Լիլիանա Ափրոյան. «Անկոտրում արմատներ» հայկական ավանդույթները առաջին անգամ ներկայացվեցին Մոսկվայի նորաձևության շաբաթում
ՄշակութայինՄարտի 14-ից 19-ը ցուցադրությունների «Մանեժ» կենտրոնական դահլիճում նորաձևության սիրահարներն ու գնահատողները դիտեցին ռուս և միջազգային դիզայներների ցուցադրությունները, ծանոթացան նորաձևության տների նորույթներին, լսեցին փորձագետների դասախոսություններ, զննեցին նորաձևության նորույթները ցուցասրահներում և հնարավորություն ունեցան այցելելու կարճամետրաժ ֆիլմերի “World Fashion Shorts” փառատոն: Սա արդեն վեցերորդ Մոսկվայի նորաձևության շաբաթն է. այն հայտնի է նույնիսկ այնպիսի կինոաստղերի, ինչպիսին է Օռնելլա Մուտին: Օրինակ՝ 2024 թվականի մարտին նա նստած էր առաջին շարքում և դիտում էր իր դստեր՝ դերասանուհի Նայկե Ռիվելիի նորաձևության ցուցադրությունը: Այս տարի միջոցառման կազմակերպիչները չշեղվեցին հիմնական սկզբնական ուղղվածությունից և կրկին հնարավորություն տվեցին երիտասարդ դիզայներներին, որոնք առանձնանում են իրենց ճաշակով, ոճով ու ինքնատիպությամբ: Շատ դիզայներներ էին առաջին անգամ հանդես գալիս (դեբյուտ), զարմացրեց նաև բանվորական համազգեստի արդյունաբերական ցուցադրությունը։ Ասում են՝ դա այս առումով աշխարհում առաջին ցուցադրությունն է:
–«Նոյև կովչեգ»-ի ուշադրությունը գրավեց ձեռքի պայուսակների նորաստեղծ, բայց արագ զարգացող հայկական ապրանքանիշը (բրենդ)՝ “Sovushka's Bag”-ը, որի հիմնադիրը երիտասարդ, խոստումնալից Լիլիանա Ափրոյանն է։ Նա բացեց ցուցադրությունը իր գեղեցիկ կենդանի երգեցողությամբ: Նկատենք, որ շքահարթակ էին բարձրացել ոչ պրոֆեսիոնալ մոդելներ. 15 աղջիկ և 3 աներևակայելի խարիզմատիկ տղաներ պարզապես վարպետորեն շարքով անցան։ Ցուցադրությունն անցավ լեցուն սրահում՝ բուռն ծափահարություններով և «բրավո» բացականչություններով: Ցուցադրության ավարտից հետո տաղանդավոր ու աշխատասեր Լիլիանան իր տպավորություններն արտահայտեց անցած ցուցադրության, Մոսկվայի նորաձևության շաբաթում իր ապրանքանիշի դեբյուտի և այն մանրակրկիտ, բայց ստեղծագործական ոչ ավանդական աշխատանքի (handmade – ձեռքի աշխատանք) վերաբերյալ, որը ներառում էր ոչ միայն հին գորգերից յուրօրինակ պայուսակների պատրաստումը, այլև ցուցադրության համար այդքան կարճ ժամանակամիջոցում (20 օր) շքեղ հագուստի շարքի նախապատրաստումը՝ «ամեն նոր բան լավ մոռացված հինն է» ոճով: Քանի որ աշխատանքում որպես հիմնական նյութ օգտագործում է ձեռագործ հին գորգը վերնազգեստ, թիկնոցներ, վրադիր գրպաններ և այլ բաներ կարելիս, Լիլիանան իր առաջին ցուցադրությունը վերնագրել է «Անկոտրում արմատներ» և նվիրել հայկական ավանդույթներին: Ի դեպ, շքահարթակում առաջին անգամ ցուցադրվել է հին գորգից պատրաստված ձեռագործ վերարկու:
– Լիլիա՛նա, պատմիր քո և քո արմատների մասին։
– Ես 25 տարեկան եմ։ Իմ արմատները Հայաստանից են՝ Գավառ լեռնային քաղաքից։ Այնտեղ են ծնվել իմ ծնողները, տատերս ու պապերս, իսկ ես ծնվել եմ Նովոսիբիրսկում։ Այնուամենայնիվ, ամեն տարի մի քանի անգամ գնում եմ Գավառ։ Մանկության տարիներին մենք բոլոր արձակուրդներն անցկացնում էինք միայն այնտեղ, և ես իմ հայրենի տունը համարում եմ տատերիս ու պապերիս տունը Գավառում։
