգա օրը, երբ վերջ կդրվի հայի հանդեպ հալածանքներին՝ լինի դա Հայաստանում, թե մեկ այլ երկրում։
Աստված պահապան», - գրել է Արթուր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը գտնվում է անազատության մեջ `առողջական բավականին ծանր վիճակում, նա զրկված է համապատասխան բուժօգնությունից, որը հնարավոր է իրականացնել հիվանդանոցային պայմաններում` համապատասխան մասնագետների հսկողության ներքո, սակայն բոլոր պատասխանատու անձանց և կառույցների կողմից որևէ նախաձեռնություն և գործողություն չի կատարվել մինչ օրս, բացի արձանագրելուց, որ կա լուրջ խնդիր, սակայն խնդրին լուծում տվող չկա...

