Ի՞նչ ասես, աշխարհ կանգնի իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՔաղաքական բառապաշարն այնքան ողբալի վիճակում է, որ արդեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ է սկսել խիստ դատապարտելի համարել Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը։ «Այն, որ «Ուժեղ Հայաստանից» ինչ-որ տասովշիկ իրեն ենթարկեցված ընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ», որեւէ կերպ չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի կողմից դա կրկնելը: Բոլոր ընտրողներն էլ մեր սիրելի հայրենակիցներն են։ Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն եւ ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն», - նկատում է Իոաննիսյանը։ Ինչ խոսք, կարելի է այստեղ նույնիսկ ապշել, թե որքան արդարացի է Իոաննիսյանը, բայց սա էլ կարճ տեւեց: Նա լրացում է կատարել իր գրառման մեջ եւ հավելել. «Փաշինյանը քիչ առաջ հստակեցրեց, որ ոչ թե ինքն է այդ ընտրողներին որակում որպես «շուն ու շանգյալ», այլ, քանի որ հայտնի տասովշիկը այդպես է որակել, ինքը կարծում է, որ այդ ուժերը իրենք իրենց ընտրողներին համարում են «շուն ու շանգյալ» եւ «բոշա», իսկ Հայաստանում այդքան մարդ չկա, որ կինքնաիդենտիֆիկացվի որպես «շուն ու շանգյալ» եւ «բոշա»։ Ի՞նչ ասես, աշխարհ կանգնի իջնող կա:
Իսկ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, եւս մեկ անգամ հայտնվել է անհարմար իրավիճակում: Կրկին պարզվում է, որ նրանք բոլորովին էլ բոլորին դեմ չեն: Քաղակտիվիստ Հայկ Աթոյանը սոցցանցում հրապարակել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակից ՄԵԼԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ լուսանկարները, որտեղ երեւում է, որ վերջինս մասնակցում է «Վարչաբենդի» համերգին եւ ջերմ ֆոտոշարք է արել ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Այսուհետ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կանվանափոխվի՝ «Վարչաբենդի բեմ եմ» կուսակցության: Նիկո՛լ, էլի ստի վրա բռնվեցիք, վե՞րջ, թե՞ նոր բան եք մտածելու...», - գրել է Աթոյանը:
Ոչ պակաս զարմանալի է Երեւանի Ներքին Չարբախ թաղամասում ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ, հայտնի մարզիկի շողոքորթությունը Փաշինյանին։ «Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ… Պարոն վարչապետ ձեզ բոլորը սիրում են, որովհետեւ դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»,–ասել Է Աբրահամը: Անդրադառնալով լայն արձագանք գտած այս հայտարարությանը՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ընդգծում է. «Ինչո՞ւ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը ՀՀ վարչապետի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսեւորում։ Աբրահամը երբեք Հայաստանի դրոշի ներքո որեւէ Եվրոպայի, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր չի հաղթել, մեդալակիր չի դարձել, իմ հիշելով՝ որոշ ժամանակ ՀՀ բռնցքամարտի հավաքականի կազմում եղել է, սակայն երեւելի հաջողություն չի ունեցել, գերազանցապես պարտվել է։ Նա այլ երկրի պրոֆեսիոնալ, կոմերցիոն ռինգում է իր հաջողությունները գրանցել, փող է աշխատել, որը բոլորովին այլ բան է, ինչ խոսք՝ նաեւ հային ճանաչում է բերել։ Իսկ հիմա ապիկար իշխանության ձեռքով, նրա անունով մարզահամալիրի կառուցմամբ նա հավասարեցվում է Ալբերտ Ազարյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Ալեքսանյանին եւ հայրենիքի դրոշը Օլիմպիական, աշխարհի հարթակներում վեր ծածանած, ՀՀ հիմնի ներքո բոլոր ազգերին ոտքի հանած մեր լեգենդար մարզիկներին։ Աբրահամն, իհարկե, կարող է «գլուխը կորցնել» դրանից»։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»