– Ինչի՞ հետ է կապված նման ռետրո ստեղծագործական աշխատանքի նկատմամբ այս հետաքրքրությունը։ Ե՞րբ և ինչի՞ց է այս ամենը սկսվել։
– Եթե անկեղծ ասեմ, իրականում ես երբեք չեմ մտածել որևէ ապրանքանիշ ստեղծելու մասին։ Ես չեմ մտածել դրա մասին, քանի որ մանկուց երաժշտությամբ եմ զբաղվել, և դեռ այն ժամանակ որոշել էի, որ հենց երաժշտությամբ եմ զբաղվելու։ Այդ ժամանակվանից ի վեր իրականում ոչինչ չի փոխվել, բայց… Իմ տատիկը շատ ժամանակակից մարդ է. սիրում է փորձարկումներ անել։ Նրա տանը շատ հին գորգեր կան, և երբ տունը վերանորոգվում էր, նա չէր ուզում դրանք դեն նետել, այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց։ Ես այն ժամանակ աշխատում էի հասարակայնության հետ կապերի (փիար) ոլորտում և նկատեցի, որ ամեն ինչի մեջ միտում կա դեպի հինը, հատկապես՝ դեպի գորգերը, վինտաժները, նախշերը, մոտիվները… Ես մտածեցի, որ շատերը կրկնում են գորգերի մոտիվները, բայց, չգիտես ինչու, գորգից ոչինչ չեն պատրաստում, և կատակի համար պարզապես առաջարկեցի տատիկիս, որ նա փորձի ինչ-որ բան պատրաստել գորգից։ Գուցե զգեստ, գուցե էլի ինչ-որ այլ բան. ինչու՞ չփորձել։ Նույնիսկ չէի մտածում, թե ինչ դուրս կգա դրանից։ Դա ինձ համար փորձարկում էր։ Իսկ տատիկս, չլինելով պահպանողական, միշտ աջակցում է իմ ցանկացած գաղափարին։ Նա այն մարդկանցից չէ, որ ասում են. «Ո՛չ, ես արգելում եմ քեզ դրանց ձեռք տալ»։ Եվ տատիկիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվեց գնումների հսկայական պայուսակ, որը մոդայիկ դարձավ ինտերնետում, և Նաստյա Իվլեևայի շնորհիվ բոլորը իմացան մեր մասին, քանի որ նա առաջինն էր, որ ձեռք բերեց և կրեց այդ պայուսակը։
– Վայ՜, ինչ տատիկ է։ Առանց ափսոսանքի գորգը վերածել է պայուսակի։
– Հոգու խորքում, այնուամենայնիվ, նա ափսոսում էր գորգը կտրտելու համար, այդ պատճառով էլ նա կարեց գնումների այդ հսկայական պայուսակները։ Երբ ես ժամանեցի Երևան և տեսա դա, ինձ համար տարօրինակ էր, քանի որ իմ սպասելիքը չէր համապատասխանում իրականությանը։ Ինձ թվում էր, թե ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան չի սազում։ Եվ առաջարկեցի ժամանակավորապես հետաձգել այդ գաղափարի իրականացումը։ Գլխավորն այն էր, որ փորձեցինք։ Բայց տատիկս առարկեց՝ ասելով, որ ես ոչինչ չեմ հասկանում. հիմա մոդայիկ են հսկայական իրերը։ Մի խոսքով, նա ինձ համոզեց։ Ես այդ պայուսակները բերեցի Մոսկվա, նկարահանեցի դրանք, և հետո, երբ տեսանյութը տարածվեց սոցիալական ցանցերում, մենք հայտնի դարձանք։ Տեսանյութը տարածվեց, և Telegram-ի որոշ ալիքներ սկսեցին խոսել դրա մասին, այդպես այն հասավ Քսենիա Սոբչակին, և «սարաֆանային ռադիոյի» արդյունավետության շնորհիվ պարզապես թռցրին դրանք։
– Որտեղի՞ց ծագեց ապրանքանիշի անվանումը։ Ինչո՞ւ հենց “Sovushka’s”։
– “Певчая Совушка”-ն (երգող բու) իմ բեմական կեղծանունն է (ժպտում է)։ Իրականում դա իմ մականունն է, որը ես հորինել եմ 12 տարեկանում, երբ սոցիալական ցանցերում էջ բացեցի։ Ես մտածեցի, որ «սովուշկա»-ն շատ սիրուն է, հատկապես որ ես սիրում էի այս գիշատիչ փետրավորների արձանիկները։ Եվ քանի որ ես շատ եմ սիրում երաժշտություն, այդ մականվան տակ սկզբում իմ երաժշտական հաշիվն (էջն) էր, և երբ հայտնվեցին պայուսակները, ավելացրի “Bag” (պայուսակ) բառը։ Դա դարձավ իմ բնութագրիչը։ Ի դեպ, երբ ես 18 տարեկան էի, ելույթ ունեցա Ֆիլիպ Կիրկորովի հետ, որից հետո նա ասաց, որ սոցիալական ցանցերում հիշել է ինձ իմ «Սովուշկա» մականունով։ Ափսոս, որ Ֆիլիպ Պետրոսովիչը զբաղված էր և չկարողացավ գալ իմ ցուցադրությանը. նա միշտ աջակցում է իմ ստեղծագործությանը։
– Այսօր հայկական “Sovushka,s Bag” ապրանքանիշը ներկայացված է նորաձևության շաբաթում։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս անցավ ցուցադրությունը։ Ի՞նչ զգացումներ եք ապրում։
– Առայժմ շատ մեծ պատասխանատվություն, կարծես ներկայացնում ես նույնիսկ ոչ այնքան քեզ ու քո ապրանքանիշը, որքան քո երկիրը։ Չէ՞ որ մենք հրավիրված ապրանքանիշ էինք Հայաստանից, և շատ օտարերկրյա լրագրողներ եկան մեր ցուցադրությանը՝ որպես «Հայաստանից հյուրերի»։ Իհարկե, մենք ներկայացնում էինք մեր երկիրը, և ես շատ էի հուզվում։ Ցուցադրությունից առաջ այնպիսի զգացողություն ունեի, որ կարծես պատրաստվում էինք Եվրատեսիլին, քանի որ դժվար է պատրաստվելը, երբ քո արտադրանքը Երևանում է։ Քանի որ ես կատարելության ձգտող եմ (պերֆեկցիոնիստ), միշտ մտածելու եմ, որ կարող էր ավելի լավը լինել։ Բայց մյուս կողմից, ցուցադրությունից 20 օր առաջ հասցնել ամեն ինչ պատրաստել և տեղափոխել Երևանից Մոսկվա, դրան գումարած մոդելների հետ փորձերը և այլն... Հաշվի առնելով, որ սա մեր առաջին մասնակցությունն էր այս մակարդակի և այս ծավալի միջոցառմանը, ստիպված էինք քրտնաջան աշխատել նաև երաժշտական կոմպոզիցիայի ընտրության վրա։ Հարկավոր էր ընտրել իսկական, ազգային երանգ ունեցող և ցուցադրությանը համապատասխան երաժշտություն։ Ես դեռ հուզված եմ և հաճելիորեն զարմացած՝ որքան բուռն ծափահարություններ, գովասանք, հիացմունք հանդիսատեսի կողմից։ Հիմա ես հպարտություն եմ զգում, որ մենք արժանապատվորեն ներկայացրինք մեր երկիրը, բայց դրանից առաջ շատ էինք հուզվում, նույնիսկ վախենում։ Այդպիսի խառը զգացմունքներ կային։ Բայց ես հավատում էի, որ կարող ենք գլուխ բերել։
– Կանխազգո՞ւմ եք, որ նորաձևության շաբաթից հետո ապրանքանիշը կունենա հեռանկարներ և հետագա ցուցադրություններ, ապրանքների նոր նմուշօրինակների (մոդել) ցուցադրություններ։
– Կարծում եմ՝ այո՛։ Որովհետև, ինչպես արդեն ասացի, շատ օտարերկրյա հյուրեր կային։ Ի դեպ, մեր ապրանքանիշը, կարելի է ասել, շատ արագ է զարգացել։ Ես նույնիսկ պատրաստ չէի դրան։ Հաշվի առնելով, որ ես փորձ չունեմ, բիզնեսից չեմ հասկանում, այս ոլորտում կրթություն չունեմ, բայց շնորհիվ այն բանի, որ ստեղծագործող մարդ եմ և հաճախ ստեղծագործական գաղափարներ են ծնվում իմ մեջ, ամեն բան լավ է զարգանում։ Այստեղ գլխավորը ստեղծագործությունն է։ Եթե մեր կողքին լիներ նաև մեկը, որը պրոֆեսիոնալ կերպով գլուխ է հանում հենց բիզնեսից, թվերից, հաշվետվություններից, այսինքն՝ այն բաներից, որոնցից ես գլուխ չեմ հանում, կարծում եմ՝ կարող էինք հասնել բոլորովին այլ մակարդակի։ Չէ՞ որ ես նաև երգում եմ, իսկ երաժշտությունն այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել, ուստի շատ դժվար է ամեն ինչ համատեղել։ Այո՛, ես խորապես համոզված եմ, որ նորաձևության շաբաթը մեզ համար բացեց նոր հեռանկարներ ու հնարավորություններ. հնարավոր է, նույնիսկ հայտնվի մի մասնագետ, որը կցանկանա օգնել ինձ միասին զարգացնելու այս նախագիծը։ Մի խոսքով, անցնենք առաջ. կան շատ գաղափարներ։
– Ո՞ր թիրախային լսարանին է ուղղված “Sovushka,s Bag”-ի կուտյուրային (նորաձևության բարձրակետ, հիմնականում ձեռքի աշխատանքով ստեղծված) վարպետությունը։
– Մեր հաճախորդները այն մարդիկ են, որոնք գնահատում են մշակույթը: Ես փոքրիկ վերլուծություն կատարեցի և նկատեցի, որ ձեռագործ պայուսակ գնող հաճախորդները դա գնում են ոչ թե պարզապես որպես պայուսակ, որպես նորաձև իր, որպեսզի մոդայիկ լինեն, քանի դեռ այն արդիական է: Նրանց համար մեր պայուսակները պատմություն են և բնավորություն: Ինչ-որ մեկը դա գնում է որպես մի իր, որը հիշեցում է իրեն հայրենիքի ու մանկության մասին: Օրինակ՝ ԱՄՆ-ից մի աղջիկ, որն արդեն 15 տարի չի կարողանում վերադառնալ Հայաստան։ Երբ նա տեսավ մեր պայուսակներից մեկը, բացականչեց. «Հենց այդպիսի գորգ էր կախված իմ տատիկի տանը գյուղում»: Եվ նա գնեց այդ պայուսակը պարզապես որպես հաճելի հիշողություն, դա նրա համար պարզապես պայուսակ չէ, դա ավելին է, քան պայուսակը, չէ՞ որ մեր ամեն մի աշխատանք հարմարավետության և տան մթնոլորտ է: Ես միշտ ասում եմ, որ պայուսակները պարզապես պատկեր են, որոնց մեջ շատ խոր բովանդակութուն է թաքնված։ Նրանք, ովքեր գնում են դրանք, հետաքրքրվում են գորգի պատմությամբ՝ ձեռագործ է արդյոք, երբ է պատրաստվել, ինչ մոտիվներ և նախշեր ունի։ Ինձ համար՝ որպես ապրանքանիշի ստեղծողի, իսկապես շատ հաճելի է, որ կարողանում եմ փոխանցել դրա մեջ սկզբնապես դրված իմաստը։ Որովհետև, կրկին, ես նպատակ չունեի իմ գաղափարները առևտրայնացնելու կամ բիզնես դարձնելու։ Գաղափարն ավելի շատ այն փորձարկելն էր, իսկ երբ հաջողվեց, նպատակը դարձավ այս ոչ ստանդարտ կերպով մեր մշակույթի տարածելը։
– Դուք շատ նրբամիտ կերպով, ճշգրիտ եք ընտրել մոդելներին։ Ինչպե՞ս եք նրանց ընտրում և որտեղի՞ց եք նրանց գտնում, ասեք, խնդում եմ։
– Ամեն ինչ հանպատրաստից և ինքնաբերաբար է լինում։ Դա ընդհանրապես մեր ապրանքանիշի կարգախոսն է՝ ոչ մի բան պլանավորված չի լինում։ Սա ամբողջությամբ, հավանաբար, նաև իմ կարգախոսն է կյանքում, բայց իմ թեթևության ու դրական լինելու շնորհիվ ամեն ինչ հաջողվում է։ Մոդելներ փնտրելու համար ես երբեք չեմ դիմել գործակալությանը։ Մեր ստեղծագործական ուղու սկզբում մոդել էի միայն ես, հետագայում սկսեցինք ներգրավել ծանոթների, որոնց արտաքինը համապատասխանում էր ապրանքանիշին։ Օրինակ՝ Երևանում ես փողոցի անցման վրա տեսա հետաքրքիր արտաքինով մի աղջկա։ Պարզապես մոտեցա նրան և խնդրեցի նրա կոնտակտային տվյալները, որից հետո գրեցի նրան և պատմեցի մեր մասին՝ առաջարկելով նրան գալ նախագծի մրցութային ընտրության (քասթինգ), և նա ուրախությամբ եկավ։ Մի անգամ ես մի աղջկա հետ ծանոթացա սրճարանում։ Ահա ունենք մոդել՝ Դավիթը. ես նրան տեսա ռեստորանում, որտեղ էլ ծանոթացանք։ Այսինքն՝ ինձ ինչ-որ բան պետք է գրավի նրա արտաքինի մեջ, և ոչ մի բարդ բան չկա. ես պարզապես ծանոթանում եմ և հրավիրում նրան քասթինգի։ Այո՛, ես զգում եմ, թե ինչ մոդելներ են մեզ պետք, ով կարող է համապատասխանել, և դա ինձ լավ է հաջողվում։
– Ի՞նչ հետագա քայլեր եք պլանավորում ստեղծագործության մեջ, սպասվո՞ւմ են արդյոք նորարարական նախագծեր, օրինակ՝ այլ նյութերի օգտագործմամբ։
– Ընդհանուր առմամբ նորաձևության շաբաթում մենք բավական համարձակ հավաքածու ունեինք: Բացի գորգից, մենք նաև ջինսեր օգտագործեցինք որպես հիմք: Դա «Գարուն-ամառ» հավաքածուն է, որում շատ կան ջինսե պատկերներ, որոնք կարելի է կիրառել նաև առօրյա կյանքում: Բայց, իհարկե, կային նաև մի քանի գերանսովոր լուծումներ՝ նախատեսված հատուկ Մոսկվայի նորաձևության շաբաթվա համար: Ապագայում կցանկանայինք փորձարկումներ անել կաշվի հետ: Չնայած արդեն ունենք որոշ փորձնական նախագծեր, բայց կցանկանայի ավելի շատ զարգացնել այս ուղղությունը: Եվ, իհարկե, գնալով ավելի շատ ենք աշխատում նոր նմուշօրինակների հետ: Ընդհանուր առմամբ “Sovushka's Bag”-ը պայուսակների ապրանքանիշ է, բայց քանի որ պայուսակների ապրանքանիշները չեն մասնակցում նորաձևության շաբաթներին, մենք պատրաստեցինք ինչ-որ նոր բան, կարելի է ասել, հագուստների մի շարք: Ես ուզում էի մարտահրավեր նետել ինքս ինձ և կարել հագուստի լիարժեք հավաքածու: Ի դեպ, որոշ նմուշներ արդեն կարել էինք մոդելների համար նախքան դրանց շքահարթակ դուրս գալը: Մեզ համար դա շատ դժվար էր: Կտեսնենք, թե արդյոք ընդհանրապես պահանջարկ կա, և ինչպես կգնահատեն մարդիկ: Հնարավոր է, որ դրանք ներդնենք նաև արտադրության մեջ: Ընդհանրապես մենք արեցինք այն, ինչ կարող էինք, բայց, եթե անկեղծ ասեմ, ցուցադրությունից հետո արդեն նայում և վերլուծում եմ. ինչ-որ տեղ, ինչ-որ բան կարելի էր այլ կերպ անել, բայց սարսափելի բան չկա, կշտկենք Փարիզի նորաձևության շաբաթում (ժպտում է):
– Լիլիա՛նա, կյանքը տեղում չի մնում։ Իսկ ի՞նչ կասես անձնական կյանքիդ մասին։
– Ես շատ նպատակասլաց ու հավակնոտ մարդ եմ։ Իրականում, հավանաբար, բանը գորգերը չեն (ծիծաղում է), ես, բացի աշխատանքից, առայժմ ոչինչ չեմ տեսնում։ Եվ, եթե անկեղծ ասեմ, չեմ ուզում տեսնել։ Որովհետև տուն եմ գալիս միայն գիշերելու համար, իսկ մնացած ժամանակ վազում եմ գործերով։ Կարծում եմ, որ քչերը կհամակերպվեն սրա հետ։ Բացի այդ, ես այն մարդկանցից եմ, որոնք հազվադեպ են գնում զիջումների. չեմ հասկանում, ինչի է դա պետք։ Ես տեսնում եմ իմ ընկերներին, որոնք հարաբերություններ ունեն. նրանք անընդհատ ստիպված են լինում զիջել, ինչ-որ բան պարզաբանել, քննարկել (ժպտում է)։ Իսկ ես չեմ ուզում։ Ինձ դուր է գալիս անկախությունը. բոլոր որոշումները ինքս եմ կայացնում։ Ամեն դեպքում տվյալ պահին ապրում եմ իմ աշխատանքով, երաժշտությամբ, ինչի համար շատ ուրախ եմ և առայժմ պատրաստ չեմ փոխարինել որևէ այլ բանի հետ։
–«Նոյև կովչեգ»-ի անունից մաղթում եմ քեզ շատ մեծ հաջողություններ, ապրանքանիշի առաջխաղացում և քո բոլոր երազանքների իրականացում։
Նանա Ավետիսովա

